Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ազգի փրկության գործընթացը մեկնարկեց

Ապրիլ 21,2004 00:00

Իսկ
միջին խավը զբաղվեց միջին բիզնեսով
Երեկ «Ազգի փրկություն» կուսակցության նախագահ Սարգիս Կարապետյանը հրավիրել էր մամլո ասուլիս, որի ժամանակ չցանկացավ պատասխանել կուսակցության ծրագրերի, անդամների ինքնությանը վերաբերող հարցերին՝ պատճառաբանելով, որ իմաստուններին ոչ թե հարցնում են, այլ՝ ընդունում եւ հետեւում։ Նա նշեց. «Մենք չենք ասելու ոչինչ, բայց անելու ենք ամեն ինչ»։ Ըստ Ս. Կարապետյանի, «Ազգի փրկությունը» կառուցելու է արդար, հզոր, հարուստ Հայաստան, իսկ հայ ժողովրդին այս ծանր վիճակին հասցրած ե՛ւ ներկա, ե՛ւ նախկին իշխանությունները պատասխան են տալու։ Ու այս պատասխանից լրագրողները հետեւություն արեցին, որ այս կուսակցությունը ընդդիմադիր է։ Ս. Կարապետյանը մերժելով դա, նշեց. «Հայ ժողովրդին ընդդիմադիր են եւ ընդդիմությունը, եւ իշխանությունը»։ Նա պատմեց, որ ՀՅԴ-ի անդամ է եղել եւ 2001-ին հեռացվել է կուսակցությունից՝ իշխանությունների դեմ Հայաստանի մարզերում հանրահավաքներ կազմակերպելու համար։ Սարգիս Կարապետյանը այն եզակի գործիչներից է, որը որեւիցե պաշտոնի չի հավակնում, այլ պարզապես ցանկանում է, որ ժողովուրդը ապրի ապահով եւ բարեկեցիկ կյանքով։

«Ազգի փրկությունը» ոչ մի կուսակցության հետ չի համագործակցում, իսկ Ս. Կարապետյանն էլ մեր քաղաքական գործիչներից ոչ մեկի աշխատանքը չի հավանում՝ ոչ «հորինած պատանու», ոչ նրա «անթրաշ փոխնախագահների», ոչ էլ «ազգի պատիժ, դժբախտություն» վարչապետի։

ՀԺԱՄ-ի շրջանակներում միջին խավ ձեւավորելու հույսները կորցրած ՀԺԱՄ նախկին փոխնախագահներ Գագիկ Հովհաննիսյանը, Սպարտակ Մելիքյանը, նախագահության անդամ Հրայր Հակոբյանը՝ «Արժանի տեղ փոքր ու միջին բիզնեսին» կարգախոսով նախաձեռնել էին նոր քաղաքական ուժի ստեղծումը։ Այդ համատեքստում երեկ տեղի ունեցավ «Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցության (ԺԱԿ) հիմնադիր համագումարը։ Նախաձեռնող խմբի ղեկավար Սպարտակ Մելիքյանը, որն էլ կղեկավարի կուսակցությունը, ելույթ ունեցավ հավուր պատշաճի՝ չափավոր քննադատություն իշխանություններին, մի փոքր ավելի՝ ըստ Մելիքյանի, ծայրահեղական եւ անծրագիր ընդդիմությանը, վճռական քայլերի սպասումներ նախագահից՝ երկիրն իրավիճակից հանելու, ժողովրդի հավատը վերականգնելու ակնկալիքով։

Լ. ՕՀԱՆՅԱՆ Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել