Թեեւ
Ռոբերտ Քոչարյանը փորձում է համոզել ռուս հանրությանը, թե «Ոչ ոք ընդդիմությանը
չի խանգարել անցկացնել նստացույցեր եւ հանրահավաքներ»՝ իրականում երբեմն
կիրառվել են ուղղակի արտառոց խոչընդոտներ: Դրանցից 3-ի մասին խոսեցինք Հայաստանի
մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ:
«Եթե հանրահավաքները չվերածվեն տրանսպորտային կարեւոր հանգույցներ փակելուն, ապա ոչ ոք մտադիր չէ խանգարել ընդդիմությանն՝ արտահայտելու իր տեսակետը»,- «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանը: Մինչդեռ իրականում մինչեւ Բաղրամյան պողոտայի մի հատվածը փակելն էլ էին ձերբակալվել ընդդիմության հարյուրավոր ակտիվիստներ, եւ բացի այդ՝ նրանցից ոմանք ոստիկանություն էին տարվել այնպիսի «զանցանքների» համար, որոնք որեւէ կապ չունեն փոխադրամիջոցների աշխատանքի հետ:
Ասենք, ապրիլի 10-ի երեկոյան Մալաթիա-Սեբաստիա համայնքի ոստիկանները պատանդ էին տարել 16-ամյա Նունե Աշուղյանին՝ մինչեւ չներկայանա նրա մայրը՝ Գայանե Աշուղյանը, որը երթերի եւ ցույցերի ակտիվ մասնակից է: Նունե Աշուղյանը մինչեւ ուշ գիշեր պահվել էր ոստիկանությունում, եւ նրան բաց էին թողել միայն միջամտությունից հետո: Չհամաձայնելով «պատանդ» բնորոշմանը՝ այս դեպքի մասին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ասաց. «Նունե Աշուղյանի մասին տեղեկատվությունը ես ստացել էի նույն օրը՝ երեկոյան ժամը 10-ին: Անմիջապես օգտագործեցի իմ ունեցած հնարավորությունները, եւ, ինչպես տեղեկացա, այդ աղջիկն ազատ էր արձակվել մի 2-3 ժամ հետո: Ես խնդրեցի, որ մեզ դիմեն, գան ու տեսնենք՝ այդ ամենն ինչպես է տեղի ունեցել: Ցավոք, չեկան: Մինչդեռ այդ աղջկան բերման ենթարկելու ոստիկանության հիմքերը շատ թույլ էին: Եթե նա էր գործել որեւէ բան՝ պետք է արձանագրված լիներ բերման ենթարկելու որոշման մեջ: Այնինչ որեւէ մի տեղ գրանցված չէր այդ դեպքը»:
Ռոբերտ Քոչարյանի հավաստիացումները հերքող եւս մի փաստ: Ապրիլի 15-ին Արաբկիրի ոստիկանություն բերման էր ենթարկվել ՀԺԿ անդամ Արտավազդ Գրիգորյանը, որը քսերոքսով բազմացման էր ներկայացրել ապրիլի 16-ի հանրահավաքի մասին հայտարարությունը: Նրանից ցուցմունքներ էին վերցրել՝ փաստաբանին հնարավորություն չընձեռելով մասնակցել հարցաքննությանը: Այս դեպքի մասին Լարիսա Ալավերդյանն ասաց. «Գիտեմ, որ հարուցված է քրեական գործ ՔՕ 300, 301, 318 հոդվածներով: Եվ բերման ենթարկվողների թիվն ու մարդկանց տիպերը կարող են լինել տարբեր, ինչպես մատնանշված դեպքում է՝ քսերոքսով բազմացման համար: Այլ հարց է, թե բերման ենթարկելու ժամանակ ի՞նչ վերաբերմունք է ցուցաբերվել, ինչքա՞ն ժամանակ է պահվել նա, պահպանվե՞լ է, թե՞ ոչ օրենքով սահմանված արարողակարգը: Մենք անմիջապես ենք արձագանքել այդ դեպքին: Եվ ինչքան գիտեմ՝ Արտավազդ Գրիգորյանը հրավիրվել է ոստիկանություն, բացատրություններ տվել ու հետո նրան ազատ են արձակել: Միակ հիմքը, որ արդարացնում է այդպիսի գործողությունները՝ բավական ծանր հոդվածներն են, որոնցով հարուցված է այս քրգործը»:
Եվս մի դեպքի վրա հրավիրեցինք Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը: Ապրիլի 14-ին ոստիկանություն բերման էր ենթարկվել 20-ամյա երեւանցի Մարինե Հակոբյանը: Պատրվակն այն էր եղել, թե Մարինեն փողոցն անցնելիս խախտել է երթեւեկության կանոնները: Դրա համար նրան նախ ասել էին, թե պիտի տուգանվի 2000 դրամով: Բայց ոստիկանությունում «հանկարծ» հիշել էին, որ Մարինե Հակոբյանը «Հանրապետություն» կուսակցության անդամ է, մասնակցել է ապրիլի 12-ի հանրահավաքին, եւ որոշել տույժը փոխարինել եռօրյա վարչական կալանքով: Լարիսա Ալավերդյանը մեզնից լսեց կատարվածի մասին, թեեւ այդ փաստը հրապարակվել էր մամուլում. «Մենք իրոք հետեւում ենք, գուցե որեւէ դեպք դուրս մնա ուշադրությունից: Մի քանի անգամ հարցումներով դիմել եմ, թե կա՞ն արդյոք ձերբակալված կամ կալանավորված կանայք, ու մեզ միշտ պատասխանել են, թե չկան: Միակ բերման ենթարկվածը ՀԺԿ լրատվության պատասխանատու Ռուզան Խաչատրյանն էր: Մարինեի մասին տեղեկություն չունեի, եւ եթե անգամ նա ազատ է արձակվել՝ թող դիմի մեզ: Օպերատիվ միջամտությամբ ամեն ինչ չի ավարտվում՝ մենք պարզում ենք նաեւ ձերբակալման հիմքերը: Այժմ ուսումնասիրում ենք դատական գործընթացները՝ սկսած ոստիկանության արձանագրություններից եւ այլ փաստաթղթերից, վերջացրած դատարանների որոշումներով: Սրանց հիման վրա կատարելու ենք առաջարկներ եւ գնահատականներ»:
Իսկ առայժմ՝ մարդու իրավունքների պաշտպանի գնահատականը այս ամենի վերաբերյալ հետեւյալն էր. «Գտնում եմ, որ ոստիկանության կողմից շատ անգամ արվում են ոչ համարժեք գործողություններ: Մինչդեռ պիտի հիմնավորված լինի ցանկացա՛ծ նման գործողություն»:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ