Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ՎԱՂՎԱ ՕՐԸ

Ապրիլ 17,2004 00:00

ՄԵՐ ՎԱՂՎԱ ՕՐԸ Հեքիաթ իրական մոտիվներով՝ նվիրված հայոց պանծալի ոստիկաններին Ուրբաթ – Թույլ տվեք զեկուցել, պարոն գնդապետ: – Զեկուցեք: – Քաղաքում ամեն ինչ նորմալ է: Իրավիճակը կայուն է եւ վերահսկելի: Ամենուր քար լռություն է: Մարդիկ քայլում են թաթերի վրա, մեքենաները շարժվում են 20կմ/ժ արագությամբ: Թռչունները չվել են, շների պոչերը խուզված են: Օրվա ընթացքում միայն մի ագրեսիվ տարր փորձեց խախտել քաղաքի լռությունը՝ ուզում էր տունը ռեմոնտ անել, միացնելով եռակցման ապարատը: Բայց մեր աչալուրջ ոստիկանները նկատեցին եւ անմիջապես ձերբակալեցին պոտենցիալ ահաբեկչին: – Ապրեք, ապրեք, բայց ինչ-որ անհանգիստ ես երեւում, հը՞: – Այո, պարոն գնդապետ: Լուրեր ենք ստացել, որ արմատական կոդլի ներկայացուցիչներից մեկը պատրաստվում է վաղն ամուսնացնել իր տղային, եւ այստեղ- այնտեղ հայտարարել է՝ հարսանիք եմ անելու, դհոլ-զուռնա եմ բերելու, պարելու ենք, ուրախանալու ենք, թող փորձեն թույլ չտան: – Ի՞՞՞՞նչ: Անմիջապես բերման ենթարկել այդ սադրիչին: Ոչ մի հարսանիք, ոչ մի նվագ: Քաղաքը ձեզ համար պարելու տեղ չի: – Ոչ միայն քաղաքը, պարոն գնդապետ, այդ արմատականները հատուկ իշխանություններին զայրացնելու, նյարդայնացնելու եւ հունից հանելու նպատակով որոշել են հարսին մարզից բերել քաղաք: – Մարզի՞ց: Չհասկացա, բոլոր ճանապարհները փակ չե՞ն: – Փակ են, պարոն գնդապետ, բայց դրանք ասում են՝ գնալու ենք ու մեր հարսին բերելու ենք: – Կստուգեք Երեւանից դուրս եկող եւ Երեւան մտնող երթուղայիններում բոլոր մարդկանց տրամադրությունները: Լավ կստուգեք: Ում տրամադրությունը չհավանեք, տեղում էլեկտրաշոկը միացրեք: Շաբաթ – Թույլ տվեք զեկուցել, պարոն գնդապետ: – Ասա: – Երեկ ամեն ինչ անցավ փայլուն կերպով: Առավոտյան մարզից քաղաք եկող մեքենաները ենթարկվեցին լուրջ վերլուծական ստուգման: Ուղեւորների տրամադրությունները անվերահսկելի էին: Առաջարկեցինք հեռանալ: Չենթարկվեցին օրենքի պաշտպանների օրինական պահանջներին: Այլընտրանք չունեինք, կիրառեցինք հատուկ միջոցներ: – Ապրեք: Հետո՞: – Անմիջապես եկանք հարսանիքի վայրը: Տեսանք դհոլ-զուռնան բերել են, նյարդայնացանք: Կրակեցինք, ջրեցինք, պայթեցրինք: Ոչ մի բարձրագոչ երաժշտության ձայն քաղաքում չհնչեց: – Ապրեք: Կիրակի – Բարի երեկո: Եթերում կիրակնօրյա լուրերն են: Ներկայացնում ենք ոստիկանության մամլո հաղորդագրությունը. «Երկու օր առաջ ոստիկանության հատուկ մարմինները տեղեկություն էին ստացել, որ սպասվում է մեր երկրի սահմանադրական կարգի դեմ ուղղված լուրջ ակցիա, այսպես կոչված՝ հարսանիք: Ակցիան իրականացնելու պատասխանատվությունը ստանձնել էր մարազմի մեջ ընկած արմատական կոդլի ներկայացուցիչներից մեկը: Ոստիկանությանն այլ բան չէր մնում անել, քան սանձել պետության դեմ այդ ստոր դավադրությունը: Մեր հերոսական ոստիկանները եղան դեպքի վայրում, օրինախախտներին առաջարկեցին ցրվել, ներկաները լուրջ դիմադրություն ցույց տվեցին՝ նետելով ոստիկանների ուղղությամբ եփած հավեր, տորթեր, սինիներ եւ սուր կտրող գործիքներ, այսպես կոչված՝ խորովածի շշեր: Մեր աչալուրջ ստուգման արդյունքում հայտնաբերեցինք, որ ներկաները նարկոմանների, ֆայլա-բազարից բերված թափթփուկների, մարմնավաճառների տիպիկ ներկայացուցիչներ էին: Քանի որ նրանք առաջինը սկսեցին հարձակումը, ոստիկաններն անցան մեղմ պաշտպանության: Հատուկ օպերացիայի արդյունքում, երեք րոպե հետո դեպքի վայրում մնացել էին արմատականների քսան դիակ, հարյուր վիրավոր: Ողջ մնացածների դեմ քրեական գործ է հարուցվել՝ սահմանադրական կարգի տապալման եւ հայրենիքի դավաճանության հոդվածներով: Գործողություններին մասնակցած հազար ոստիկանից ինը հարյուր իննսունինը ստացել է տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ: Ոստիկաններից շատերն այս գործողության համար արժանացան «Իմ պահապան հրեշտակ» շքանշաններին: Այս պահին նրանք բոլորը «Կոշի Բերդ» օբյեկտում նշում են իրենց համարժեք գործողությունների բարեհաջող ավարտը: Ի դեպ, հհշական մամուլը լուրեր է տարածում, թե փակ են քաղաք եկող ճանապարհները: Վստահեցնում եմ՝ նման բան չկա: Ուղղակի մարզերում իրականացվում են տրամադրությունների ստուգման գործողություններ: Պետականամետ տրամադրություններով քաղաք մտնելու ցանկություն ունեցողների առջեւ խոչընդոտներ չեն հարուցվում»: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930