Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսային կայունություն

Ապրիլ 21,2004 00:00

Մաքսային կայունություն Մաքսային պետական կոմիտեի պետ Արմեն Ավետիսյանն իր երեկվա ասուլիսում հայտարարեց, որ վերջին քաղաքական դեպքերը ազդեցություն չեն ունեցել իր ղեկավարած գերատեսչության աշխատանքի վրա: Նա թվեր նշեց, որոնք վկայում են մաքսավորների կողմից պյանի գերակատարման մասին: Ընդհանրապես տրամաբանական է, փորձն էլ ցույց է տվել, որ այդպիսի իրադարձությունները բացասաբար են ազդում տնտեսական գործընթացների վրա, իսկ բյուջետային մուտքերի օղակը, որպես կանոն, ամենազգայունն է դրանց նկատմամբ: Սակայն ինչպես եւ հարկային համակարգում, այդ դեպքերը որեւէ բացասական ազդեցություն չունեցան: «Առավոտի» հարցին, թե դա ինչով է պայմանավորված, Արմեն Ավետիսյանը պատասխանեց. «Ես նշեցի, որ բավականին մեծ աճ ունենք, եւ պահպանվել են նախորդ տարվա աճի տեմպերը: Հիմնականում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողները տեղի գործարարներն են, որոնք արդեն 91 թվի գործարարներ չեն ու լավ տիրապետում են եւ ներքաղաքական իրավիճակին, եւ ընդհանրապես վիճակին: Նրանք գիտակցում են, որ այս վերջին քաղաքական իրադարձությունները լուրջ չեն եւ չեն դադարեցնում իրենց բիզնեսը»: Մեր դիտարկմանը, որ գործարարներն այդ մասին անգամ հայտարարություն էին արել, զգուշացնելով բիզնեսի վրա քաղաքական լարվածության բացասական հետեւանքների մասին, Մաքսային կոմիտեի պետը պատասախանեց. «Որքան ես ծանոթ եմ, նրանք հայտարարություն են արել, որ կայունությունը մնա, եւ կարողանան իրենց բիզնեսը նույն ձեւի շարունակեն, աշխատողները չկտրվեն գործից միտինգների համար»: Ավելի ուշ նա հստակեցրեց, որ սա իր ընկալումն ու ենթադրությունն է: Շարունակելով պատասխանել «Առավոտի» հարցին, Արմեն Ավետիսյանը նշեց, որ «մաքսային ծառայությունը ապաքաղաքականացված կառույց է, իսկ որպես քաղաքացի բացասական եմ վերաբերվում»: Նա համաձայն է կոալիցիայի անդամ կուսակցությունների գնահատականներին: Իսկ անձամբ իր դիտարկմամբ. «հանրահավաքներին անգամ մի ընտրական տեղամասի ժողովուրդ չի հավաքվում, ո՞նց կարելի է լուրջ ընդունել»: Պարոն Ավետիսյանը հավաստիացրեց, որ տնտեսական աճը շարունակվելու բոլոր նախադրյալներն այսօր կան, եւ որ ժողովուրդը դա կզգա: Մեր հարցին, թե այս լարված վիճակի շարունակվելու դեպքում տնտեսական կայունությունը որքան կդիմանա, Մաքսային կոմիտեի պետը պատասխանեց. «Ես չեմ գտնում, որ մենք լարվածություն ունենք»: Հետաքրքիր է. հանրապետության անխտիր բոլոր քաղաքական ուժերը այդ լարվածության վերաբերյալ մեկնաբանություններ են անում, կոալիցիոն բոլոր կուսակցությունները, կառավարությունը, վարչապետը, ԱԺ նախագահը երկխոսության կոչ են անում, հանրապետության նախագահը մեկնաբանում է վիճակը, հայտնում իր վճռականության մասին, բայց Արմեն Ավետիսյանը չի գտնում, որ վիճակը լարված է: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել