Լրահոս
Օրվա լրահոսը

Լիբերալների նամակը Ազնավուրին

Ապրիլ 21,2004 00:00

Լիբերալների նամակը Ազնավուրին Երեկ երիտասարդ լիբերալների ակումբի՝ «Երիտասարդություն եւ քաղաքականություն» թեմայով քննարկումը փաստորեն ձախողվեց, քանի որ երիտասարդների քանակը բավարար չէր։ Հրավիրված էին ՀԺԿ-ի եւ «Հանրապետություն» կուսակցության երիտասարդական թեւի ներկայացուցիչները եւ շուրջ 30 երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ակումբի անդամ Արմեն Խաչատրյանին մեծ զարմանք էր պատճառել այն, որ բացակայում էին հենց ընդդիմության ներկայացուցիչները, որոնց 30 րոպե առաջ հիշեցրել էր հանդիպման մասին։ Նա նշեց, որ իրենց անդամները միշտ ակտիվ են եղել, եւ երբեք նման դեպքեր չեն եղել։ Լիբերալները տեղեկանալով, որ Ռոբերտ Քոչարյանը Ազնավուրի 80-ամյակի առիթով մեկնելու է Փարիզ, բաց նամակ են հղել Ազնավուրին, որում ասվում է. «Մեծարգո Վարպետ։ Շնորհավորում ենք Ձեզ ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ, ցանկանում ամենայն բարիք, երջանկություն, ստեղծագործական նոր թռիչքներ ու հաջողություններ, եւ դրանք նաեւ մերը համարելու համարձակությունն ունենք։ Զերծ մնալով Ռոբերտ Քոչարյանի կողմից ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելու հիմքերին առնչվող իրավական եւ քաղաքական գնահատականներից՝ մենք համոզված ենք, որ նա պատասխանատվություն է կրում այս տարվա ապրիլի 13-ին Երեւանում խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունների, ինչպես նաեւ՝ 2001 թ. «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած սպանության համար։ Ուստի, տեղեկանալով, որ Քոչարյանը ներկա է լինելու Փարիզում Ձեր հոբելյանական համերգին, մեր պարտքն ենք համարում հայտնելու, որ այդպիսի մեղքերի տակ ծանրացած մարդը իրավունք չունի ներկայացնել Հայաստանը։ Մենք մերժում ենք մարդկային իրավունքների ցանկացած սահմանափակում եւ բռնություն։ Երիտասարդությունն իրեն զգում է Հայաստան երկրի իրական տերը եւ չի կարող լինել անտարբեր իր ներկայի ու ապագայի հանդեպ։ Ոչ ոք իրավունք չունի մեզ ժառանգված երկիրը արատավորել։ Այս կերպ են մտածում ու գործում բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը, մաեստրո Օհան Դուրյանը եւ մյուս մեծ մտավորականները։ Մեր ուղերձն ընդունեք որպես Ձեզ հարգող հայ երիտասարդության սրտի խոսք՝ ուղղված հայ մեծ արվեստագետին ու բարերարին»։ Հ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել