Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մրցույթ՝ թղթի վրա

Ապրիլ 20,2004 00:00

Չկայացած մրցույթի մեղավորը դեսպանատո՞ւնն է

Համաձայն միջպետական համաձայնագրի, Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը յուրաքանչյուր տարվա գարնանը Երեւանում կազմակերպում է մրցույթ՝ հաղթողին Չինաստանի Չանգչուն քաղաքի Ջիլինի համալսարան ուղարկելու համար։ Մարիետա Շահվերդյանի 14-ամյա դուստրը՝ Սիրանույշը, փորձեց ճշտել մրցույթի անցկացման կարգը, պայմանները։ Նախարարության միջազգային համագործակցության եւ սփյուռքի վարչության պետ Ա. Մկրտչյանը փետրվարի 25-ին գրավոր տեղեկացրեց, թե «Ս. Շահվերդյանը պետք է ներկա լինի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից Հայաստանին տրամադրված կրթաթոշակային մրցույթին»։ 2003թ. օգոստոսի 30-ից Սիրանույշը (137 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը գերազանց ավարտելուց հետո) գնացել էր Չինաստան՝ Ջիլինի միջազգային հարաբերությունների քոլեջում սովորելու։ Այնուհետեւ հատուկ մրցույթի համար փետրվարի 28-ին վերադարձավ Երեւան։ Սիրանույշի մայրը՝ Մարիետա Շահվերդյանը պատմում է. «Երեւան գալուց հետո դուստրս շարունակում էր պարապել իր հետ բերած դասագրքերով եւ պատրաստվում մրցույթին, իսկ ես օրեր շարունակ ԿԳ նախարարությունում փորձում էի պարզել մրցույթի օրը եւ ժամը»։ Կրթության նախարարությունից, սակայն, մարտին բանավոր հայտնում են, որ մրցույթ չի լինելու։

«Մտածելով, որ մեզ թյուրիմացության մեջ են գցում, փորձեցի արժանանալ նախարար Ս. Երիցյանի ընդունելությանը»,- շարունակում է Մ. Շահվերդյանը։ Վերջապես մարտի 18-ին նախարար Երիցյանին շենքում «բռնացնելով», հարցնում է՝ մրցույթ կայանալո՞ւ է, թե՞ ոչ։ «Պարոն նախարարը բառացիորեն ասաց՝ ուղարկած փաստաթղթերով մրցույթ չի լինում, եթե ուզում են, որ օրենքով լինի, նա պետք է ներկայանա անձամբ։ Երբ ես նրան հայտնեցի, թե երեխան Երեւանում է, պարոն Երիցյանն այլայլվեց եւ առանց որեւէ բան ասելու ուղղակի փախավ, մտնելով վերելակ»,- շարունակում է պատմել Մ. Շահվերդյանը։ Մարտի 23-ին վերջինս գրավոր է դիմում նախարարին, խնդրելով պատասխանել. վերջապես մրցույթ կայանալո՞ւ է, թե՞ ոչ եւ եթե այո՝ ե՞րբ։ Նախարարը պատասխանում է, որ մրցույթ չի լինելու։

Շահվերդյանները դիմել են գլխավոր դատախազին, դիմելու են նաեւ դատարան, քանի որ հայտարարված թղթե մրցույթի արդյունքում կրել են նյութական զգալի վնաս, երեխան 2 ամսից ավելի քոլեջից բացակայել է, ինչի արդյունքում նրան հեռացվելու եւ ուսումից զրկվելու վտանգ է սպառնում։ Մեզ հետ զրուցելիս Շահվերդյաններն ասացին, որ դատի են տալու ոչ միայն նախարարին, այլ պատասխան են պահանջելու նաեւ նախարարության վարչության պետ Ա. Մկրտչյանից, որը «մոռանալով» փետրվարի 25-ի իր գրությունը, թե մրցույթ է լինելու, ապրիլի 1-ին երկրորդ գրությունն է ուղարկում. «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից ՀՀ-ի համար հատկացվող կրթաթոշակային տեղերը արդեն լրացված են եւ կրթաթոշակ հատկացնելու համար մրցույթ չի հայտարարվելու»։ Հետաքննության փայլուն նյութ կլինի, թե ինչպես տեղերը «լրացվեցին»։ «Առավոտի» ճշտմամբ՝ 1 զինապարտով եւ 1 Եհովայի վկայով։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Հ. Գ. ԿԳՆ մամուլի խոսնակ Կարինե Գրիգորյանը մեր այն հարցին,
թե «ինչո՞ւ մրցույթը տեղի չի ունեցել», պատասխանեց. «Որովհետեւ միջնորդություն
ստացվեց Չինաստանում ՀՀ դեսպանատնից, որ երկու թափուր տեղը միջնորդագրով
համալրվի։ Եվ համալրվեց Լուսինե Ղազարյանով ու Արեգ Հովհաննիսյանով»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել