Հարցին, թե երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը որքանով կարող է ներազդել Հայաստանի արտաքին քաղաքականության վրա, երեկ կայացած ասուլիսին Վարդան Օսկանյանը պատասխանեց, թե բացառում է Հայաստանի նկատմամբ միջազգային հանրության կողմից որեւիցե ճնշում՝ մասնավորաբար, Լեռնային Ղարաբաղի հարցում: Նա միաժամանակ նշեց, թե իրեն մտահոգում է Ադրբեջանի դիրքորոշումը. «Ադրբեջանցիները կուզենան հարցերն ընկալել ըստ իրենց ցանկությունների, եւ դա կարող է բերել նրանց դիրքորոշումների կարծրացմանը, ինչն էլ կարող է բացասաբար անդրադառնալ բանակցային գործընթացի վրա»: Ինչպես եւ սպասվում էր, Օսկանյանը քննադատեց Հայաստանի ընդդիմությանը:
Ըստ նրա, ընդդիմությունն իրավունք ունի հանրահավաքներ կազմակերպել այնքան ժամանակ, քանի դեռ դրանք չեն հակասում Սահմանադրությանը եւ օրենքներին: Մինչդեռ, Վարդան Օսկանյանի համոզմամբ, ընդդիմության խնդիրը՝ փոխել իշխանություններին անհրաժեշտության դեպքում նաեւ ուժի գործադրմամբ, չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: «Ես հուսով եմ, որ ընդդիմությունը կձեւակերպի իր խնդիրներն այլ կերպ եւ կկարողանա մնալ օրենքների շրջանակում», ահա այսպիսի հետաքրքիր հույս հայտնեց բանախոսը:
Պրահայում կայացած հանդիպումը Վարդան Օսկանյանը բնորոշեց որպես «միանգամայն օգտակար»՝ նշելով, որ արտգործնախարարների մակարդակով հանդիպումները կշարունակվեն: Մամեդյարովի հետ հաջորդ հանդիպումը նախատեսված է մայիսի կեսերին:
Սեփ. լր.