Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԷՔՍՊԱՆՍԻԱՆ ՍԿՍՎԱԾ Է

Ապրիլ 20,2004 00:00

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԷՔՍՊԱՆՍԻԱՆ ՍԿՍՎԱԾ Է Համոզված է մշակույթի նախարարը Երեկ «Արմենպրեսի» մամուլի սրահը հյուրընկալել էր ՀՀ մշակույթի նախարար Թամար Պողոսյանին: Նա փորձեց լրագրողներին ծանոթացնել օգոստոսի 14-23172ը անցկացվելիք «Մեկ ազգ, մեկ մշակույթ» խորագրով Համահայկական մշակութային փառատոնի մանրամասներին: Հպարտությամբ հայտարարեց, որ նախարարությունն արդեն բավականին գործ է արել: Թեեւ նույն պահին էլ, հակասելով ինքն իրեն, ավելացրեց, որ փառատոնի վերջնական ծրագիրը, ծախսերի նախահաշիվը եւ նախարարության անելիքները պարզ կլինեն միայն հուլիսի 1-ից հետո: Փառատոնի ծրագիրը կընդգրկի թատերարվեստի, երաժշտարվեստի, կերպարվեստի, ժողարվեստի, պարարվեստի եւ կինոարվեստի ոլորտները: Նախարարը տեղեկացրեց, որ փառատոնի աշխարհագրությունը կներառի Հայաստանի մարզերն ու Լեռնային Ղարաբաղը, իսկ Համահայկական միջոցառումների նախապատրաստական աշխատանքների համակարգման կազմկոմիտեն անձամբ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կգլխավորի: Փառատոնի անցկացման համար պետության աջակցության մասնաբաժինը նախարարի «կոպիտ հաշվարկներով» 100 մլն դրամ կլինի, որը, տիկին Պողոսյանի կարծիքով, հազիվ էլ հերիքի միջոցառման բացման ու փակման արարողութունը «շատ ներկայացուցչական» կազմակերպելուն: Նրա հույսը ֆինանսական այլընտրանքային աղբյուրներն են: Կօգտագործվեն նաեւ նորաստեղծ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի միջոցները: Արդեն պաշտոնապես իրենց մասնակցության մասին տեղեկացրել են «Վանուշ Խանամիրյան» (ԱՄՆ), «Արաքս-Սասուն» (Ֆրանսիա), «Արարատ» (Իրան) պարախմբերը, նկարչուհի Սիլվա Ժերարդիեն (Ֆրանսիա), «Վահրամ Փափազյան» թատերախումբը (Լիբանան) եւ ուրիշներ: «Ակնկալում ենք 1000 մասնակից ունենալ փառատոնին»,- հույս հայտնեց նախարարը՝ նշելով, որ մասնակիցներն իրենք պետք է հոգան ճանապարհի ու կեցության ծախսերը: Լրագրողների այն հարցին՝ ինչ կտա այս փառատոնը մեզ, Թ. Պողոսյանը պատասխանեց, որ փառատոնի միջոցով սփյուռքի մեր մշակութային խմբերը կներկայացվեն Հայաստանում, իսկ հայկական մշակույթը վերջիններիս միջոցով կպրոպագանդվի իրենց ապրած երկրներում: «Առավոտի» հարցին՝ «Արդյո՞ք դա «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրով խոստացված մշակութային էքսպանսիան է», Թ. Պողոսյանը պատասխանեց. «Այո… Չնայած մշակութային էքսպանսիան 1 օրում իրականություն չի դառնում, դա գործընթաց է երեկվանից, այսօրվանից եւ ընդմիշտ: Քանի որ մենք մեր տեսակի մեջ յուրահատուկ աշխարհատարածքային ազգ ենք, պետք է մեր ֆիզիկական տարանջատվածությունը հաղթահարենք մշակութային կապերով»: Իսկ՝ «Ինչպիսի՞ն է ապրիլի 13-ի դեպքերի կապակցությամբ Ձեր դիրքորոշումը» հարցի առնչությամբ էլ նախարարը պատասխանեց. «Օրինաց երկիր» կուսակցությունն արդեն այդ հարցի վերաբերյալ արտահայտել է իր դիրքորոշումը: Ես եւս միարժեք միանում եմ եւ կուսակցության, եւ կոալիցիայի գնահատականին»: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարծիքի է նախարարը բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանը վերադարձնելու վերաբերյալ: «Երեւի շատ ցավալի է, շատ մտահոգիչ է: Ես կուզենայի, որ դա չանձնավորվեր, չքաղաքականացվեր: Դա իր վաստակն է, իր գնահատականը, դա պատկանում էր իրեն, հետեւաբար պիտի մնար իր մոտ: Եվ կարեւոր չի՝ ով էր հանձնել: Հասկանում եմ նաեւ բանաստեղծուհու ընդվզման աստիճանը, բայց գնահատականներից ձեռնպահ եմ մնում: Ափսոսում եմ, որ մեր մշակութային դաշտը վերջին շրջանում քաղաքականացված է: Ինչպես քաղաքական դաշտում ենք ծայրահեղական, այնպես էլ մշակութային: Եթե մշակութային դաշտում փոխզիջումների չենք գնում, լուծումներ չենք գտնում, պատկերացրեք ինչքա՜ն դժվար է ամեն ինչ քաղաքական դաշտում»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել