Լրահոս
Օրվա լրահոսը

«Կյանքին թեթեւ նայեք»

Ապրիլ 20,2004 00:00

«Կյանքին թեթեւ նայեք» Խորհուրդ է տալիս մեր հայրենակիցը Հայաստանը 29-րդ երկիրն է, որտեղ օրերս կայացավ ֆրանսահայ դրամատուրգ, սցենարիստ Րաֆֆի Շարտի «Կնոջս անունը Մորիս է» կատակերգության պրեմիերան։ Այն իրականացրեց ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը՝ Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում։ Հանդիպեցինք Ր. Շարտին, որն, ի դեպ, աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի քրոջ որդին է։ «Կնոջս անունը Մորիս է» կատակերգության գլխավոր հերոսները (դերակատարներ՝ Արթուր Հակոբյան, Հովհաննես Հովհաննիսյան), ելնելով ստեղծված իրավիճակից, վերահանդերձավորվում են կանացի հագուստով։ Թողնելով արվամոլի տպավորություն, նրանք մինչեւ վերջ չեն կարողանում բացատրել, որ այդ ամենը ընդամենը խաղ է եւ իրենք արվամոլ չեն։ Դրամատուրգը կոլորիտային բնավորություններ է ստեղծել։ Հումորն ու երգիծանքը, սատիրական գույները շատ վառ են այս ներկայացման մեջ։ Ինչպես տեղեկացրեց Ր. Շարտը, կատակերգությունը էկրանավորել են ամերիկացիները, բայց «ես նախընտրում եմ թատրոնի բեմը, ուր իշխում է դերասան-հանդիսատես կապը»։ Թեեւ, ինչպես նշեցինք, գլխավոր հերոսները հայտնվում են արվամոլի կարգավիճակում, սակայն բեմադրության մեջ չկան չափն անցնող տեսարաններ։ Այս առիթով պարոն Շարտն ասաց. «Եթե չափն անցնեինք, հետաքրքրությունը կկորչեր»։ Իսկ ընդհանրապես, մեր զրուցակիցը խորհուրդ է տալիս՝ «կյանքին թեթեւ նայել», որ մարդն ի ծնե ազատ է ու պետք է այդպես էլ շարունակի ապրել։ «Յուրաքանչյուր ոք պետք է ապրի եւ ապրում է այնպես, ինչպես ինքն է նախընտրում։ Ամենակարեւորը՝ մարդ արարածը պետք է չար չլինի»,- գտնում է Ր. Շարտը։ Ըստ նրա, գլխավոր դերակատարները սկզբում խրտնել են նույնիսկ կնոջ զգեստ կրելուց։ «Ամեն ինչ հարթվեց ու, փառք Աստծո, հաջող անցավ»,- նշեց հեղինակը, բայց, այնուամենայնիվ, նա չի կարողանում հասկանալ, թե ինչ կա «վատ զգալու, անհարմար զգալու։ Սա ընդամենը կատակերգություն է, թատրոն»։ Ր. Շարտի խոսքերով. «Ուզենք, թե չուզենք, աշխարհում կան միասեռականներ։ Հարկ չկա նրանց անգամ քննադատելու։ Մարդը պետք է ազատ լինի իր բոլոր գործողություններում, կրկնում եմ՝ ամեն ինչին պետք է թեթեւ նայել»,- հավաստիացնում է Ր. Շարտը։ Այս կատակերգությունը մեկ տարի առաջ բեմադրվել է նաեւ Ստամբուլում։ «Պրեմիերային ներկա չեմ եղել։ Պետք է ասեմ, որ թուրքերն առաջարկեցին ինձ կամ անունս լրիվ հանել՝ թողնելով ազգանունս, կամ գրել միայն անվանս առաջին տառը (նկատի ունի, որ Րաֆֆին հայկական անուն է)։ Բնականաբար, համաձայնությունս չտվեցի ու անունս ամբողջական գրվել էր հայտագրում»,- տեղեկացրեց պարոն Շարտը։ «Առավոտի»՝ «Ինչո՞վ բացատրել թուրքերի հետաքրքրությունը ձեր այս պիեսի հանդեպ» հարցին հեղինակը պատասխանեց. «Նրանք տարբեր երկրներից ունեին տեղեկություններ այս կոմեդիայի հաջողության մասին ու, բնականաբար, համոզված էին, որ ներկայացումը եկամտաբեր է»։ Գիտակցական կյանքի ընթացքում Ր. Շարտը երազել է հենց ապրիլի 24-ին գտնվել հայրենիքում։ Նրա այցն էլ Հայաստան, ի թիվս արտերկրի այլ արվեստագետների, համընկավ քաղաքական խմորումների, ցույցերի հետ։ «Անկեղծ ասած, չգիտեմ ինչի համար են այս ցույցերը։ Ժամանակս սուղ է։ Ֆրանսիայում մենք ունենք տեղեկություններ Հայաստանի մասին, բայց մեկ բան է լսել, այլ բան՝ սեփական աչքով տեսնել։ Այսուհետեւ պետք է հաճախակի դարձնեմ այցերս հայրենիք ու ավելի հետաքրքրվեմ քաղաքական ու մշակութային կյանքով»,- ասաց Ր. Շարտը։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930