Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հարցաքննության են հրավիրվում առաջնորդները

Ապրիլ 17,2004 00:00

Հարցաքննության են հրավիրվում առաջնորդները Մինչ ընդդիմությունը պահանջում է, որպեսզի պատժվեն ապրիլի լույս 13-ի գիշերը խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություններ կատարած անձինք, իշխանությունը հարցաքննությունների է հրավիրում ընդդիմության առաջնորդներին։ Որպես վկա հարցաքննվելու հրավեր են ստացել «Արդարություն» դաշինքի ղեկավար, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության եւ խմբակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, նաեւ՝ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը։ Ստեփան Դեմիրճյանը եւ Վազգեն Մանուկյանը կարծես չեն էլ պատրաստվում գնալ հարցաքննության։ Մասնավորապես, երկուսն էլ ասացին, որ առայժմ խիստ զբաղված են եւ կմտածեն հրավերի մասին, երբ ավելի ազատ կլինեն։ Վազգեն Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հարցաքննության հրավերի թերթիկը բերել են ու թողել հարեւանի տանը, քանի որ իրենք տանը չեն եղել. «Այսօր ժամանակ չունեմ, իսկ ընդհանրապես ցանկություն չունեմ գնալ ոստիկանություն, ինձ 88-ից ի վեր շարունակ հրավիրում են ու ես երբեք էլ ցանկություն չեմ ունեցել գնալու»։ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը ապրիլի 15-ին ընդունել է հրավերը ու գնացել հարցաքննության։ Իր պատմելով՝ հարցաքննությունը տեւել է յոթ ժամ, 147 հարցերից բաղկացած հարցազրույցի շրջանակներում։ Հարցերը եղել են մեկը մյուսից օրիգինալ։ Արտաշես Գեղամյանը մեզ հետ զրույցում ասաց. «ինձ թվում էր պետք է հարցեր տան այն հրոսակախմբի մասին, որ օտարից էլ վատ ծեծում էր խաղաղ ցուցարարներին։ Ինձ թվում էր, պետք է հարցեր տան զոհված ազատամարտիկի մոր մասին, որի ոտքը կոտրվել էր եւ որին դաժանաբար ծեծում էին ոստիկանները։ Սակայն ոչ, այս ամենը նրանց չէր հետաքրքրում։ Իրենց հետաքրքրում էր միայն մեկ հարց՝ Քոչարյանի հրաժարականի պահանջի հարցը։ Իրենք ինձ փաստարկում էին, որ Քոչարյանը առողջական վիճակի պատճառով հրաժարական չի տա, որ առողջ է։ Ասում էին, որ ԱԺ-ն այդ հարցը չի բարձրացնի։ Ուզում էին իմանալ՝ ուրեմն ինչո՞վ ենք մենք առաջնորդվում, որ պահանջում ենք պրն Քոչարյանի հրաժարականը։ Այսպիսի պատասխան տրվեց՝ իսկ այդ ամենը արդյոք չգիտե՞ր Սահմանադրական դատարանը, որը հրապարակեց իր հայտնի որոշումը»։ Պրն Գեղամյանից փորձել են ճշտել, թե ովքեր են պատրաստել ապրիլի 5-ին «ԱՄ» հանրահավաքի ժամանակ ցուցադրված պաստառներն ու նկարները։ Հիշեցնենք, որ նկարներում բացառապես Արտաշես Գեղամյանն էր, իսկ պաստառներին գրված էին հայտնի կարգախոսները. «Քոչարյան՝ հեռացիր», «Ո՛չ, ոչ լեգիտիմ նախագահին» եւ այլն։ Արտաշես Գեղամյանը իրեն հարցաքննողներին ասել է, թե այդ նկարների եւ պաստառների բովանդակային մասի հեղինակը ժողովուրդն է, իսկ տեխնիկական մասը կատարել են ֆայլաբազարի գործազուրկները. «Ազգային միաբանությունը» փորձեց այդպիսով մի փոքր մեղմել համատարած գործազրկությունը եւ մենք աշխատանքի մեջ ներգրավեցինք ֆայլաբազարի շրջակայքի գործազուրկներին»։ Երեկ նույնպես Արտաշես Գեղամյանը մասնակցել է հարցաքննության. «Կարծում եմ, առաջիկա տասը օրերի ընթացքում, մինչեւ Քոչարյանի հրաժարականը, եւս կհարցաքննվեմ»,- երեկ մեզ ասաց «ԱՄ» նախագահը։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել