Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍՔԱՆ ԿԱՅՈՒՆ ԿՅԱՆՔԸ ՄԵՐ

Ապրիլ 17,2004 00:00

ԱՅՍՔԱՆ ԿԱՅՈՒՆ ԿՅԱՆՔԸ ՄԵՐ Ոչինչ հնարավոր չէ պահել բիրտ ուժով «Հարկացուցակները խլված են, հարկամատյանները՝ ոչնչացված… Նպատակներ այլեւս չկան։ Երկիրը պտտվում է, ինչպես բրուտի բոլորակը. ազնվապատկան անձինք սովում են, ազնվազարմ կանայք շրջում են ցնցոտիներով, նրանք անոթի են եւ չեն համարձակվում ծպտուն հանել… Ստրկուհիներին թույլատրված է շաղակրատել սրտներն ուզածի չափ, երկրում թագավորում են թալանն ու սպանությունները։ Սովյալները փախցնում են խոզերի լափը։ Ոչ ոք այլեւս չի ծիծաղում։ Մարդիկ սակավաթիվ են դառնում, ծնելիությունը նվազում է, եւ վերջիվերջո, մնում է միայն մի ցանկություն՝ որ այդ ամենը շուտափույթ վերջանա։ Ոչ մի պաշտոնյա իր տեղում չէ, եւ երկիրը թալանում են մի խումբ տկարամիտ մարդիկ։ Սկսվում է խաժամուժի տիրապետության դարաշրջանը, ամբոխը իշխում է բոլորին… Այն ժամանակ, երբ նրանք, ովքեր ոչինչ չունեին, դարձան ունեւորներ, նախկին ունեւորները անպաշտպան մնացել են քամու բերանին։ Անգամ նախկին իշխանավորները հարկադրված են քծնել նոր բարձրացած դուրսպրծուկներին»։ Եթե այս ընդարձակ մեջբերումը չլիներ 4000-ամյա վաղեմություն ունեցող եգիպտական պապիրուսից, կարելի էր կարծել, թե այն Հայաստանում ներկա պահին տիրող հոգեւոր, քաղաքական, սոցիալական ճգնաժամն արտացոլող ամփոփագիր է, «դեպքի վայրից» հեռարձակվող ռեպորտաժ։ Ավելի խորաթափանցներն այստեղ կտեսնեն նախահեղափոխական իրավիճակ փաստող վկայություն, հեռատեսները՝ ետհեղափոխական իրադրություն նկարագրող գրություն, եւ երկուսն էլ ճիշտ կլինեն՝ միշտ այդպիսին է կացությունը ինչպես նախա, այնպես էլ ետհեղափոխական ժամանակներում։ Իրադրությունների հարակրկնության այս փաստը որոշակի միստիկական ուղղությամբ հուշում է, որ ժամանակը այլ կերպ չի ընթանում, քան շրջափուլային հերթագայությամբ, նիցշեական «հավերժ վերադարձի» պարագծած օրինաչափություններով կամ շպենգլերյան «մշակութային ավարտի» պատմական ձեւաբանության օրենքներով։ Եվ հայտնի է ախտորոշումը՝ հեղափոխություն, գիտակցված են պատճառները՝ հակահեղափոխություն, նույնիսկ մեղավորները։ Ավելի նախնական փուլերում նրանք հերձվածողներն են, միջնադարում՝ կախարդներն ու վհուկները, ապա՝ ճիզվիտները, ֆրանսիական հեղափոխության տարիներին՝ ազնվականությունը, ռուսական հեղափոխության օրերին՝ ֆրանկ-մասոններն ու գերմանական վարձկանները, վերակառուցմանը հետեւած «թավշյա հեղափոխության» ժամանակ՝ մասոնական եւ սիոնիստական ուժերին վաճառված Գորբաչովը, բնականաբար, հայաստանյան ներկա ճգնաժամի հայրը «Ղարաբաղ» կոմիտեն էր, հիմա՝ 2004-ին՝ Սորոսի փողերը, վրացական «վարդերի» հեղափոխությունը եւ Ամերիկայի երկար ձեռքը եւ այլն, եւ այլն։ Այս ամենում ապշեցնում է մի այլ իրողություն. «կայունության» ծակող առասպելի եւ իբր թե այն խաթարելու կոչված ուժերի չկամ մոլեռանդությունը, մի տեսակ դրախտից արտաքսվելու չբացատրվող ցանկություն, ադամական բարդույթի դրսեւորման անընդմեջ կարողություն։ Մի խոսքով, Հայաստանի Հանրապետությունը իր պատմության եւս մի պտույտը կատարեց։ Վարչակազմը կարողացավ առայժմ պաշտպանել իշխանությունը, սակայն ավելի խոցելի դարձնելով պետությունը։ Այսուհետ երկիրը շատ ավելի թույլ է, քան 2003-ի նախագահական ընտրություններից հետո։ Իրավիճակից հաղթանակած դուրս եկավ միայն Քոչարյանը՝ եւս մի ամոթալի էջ գրելով նորանկախ պետության հուսահատեցնող մատյանում։ Պարտվեցին բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր շարունակում են մնալ հաղթողի կողքին։ Եվ հիմա հարցականներն ավելի շատ են, քան հնարավոր պատասխանները։ Երկիրը մտավ փակուղի՝ առաջընթաց հնարավոր չէ եւ յուրաքանչյուր ետքայլ սպառնում է կյանքը վերածել կամայականությունների խրախճանքի ու վհուկների շուրջպարի։ Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ հեղափոխությունները այնքան վտանգավոր չեն, որքան հակահեղափոխությունները։ Եվ չկա ողորմած ձեռքը, որ կանգնեցնի գիլյոտինը։ Ժողովուրդը անօգ է վարչակազմի, ոչնչացնող անիվի դեմ։ Ինչպես միշտ, հակահեղափոխությունը խժռելու է իր լավագույն զավակներին՝ կայունություն հաստատելու անունով։ Ստրուկներին «թույլատրված է շաղակրատել սրտներն ուզածի չափ»։ Նկատված է, որ հոմերոսյան էպոսը նման է հարթաքանդակի. այն չի ավարտվում, այլ պարզապես ընդհատվում է։ Ըստ էության, այդպիսին է ցանկացած պատմության էպոսագրությունը։ Մխիթարիչը իմաստնությունն է, թե այս վիճակն էլ է փոխվելու։ Դեռ ոչ մեկին չի հաջողվել պահպանել այն, ինչ հնարավոր է պահպանել լոկ բիրտ ուժով։ Այն նույն ուժը, որ ստիպեց նահանջել մարդկանց Բաղրամյան պողոտայից, a posteriori հարկադրելու է, որ ցրվի Ազգային ժողովը, նվազագույնը, ինչ պատրաստվում է զիջել Քոչարյանը, վերջին նոխազի զոհաբերման պահեստային տարբերակ, որից հետո՝ լռություն է։ ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել