Առաջին այցը հայրենիք «Առավոտը» տեղեկացրել էր, որ Համազգային հայ կրթական եւ մշակութային միության հայաստանյան գրասենյակի, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինության նախաձեռնությամբ ու հրավերով առաջին անգամ հայրենիք է ժամանել կանադահայ աշխարհահռչակ երգչուհի Իզաբել Բայրաքդարյանը։ Համաշխարհային երաժշտական կյանքում իր լուրջ հայտը ներկայացրած, բեմական գործունեության գրեթե բոլոր բարձունքները նվաճած երգչուհու խոսքերով՝ «եկել եմ արվեստս նվիրաբերելու իմ ժողովրդին ու հայրենիքիս»։ Աշխարհի տարբեր բեմերում, ինչ պայմաններում ու ինչ լսարան էլ որ լինի, երգչուհու համար միեւնույն է. «Ես գիտեմ, որ արվեստի ոլորտը մտնել՝ նշանակում է սրբագործվել ու մաքուր, անկեղծ ունկնդրին հասցնել ասելիքդ»։ «Առավոտի» հարցին՝ «Ոսկին փայլ է տալիս, բայց պետք է մեկը, որ վերցնի այն։ Ձեր դեպքում ո՞վ էր այդ մեկը», Ի. Բայրաքդարյանը պատասխանեց. «Աստված։ Ինձ Աստված վերցրեց իր հովանու տակ ու ինքն էլ տնօրինում է։ Երջանիկ եմ, որ կարողանում եմ իր տվածը (նկատի ունի իր արվեստը) վերադարձնել»։ Մեր՝ «Ձայնային ապշեցուցիչ հարստություն ունենալը բավարա՞ր է ձեր արվեստում» հարցին երգչուհին հակադարձեց. «Անկասկած, երգիչը պետք է օժտված լինի այդ հարստությամբ։ Բայց նա պետք է ունենա տիրաբար իշխելու հմտություն, որն էլ հնարավորություն կտա ամեն անգամ մտնել նոր ստեղծագործական երկունքի մեջ, որի համար պետք է տքնել։ Հետաքրքիր է, անվերջ ոգեկորով տքնում ես ու գերագույն հաճույքդ գտնում նաեւ դրանում»։ Երգչուհու ասածը հաստատում է առաջին անգամ նրա հայրենիքում գտնվելու գերհագեցած ծրագիրը՝ ընդունելություն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի, ՀՀ նախագահի, մշակույթի նախարարի մոտ, այցելություն Հայաստանի պատմամշակութային վայրեր։ Աշխարհի լավագույն օպերային թատրոններում գլխավոր դերերգեր հնչեցնող մեր հայրենակցուհին ապրիլի 20-ին, Ա Խաչատրյան համերգասրահում հանդես կգա ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ, որին կհետեւի կանադահայ դաշնակահար Սերուժ Քրաջյանի հետ երգչուհու մենահամերգը Ստեփանակերտում, իսկ ապրիլի 24-ին Մայր աթոռ սուրբ Էջմիածնի երգչախմբի հետ նա կմասնակցի պատարագին։ Սկսվել է երգչուհու համագործակցությունը Կոմիտասի անվան կվարտետի, Կոմիտասի անվան կամերային, «Տաթեւ» երգչախմբերի եւ դուդուկահարների քառյակի հետ։ Մեզ հետ հարցազրույցում երգչուհին անկեղծացավ, իր՝ մինչ այսօր բեմական գործունեությունից զատելով 2001թ. քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առթիվ թողարկած «Հայկական հոգեւոր երաժշտության ընտրանի» CD-ն։ «Պետք է տեսնել աշխարհի հետաքրքրությունը հայ հոգեւոր երաժշտության հանդեպ։ Իսկ ես առաջինը ոչ թե հեռատեսիլով, այլ սեփական աչքերով եմ ուզում տեսնել մեր պատմամշակութային արժեքները»,- շեշտեց երգչուհին։ «Ամենակարեւորը՝ ոգեկոչել երաժշտական երկի մեջ ներդրված խորապես մարդկային էությունը, մարդկայինի ամենազորավոր ու ամենանրբին հանգույցներով միացնել շատ էություններ, դարձնել դրանք համամարդկային եւ այդ հոգեւոր արարչության ընթացքին քո ըմբռնումների էությամբ վերամարմնավորել արդեն եղածը, հեղինակային մտահղացմանը ներարկել նոր կենսական նեկտար»,- սա ճանաչված երգչուհու սկզբունքն է, նրա բարձրագույն արվեստի գաղտնիքը։ Ի. Բայրաքդարյանը չընդունեց մեր ակնարկը՝ հայրենիք իր այցի «ուշացած» լինելու առումով։ Երգչուհու խոսքերով. «Ոչ մի բանի համար երբեք ուշ չէ։ Անկեղծ ասած, կարող էի փոխել դժվար արտասանվող ազգանունս, բայց ցանկացել եմ, որ աշխարհի տարբեր կետերում, թեկուզ դժվարությամբ, հնչի այն, փաստելով հայ լինելս»։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ