ՔՕ-Ն ԿՓՈՓՈԽՎԻ՞ «Ոչինչ չեմ կարող ասել, մամուլի համար հայտարարություն չունեմ»,- այսպես պատասխանեց Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի ՀՀ-ում ներկայացուցիչ Նատալյա Վուտովան մեր այն հարցին, թե ինչ խնդիրներ են քննարկել ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի հետ՝ ապրիլի 19-ին խորհրդարանում շուրջ 4,5 ժամանոց հանդիպման ժամանակ: Փոխարենը պրն Թորոսյանը հայտնեց որոշ մանրամասներ. «Այդ աշխատանքային հանդիպմանը մասնակցել է ոչ միայն տիկին Վուտովան, այլ 3 փորձագետ Եվրոպայի խորհրդից, Հայաստանի արդարադատության նախարարը եւ 3 փորձագետ Երեւանից: Խորհրդակցությունը նախատեսված էր վաղուց, եւ կապված էր «Քրեական օրենսգրքի» վերաբերյալ ԵԽ փորձագետների հարցադրումների հետ»: Հայտնի է, որ նրանք առարկություններ ունեն «Քրեական օրենսգրքով» զրպարտության եւ վիրավորանքի համար սահմանվող պատժատեսակների ու նաեւ առանց վաղաժամկետ պայմանական ազատման իրավունքի ցմահ ազատազրկման վերաբերյալ: Մեր հարցին, թե սրանցից ո՞ր հարցն է դարձել քննարկման նյութ, Տիգրան Թորոսյանը պատասխանեց՝ երկուսն էլ: Հայաստանի օրենսդիր մարմնի ներկայացուցիչները մշտապես դեմ են արտահայտվել զրպարտության եւ վիրավորանքի ապաքրեականացմանը, եւ գոնե այդ հանցանքների համար ազատազրկման վերացմանը: Մեր հարցին, թե այս անգամ է՞լ են պնդել նույն դիրքորոշումը՝ ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Կարծում եմ, այստեղ թյուրիմացություն կա. երբե՛ք հարցադրում չի եղել այդ հոդվածներն ընդհանրապես «Քրեական օրենսգրքից» դուրս բերելու մասին, քանի որ ԵԽ անդամների շարքում գրեթե չկա մի երկիր, որը նման հոդվածներ չունենա իր «ՔՕ»-ում: Խնդիրն այլ է, թե որքանով են այդ հոդվածները համապատասխանում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիային եւ ԵԽ չափանիշներին: Քննարկումն ընթացել է այդ ուղղությամբ: Մենք սպասում ենք, որ առաջիկայում նրանք կներկայացնեն իրենց վերջնական տեսակետները եւ եզրակացությունը ստանալուց հետո արդեն կճշտենք հետագա քայլերը»: Ա. Ի.Հ. Գ. Հիշեցնենք, որ ԵԽ փորձագետների առարկություններին արժանացած ՔՕ 318 հոդվածով՝ «Իշխանության ներկայացուցչին վիրավորելը», այժմ մեղադրվում են ընդդիմադիր մի շարք գործիչներ: