ՀԱՂԹԱՆԱԿԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ
Երեկ «Կոնգրես» հյուրանոցում Հայաստանյան PR ասոցիացիայի մասնագետները
ներկայացրին ընդդեմ «Թելեպլաս» ընկերության դատական գործընթացում հաղթանակի
տեխնոլոգիան։
Շուրջ 10 ամիս տեւած դատավարությունից հետո ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատը մերժեց «ԱրմենՏելի» վճռաբեկ դիմումը, անփոփոխ թողնելով վերաքննիչի վճիռը։ Քաղաքացին ազատվեց վճարման պարտականությունից եւ «ԱրմենՏելին» պարտադրվեց հեռախոսակապը վերականգնել։ Ըստ Հայաստանյան PR ասոցիացիայի փոխնախագահ Արման Սաղաթելյանի, գովազդում մոլորության, շփոթության միջոցներ են կիրառվել, բացի այդ, «ԱրմենՏելը» ոչ պատշաճ կերպով էր հասարակությանը ծանուցել, թե կան նմանատիպ ծառայություններ եւ հնարավոր է, որ այդ ծառայություններից օգտվեն անչափահասները։ Հստակ չէր հաղորդել նաեւ այդ ծառայությունից օգտվելու արգելափակման եղանակները։ Դա ապացուցվել է նաեւ դատավարության ընթացքում կատարված հոգեբանական փորձաքննության ժամանակ։ Ասոցիացիայի իրավաբան Դավիթ Սանդուխչյանը ներկայացրեց հայցի իրավական հիմքերը։ Վերջինս կարեւորեց այն հանգամանքը, որ վճռաբեկի վճռով ճանաչվել են մի շարք իրավաբանական փաստեր, որոնք հետագայում հայցվորները կարիք չեն ունենալու դատարանում ապացուցել. «Թելեպլասի» անունից «ԱրմենՏելի» տարածած գովազդը ճանաչվել է անբարեխիղճ։ «ԱրմենՏելը» պատասխանատու է ճանաչվել գովազդը տարածելում, չնայած գովազդում չի նշվել «ԱրմենՏելի» անունը։ Վճռի համաձայն, պատասխանատու է ճանաչվել «ԱրմենՏելը» եւ նրան պարտադրվել է փոխհատուցել գովազդի հետեւանքով առաջացած վնասը»։
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ