Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿՈԱԼԻՑԻԱՆ ՁԱԽՈՂԵՑ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլ 21,2004 00:00

Խախտելով նախնական պայմանավորվածությունները

Երեկ «Մետրո» թատրոնի դահլիճում տեղի ունեցավ Մտավորականների ֆորումի հերթական հավաքը։ Ֆորումի ղեկավար մարմնի՝ ավագանու անդամները էպիկական համեմատականներով սուր քննադատության ենթարկեցին իշխանություններին։ Իսկ 12-ի լույս 13-ի գիշերը տեղի ունեցածը որակեցին «Սեւ Զատիկ», «արյունոտ Զատիկ»։ Ապա արձանագրեցին, որ կատարվածն իշխանությունների ճակատին գրված խարան է, որը երբեք չի ջնջվի։ Մտավորականների ֆորումի հետ սերտորեն կապված «Հայրենիք ու պատիվ» կուսակցությունը երեկ իր հայտարարությամբ դատապարտելով 12-13-ի դեպքերը, «դավաճանություն» է որակում կոալիցիոն կուսակցությունների կեցվածքը, որոնց առաջին դեմքերը ապրիլի 8-ի կլոր սեղանի ժամանակ «համաձայնել» էին բացառել խաղաղ ցուցարարների դեմ բռնության որեւէ ակտ։

Հիշեցնենք, որ Մտավորականների ֆորումը իր վրա է վերցրել երկխոսության ճանապարհով իրավիճակը հարթելու գործը։ Մտավորականներին մեկ անգամ (ապրիլի 8-ին) հաջողվել է նույն սեղանի շուրջ նստեցնել ընդդիմադիրներին եւ կոալիցիոններին։ Այդ հանդիպման ժամանակ որոշակի պայմանավորվածություններ էին ձեռք բերվել («Առավոտն» անդրադարձել է այդ մանրամասներին)։ Պայմանավորվածություններին, սակայն, հետեւեցին 12-13-ի հանրահայտ դեպքերը։ Այդ առիթով «Առավոտը» պարզաբանումներ խնդրեց ֆորումի ավագանու անդամ Էդուարդ Սիմոնյանից.

– Ամսի 8-ին կայացած հանդիպումը իրո՛ք հեռանկար խոստացող էր։ Բայց այդ հեռանկարները երեւի թե այդքան էլ դուր չեն եկել կոնկրետ իշխանությանը։

– Դուք նախագահի՞ն նկատի ունեք։

– Այո՛։ Հենց նախագահն ամեն ինչ արեց, որ այդ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարվեն՝ կոալիցիոն կուսակցություններին ավելի վատ վիճակի մեջ դնելով։ Եվ նախագահը փորձեց ցույց տալ, որ քաղաքական դաշտում ինչ պայմանավորվածություն էլ ձեռք բերվի՝ ինքն իրեն ազատ է զգում եւ կատարում է այն՝ ինչ ուզում է, ոչ թե այն՝ ինչը պահանջվում է։ Դրա ապացույցը 12-13-ն էր։ Կուսակցությունների կողմից ձեռք բերված նախնական պայմանավորվածությունները խախտվել են։ Եվ հավաքվելու մեր երկրորդ փորձն էլ՝ այսօրվա ֆորումի այս հանդիպման տեսքով, տապալվեց կոալիցիոն կուսակցությունների կողմից։ Հանդիպումից 10 րոպե առաջ տեղեկացրին, որ ծրագրերը փոխվել են եւ իրենք չեն գալու։

– Այս ամենից կարելի՞ է հետեւություն անել, որ կոալիցիայի կողմից հնչեցվող երկխոսության առաջարկները անկեղծ չեն։

– Այս ընթացքը, փաստորեն, ցույց է տալիս, թե ում խոսքն ինչ արժեք ունի։ Բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ ավարտված է։ Իմ կարծիքով, դեռ կարելի է երկխոսությունն ինչ-որ կերպ առաջ տանել։ Համենայնդեպս, մենք ամեն ինչ անելու ենք։

– Քանի որ ստացվեց, որ վերջնական խոսքը նախագահինն է, ֆորումը քայլեր չի՞ ձեռնարկելու նախագահի հետ հանդիպելու եւ բանակցելու։

– Գիտեք, կան քայլեր, որոնք պիտի հաշվարկվեն եւ իմաստավորվեն։ Այսօրվա պայմաններում, երբ փաստորեն նախագահը դժվարություններ է ստեղծում, որ նույնիսկ կուսակցական դաշտում բանակցություններ վարվեն՝ էլ ուր մնաց, որ նախագահը համաձայնի անձամբ մասնակցել բանակցություններին։ Դա այսօր բացառվում է եւ նախագահն ուղղակի կամ անուղղակի ասում է այդ մասին։ Եվ մենք չենք գտնում, թե հիմա ժամանակն է, որ որեւէ ոք նախագահի հետ խոսի։ Նամանավանդ, եթե նախագահը շահագրգիռ լիներ՝ ամեն ինչ կաներ, որ ավագանու նախաձեռնությանը սատարեր։ Բայց տեսանք ճիշտ հակառակը։

– Իսկ այս պարագայում ինչպե՞ս եք պատկերացնում երկխոսությունն առաջ տանելը։

– Իմ կարծիքով, բոլորը պիտի հասկանան եւ ընթացքն էլ ցույց կտա, որ առանց խոսելու հնարավոր չէ արդյունքի հասնել։ Մենք հարցերը կարգավորելու մեղմ հնարավորություն ենք տալիս։ Գուցե մի քիչ երկար ժամանակ պահանջվի, բայց արդյունք կտա։

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ. Կոալիցիայի ներկայացուցիչների պարզաբանումներից հետեւում
է, թե նրանք այս երկխոսությանը չեն մասնակցել նախ այն պատճառով, որ վիրավորվել
են ընդդիմության գործիչների այն տեսակետից, թե կոալիցիան ոչինչ չի որոշում:
Բացի այդ՝ անընդունելի են համարում պայմաններ առաջադրելը, որոնք արել էր
մասնավորապես Վիկտոր Դալլաքյանը, թե պիտի նախ պաշտոնանկ արվի 2003-ի ընտրակեղծիքների
կազմակերպիչ Սերժ Սարգսյանը եւ ընդդիմության դեմ շինծու քրգործեր հարուցող
Աղվան Հովսեփյանը: Ըստ ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի՝ իրենք պատրաստ են
առանց նախապայմանների բանակցությունների ու երկխոսության: Նկատենք, որ ՀՀԿ-ն
ճիշտ նույն դիրքորոշումն ունի նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել