Այս կարծիքին է Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանը՝ համեմատելով 2003-ին եւ 2004-ին ընդդիմության ակտիվիստներին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դատական որոշումները:
Նախագահի ընտրության ընթացքում ընդդիմության հարյուրավոր ակտիվիստների վարչական պատասխանատվության ենթարկելն արժանացավ ոչ միայն միջազգային կազմակերպությունների, այլ նաեւ մեր Սահմանադրական դատարանի եւ Դատարանների նախագահների խորհրդի դիտողություններին ու հանձնարարականներին: Որքանո՞վ են դրանք հաշվի առնվել այս տարվա զանգվածային ձերբակալությունների ընթացքում հարցին, Տիգրան Տեր-Եսայանը պատասխանեց. «Անցած տարվա համեմատ՝ առանձնապես փոփոխություններ չկան գործողություններում, պարզապես որոշ չափով տարբերվում են դատարանների որոշումների ձեւակերպումները»: Ավելի ստույգ՝ 2003-ին պատասխանատվության էին ենթարկում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182 հոդվածով՝ «միլիցիայի աշխատողի կամ ժողովրդական դրուժիննիկի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը», իսկ այժմ առավել «գործածական» է 180#1՝-ը, որով պատասխանատվության են ենթարկում երթերի ու ցույցերի կազմակերպման եւ անցկացման սահմանված կարգի խախտման (թեեւ այդ կարգը դեռեւս շարունակում է մնալ օրենքով չսահմանված) եւ 172-ը՝ մանր խուլիգանության համար:
«Մի փոքր ավելի գրագետ են դարձել դատարանների որոշումները, մտքի շարադրանքում որոշակիություն կա, զգացվում է որակական աճ: Նաեւ մեջբերում են զանցառուի խոսքերը, թե, ասենք, նա չի ընդունում մեղադրանքը: Այսինքն՝ դատարանների որոշումներից դատելով՝ այս անգամ կարծես ընթացել է երկկողմանի քննություն,- ասաց Փաստաբանների միջազգային միության նախագահը:- Անցած տարի որոշման մեջ գրում էին, թե այն ենթակա չէ բողոքարկման: Իսկ հիմա նշում են, թե որոշումը կարող է բեկանվել կամ փոփոխվել ՀՀ քրեական կամ զինվորական գործերով Վերաքննիչ դատարանի նախագահի կողմից: Այլ խնդիր է, թե հնարավորություն լինո՞ւմ է բողոքարկել այդ որոշումները»: Այստեղ հարկ է անդրադառնալ մի միջոցի, որ կիրառվում էր նաեւ անցած տարի՝ դատարանների որոշումները չեն տրամադրվում կամ առնվազն ուշացումով են տրվում՝ զրկելով դրանք ժամանակին բողոքարկելու հնարավորությունից. «Շատ են դեպքերը, որ մարդը վարչական կալանքը կրելուց հետո դուրս է գալիս, բայց դեռ չկա որոշումը»:
Անցած տարի շատ էին գիշերային դատավարությունները, որոնք արդարադատության համակարգի ներկայացուցիչներն անգամ արդարացնում են, թե մարդիկ ստիպված չեն լինում մնալ ոստիկանությունում՝ անորոշ կարգավիճակով: 2003-ին փաստաբանների առջեւ խոչընդոտներ էին հարուցվում՝ մասնակցելու այդ դատավարություններին: Իսկ ինչպիսի՞ն է վիճակը այժմ հարցին, պրն Տեր-Եսայանը պատասխանեց. «Ինձ հայտնի չէ որեւէ դեպք, երբ փաստաբանը մասնակցեր վարչական կալանք կիրառելու վերաբերյալ դատաքննությանը: Սակայն տեղյակ եմ այլ դեպքերի մասին, երբ ձախողվել են փաստաբանների փորձերը՝ մասնակցելու դատաքննությանը»: Նրանց ուղղակի փորձում են թյուրիմացության մեջ գցել, թե տվյալ բերման ենթարկվածն իրենց մոտ չէ կամ արդեն տարել են. «Այսինքն հնարավորություն չեն ընձեռում մասնակցելու»: Այդ իսկ պատճառով նա տեղյակ չէր՝ արդյոք ա՞յժմ էլ են գումարվում գիշերային դատավարություններ. «Բայց եթե հարազատը երեկոյան տեղեկացնում է, որ չկա իր մերձավորը, եւ առավոտյան պարզում ես, որ նա կալանված է, բնականաբար, ժամանակագրությունից դատելով՝ դատական գործընթացը տեղի է ունեցել գիշերը»:
Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերվա իրադարձություններից հետո ձերբակալվածներին անգամ միկրոավտոբուսներով տարել էին մարզեր, որ այնտեղ անեն դատավարությունները՝ փաստաբանների եւ մամուլի ուշադրությունից ու հսկողությունից հեռու: Այս տեղեկության առնչությամբ Փաստաբանների միջազգային միության նախագահն ասաց. «Գազել»-ներով ձերբակալվածներին քաղաքից հեռացնելու մասին գիտեն բոլորը, եւ ինձ թվում է, որեւէ մեկը չի առարկի կամ հերքի, որ արվել են նման գործողություններ: Ականատեսներ էլ են եղել, եւ ինձ ասել են նաեւ ձերբակալվածների հարազատները»: Նա նշեց, որ երբեմն բերման են ենթարկում ու կալանավորում նաեւ այնպիսի մարդկանց, որոնք ընդհանրապես չեն մասնակցել ցույցերի. «Պարզապես երեւի որպես ակտիվ քաղաքացիներ հաշվառված մարդկանց ցուցակներ կան՝ ըստ որոնց էլ ձերբակալում են: Եվ այդ ցուցակները չեն թարմացվում ու այդ մարդիկ անվերջ դառնում են քավության նոխազ՝ անկախ իրենց ակտիվությունից»:
Եվս մի «առաջընթաց»՝ այս տարի կալանավորվածներից առայժմ գումար չեն պահանջել նրանց սննդի ծախսերը հոգալու համար: Կամ էլ՝ ըստ Տիգրան Տեր-Եսայանի ենթադրության. «Գուցե կալանավորվածների հարազատներն են արդեն փորձված՝ սուսուփուս տանում, տալիս են»:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ