«ՀԱՅԱՑՔ ԴՐՍԻՑ» Ապրիլի 13-ը՝ ամերիկացի լրագրողի աչքերով Այս շաբաթվա իրադարձությունները մեզնից ոմանց ստիպեցին համաձայնելու պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ, որը երեքշաբթի ընդդիմադիր ցուցարարների դեմ բիրտ ուժ կիրառելուց հետո հայտարարեց. «Մեզ ոչ ոք չէր հասկանա, եթե 2000 մարդ կաթվածահար աներ ամբողջ Երեւանը»8230 Ոչ, պարոն: Աշխարհում ոչ մի խելքը գլխին բռնապետ չէր հասկանա, եթե 2000 (!) շարքային եւ հավանաբար մոլորեցված հայ քաղաքացիներին թույլատրվեր իրենց քոչարին պարել նախագահ Քոչարյանի նստավայրի շրջակայքում: «Բաղրամյան պողոտան պարելու տեղ չէ»,- հավաստեց նախարարը: Կրկին ճիշտ է: Փոխարենը դեսպանատների եւ կառավարական հաստատությունների փողոցը մի տեղ է, որտեղ համոզիչ կերպով կարելի է ցուցադրել, թե ովքեր են այս երկրի տերերը, եւ ինչ միջոցների են նրանք ընդունակ իրենց իշխանությունը պահելու համար: Ուրիշ ինչպես կարելի էր ծառի ճյուղերով եւ ձեռքի գործիքներով «զինված» մարդկանց սպառնալիքների առջեւ բարձր պահել երկրի միջազգային հեղինակությունը, եթե ոչ ջրցան մեքենաների, պայթուցիկ փաթեթների եւ ծանր ռետինե մահակների օգնությանը դիմելով: Փա՜ռք Սբ. Գրիգոր Լուսավորչին, Հայաստանի արժանապատվությունը պաշտպանելու համար գտնվեցին ուժեր. դրանք զսպամարտիկներն էին, որոնք ջրի շիթերով վերացրին ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքները եւ մաքրեցին փողոցները փայտերով ու փշալար կտրող գործիքներով զինված այդ հրոսակներից, որոնցից ոչ մի լավ բան հնարավոր չէ ակնկալել: «Մեզ ոչ ոք չէր հասկանա…»,- ասում է նախարարը: Ուզում եմ պարզել մի հարց, որը փոքր ինչ դժվար է հասկանալ, եթե դուք այստեղ չեք ապրում եւ ծանոթ չեք տեղի վիճակին. որեւէ մեկը երբեւէ հարցրե՞լ է, թե ինչու է Հայաստանում իրավապահների անունից միշտ հանդես գալիս պաշտպանության նախարարը: Եթե, օրինակ՝ ձեր քաղաքում անկարգություններ են սկսվում, մի՞թե քաղաքապետը կամ ոստիկանապետը չեն ապահովում կարգուկանոնը ու պատասխանատվություն կրում դրա համար: Այս քաղաքում եւ այս երկրում՝ ոչ: Ոչ էլ, նույնիսկ ու հատկապես, Բաղրամյան պողոտայում, որտեղ Ռոբերտ Քոչարյանը ներկայացնում է այս երկիրը, որը, սակայն, կառավարում է Սերժ Սարգսյանը: Բայց ես չեմ ուզում աչքաթող անել ամենակարեւորը՝ այն, որ ՊՆ նախարարը, այնուամենայնիվ, մի քանի արժեքավոր դիտողություններ արեց: Դրանցից էր նրա առաջարկը, որ շարքային քաղաքացիներին մահակներով խելքի բերելու եւ ջրի շիթերով սթափեցնելու ժամանակ լրագրողները պետք է ունենան ինքնությունը հաստատող համապատասխան վկայականներ, որպեսզի կարողանան անարգել կատարել իրենց պարտքը՝ բացահայտեն հասարակության վարձատրվող սպասավորների զանցանքները, ինչի համար իշխանական կառույցներն անկասկած նրանց կհայտնեն իրենց երախտագիտությունը: Ի միջի այլոց, ի՞նչ չափի պետք է լինի ինքնությունը հաստատող իմ վկայականը մութ փողոցում տեղի ունեցող առճակատման թեժ պահին, երբ օդում ճոճվում են մահակները, իսկ ոստիկանները հետապնդում են չարագործներին: Բայց մի պահ մտածեք, թե ինչ է նշանակում նախարարի առաջարկը: Եթե դուք քաղաքացի եք, որի ձեռքին տեսախցիկ կամ ձայնագրիչ է, եւ ոչ թե լրագրողի վկայական, մի՞թե դա ձեզ զրկում է հասարակական վայրում հասարակական պաշտոնյաների գործողությունները գրանցելու կամ նկարահանելու իրավունքից: Ավելին, արդյո՞ք իշխանության կողմից հաստատված վկայականի բացակայությունը ենթադրում է, որ ոստիկանությունն իրավունք ունի ոչնչացնելու ձեր անձնական սեփականությունը: Քանի՞ մարդ «կհասկանար մեզ», եթե այսպիսին լինեին քաղաքացիական ազատության դրույթները Հայաստանում: (կրճատումներով) ՋՈՆ ՀՅՈՒԶ«ArmeniaNow»-ի խմբագիր