Լրահոս
Օրվա լրահոսը

Գազի բիզնեսը ծաղկում է

Ապրիլ 20,2004 00:00

Գազի բիզնեսը ծաղկում է Արաբկիր համայնքի Գրիբոյեդովի փողոցում (տրոլեյբուսի հավաքակայանի նախկին տարածքում) վերջին երկու ամիսներին սկսվել է գազալցակայանների շինարարություն։ Դրանք երկուսն են։ Մեկը նախատեսված է 9 մեքենայի միաժամանակյա լիցքավորման համար, մյուսը՝ 6։ Գազալցակայանները տեղակայված են Արղության թիվ 40 եւ 29 շենքերից երեսուն մետր հեռավորության վրա եւ իրական վտանգ կարող են ստեղծել դրանց բնակիչների համար՝ թե մթնոլորտի աղտոտման, թե ընդհանուր անվտանգության տեսանկյունից։ Երեկ բնակիչներն «Առավոտին» տեղեկացրին, որ շինարարության առաջին օրերից բողոքներ են հղել իշխանական տարբեր ատյաններ, բայց պատասխան առայսօր չեն ստացել։ Նրանց ասելով, իշխանությունների լռության պատճառն այն է, որ գազալցակայաններից մեկի «տանիքը» ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանն է (Կարամելի Հարութ), մյուսինը՝ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի եղբայրն է։ Վերջին հանգամանքը հատկապես հետաքրքիր է նրանով, որ իր քաղաքապետական գործունեության առաջին իսկ օրերին Ե. Զախարյանը մի որոշմամբ արգելեց հող կամ տարածք հատկացնել գազա եւ բենզալցակայանների կառուցման համար։ Ճիշտ է, այս տարածքը տրվել է սեփականության իրավունքով, սակայն քաղաքապետի որոշումը նպատակ ուներ դադարեցնելու նոր լիցքավորման կայաններն առհասարակ։ Վերջին օրերին բնակիչները փորձել են խոչընդոտել շինարարական աշխատանքներին՝ ցույցերով եւ ճանապարհը փակելով։ Երեկ նրանց է այցելել Արաբկիրի թաղապետ Լեւոն Հարությունյանը եւ համոզել, որ խնդիրը կկարգավորվի։ Կարգավորման մանրամասներն «Առավոտին» ներկայացրեց փոխթաղապետ Էդիկ Մուշեղյանը. «Մենք հանդիպել ենք սեփականատերերի հետ, ծանոթացել նրանց փաստաթղթերին։ Դրանք ամբողջական չէին, բացակայում էր քաղաքապետարանից տրվող գործունեություն սկսելու վերջնական թույլտվությունը։ Մենք դադարեցրել ենք շինարարությունը, մինչեւ փաստաթղթային փաթեթի ամբողջականացումը»։ Փոխթաղապետն ասաց նաեւ, որ խոստացել են բնակիչների հետ հանդիպման հրավիրել գազի, արտակարգ իրավիճակների, հրշեջ եւ այլ մասնագետների, որոնք կպատասխանեն հարցերին ու կփարատեն նրանց կասկածները՝ իրենց բնակատեղի անվտանգության հետ կապված։ «Հակառակ դեպքում շինարարությունը չի շարունակվի, մենք հո ժողովրդի թշնամին չե՞նք»,- ավարտեց Է. Մուշեղյանը։ Ժամը 16-ի դրությամբ շինարարությունը դեռ շարունակվում էր ապագա լցակայաններից մեկում, իսկ բնակիչները խուճապի մեջ էին՝ «կգնան, էն մեկի համար էլ թղթերը կսարքեն ու մենք ոչ մի արդյունքի չենք հասնի»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել