«ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ Է ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ» Թ. Մանասերյանը ոչ մեկից նեղացած չէ ԱՄՆ-ում օրինախախտումների մեջ մեղադրված եւ նույն ԱՄՆ դատարանի որոշմամբ լիովին արդարացված ՀՀ ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյանը՝ պնդելով, որ ՀՀ իշխանություններն իր նկամամբ պատշաճ ուշադրություն եւ վերաբերմունք չեն դրսեւորել (ավելին՝ ԱՄՆ ներգաղթի ծառայությունը Թ. Մանասերյանի մասին կեղծ տվյալներ է ստացել պաշտոնական Հայաստանից), չի վիրավորվում կամ նեղանում: Ըստ նրա, չեն նեղանում մեկ թշնամիներից, մեկ էլ՝ խենթերից. «Ես նեղանալ կարող էի, եթե այդ մարդկանց (ՀՀ դեսպանության, հյուպատոսության- Ա.Զ.) պարկեշտությունը տեսած լինեի, եթե ինձ հավատարմության երդում տված լինեին: Վիրավորական է երկրի համար: Ցավ եմ ապրում եւ վշտացած եմ, որ իմ երկիրը կարող է այդպես հեղինակազրկվել օտարի աչքում»: Թ. Մանասերյանի կարծիքով, եթե նման բան պատահեր որեւէ այլ երկրի պատգամավորի հետ, նախագահն անձամբ կզբաղվեր այդ հարցով: Իսկ մեր դեպքում ի վնաս նրա «գործել» է ոչ միայն ԱՄՆ ներգաղթի ծառայության «փնթիությունն ու թափթփվածությունը», այլ պատգամավորի ընդդիմադիր լինելը: «Եղել են դեպքեր ՀՀ ԱԺ պատգամավորից ու նախարարից ցածր պաշտոնյաների հետ: Հափշտակություն, գողություն8230 …մեր ներկայացուցչությունները միջամտել են եւ նույնիսկ շատ կարճ ժամանակահատվածում մոբիլիզացրել անհրաժեշտ միջոցներ»,-ասաց պրն Մանասերյանը՝ խուսափելով անուններ նշել. «այդ մարդիկ հիմա Հայաստանում որոշակի դիրքեր են գրավում»: Օրերս Մանասերյանը ԱՄՆ դեսպանին կհանձնի իր ԱՄՆ մշտական բնակչի կարգավիճակը հավաստող փաստաթուղթը՝ Գրին քարտը: Նման բան Մանասերյանը մեկ անգամ արդեն արել է 2001-ին՝ վերադարձնելով 1994-2004 ժամանակահատվածի համար տրամադրված Գրին քարտը. «Ես ՀՀ քաղաքացի եմ, ԱԺ պատգամավոր, աշխատում եմ Հայաստանում եւ ուզում եմ ազնիվ լինել. ճիշտ չէ պահպանել Գրին քարտը»: Ցանկությունն իրագործելիս Թ. Մանասերյանը բացահայտել է, որ Հայաստանում չեն եղել Գրին քարտը վերադարձնելու նախադեպեր: Ընդդիմադիր պատգամավորը պատրաստ է ՀՀ իշխանություններին նվիրել ԱՄՆ ազատ ելումուտ անելու հնարավորություն տվող այս փաստաթուղթը. «Կարծում եմ դրա կարիքը կունենան, որովհետեւ շատ շուտով որեւէ տեղ, այնուամենայնիվ, պիտի փախչեն: Հայաստանում եւ Ղարաբաղում ոչ ոք նրանց գրկաբաց չի սպասում»: ԱՄՆ օրենքներով չի թույլատրվում Գրին քարտը նվիրել մեկ ուրիշի: Այս փաստը Մանասերյանը ցավով է ընդունում: Իր մասին, իր կարծիքով, ոչ այնքան ճիշտ կամ հնացած տեղեկություններ հաղորդած «Ազատություն» ռադիոկայանին հրապարակավ ներողություն խնդրելու առաջարկ անելուց եւ մերժվելուց հետո, «Ազատությանը» դատի տալու որոշումը առայժմ չի իրագործվի. «Չեմ կարծում, թե հիմա ամենապատեհ առիթն է, որովհետեւ «Ազատությունը» լրատվություն է հասցնում ժողովրդին եւ մնացել է միակ անաչառ աղբյուրը: Հուսամ՝ գոնե մարդկայնորեն հասկացել են, որ այն, ինչ արվեց, որոշակի վատ ազդեցություն ունեցավ: Իրենց խղճին կթողնեմ: Ես թշնամություն չունեմ: «Ազատությունը» ինձ համար հարազատ վայր է: Հինգ տարի եղել եմ ռադիոկայանի թղթակից, եւ աշխատանքների այսօրվա դինամիզմն ու ֆորմատը նաեւ իմ ու իմ ընկերների շնորհիվ է ձեւավորվել»: ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ