Լրահոս
Օրվա լրահոսը

Տունը ստացել են, բայց ապրել չեն ուզում

Ապրիլ 16,2004 00:00

Տունը ստացել են, բայց ապրել չեն ուզում Ինչու են «Լինսի» շենքերը թերբնակեցված Գյումրիում «Լինսի» հիմնադրամի միջոցներով կառուցված շենքերից ոչ բոլորն են հարյուր տոկոսով բնակեցված: Հատկապես ձմռան ամիսներին բնակիչները կտրականապես հրաժարվում էին նոր բնակարաններ տեղափոխվելուց՝ դժգոհելով կոմունալ հարմարությունների՝ ջրի, գազի, էլեկտրաէներգիայի եւ այլնի բացակայությունից: «Առավոտին» հասած տեղեկությունների համաձայն, մարզպետարանում կայացած քննարկումներից մեկի ժամանակ որոշվել է խիստ միջոցներ կիրառել այն բնակիչների նկատմամբ, որոնք երկար ժամանակ կհրաժարվեն նորակառույցներ տեղափոխվելուց: Մասնավորապես, ստեղծված հանձնաժողովի երեք այցելությունից հետո դռները փակ գտնելու դեպքում, սպառնում են հատկացումը չեղյալ համարել: Այս եւ մյուս հարցերը ճշտելու նպատակով «Առավոտը» դիմեց կարգավորող հանձնաժողովի նախագահ, փոխմարզպետ Միքայել Վարդանյանին: «Որոշումն իհարկե չի ընդունվել, բայց եթե բնակիչները շարունակեն դռները փակ պահել, հանձնաժողովը ստիպված կլինի համապատասխան սանկցիաներ կիրառել»,- տեղեկացրեց փոխմարզպետը: Թե քանի տոկոսով են «Lինսիի» նորակառույցները բնակեցված, պաշտոնյան խուսափեց պատասխանելուց՝ նշելով, որ դա «լողացող» թիվ է: Փոխարենը վստահեցրեց, որ իրենց երեկոյան այցերի ժամանակ նորակառույց բնակարանների մեծ մասի լույսերը վառվում են: Ի դեպ, մեծ դժգոհություններ են սկսվել «Լինսի» հիմնադրամի միջոցներով ամրացվող շենքերին գազի անվճար հաշվիչներ չտրամադրելու պատճառով: Ինչպես հայտնի է, կառավարությունը այս նպատակով փոխանցել էր 35 մլն դրամ, որը, ըստ փոխմարզպետի, չի բավարարում բոլոր շենքերին: Բանն այն է, որ հատկացվող գումարը հիմնականում նախատեսված է նորակառույցների համար, իսկ ամրացվող շենքերից անվճար հաշվիչներ կստանան միայն աղքատության ամենաբարձր միավորներ ունեցող ընտանիքները: Փաստորեն, կառավարության «նվերից» ոչ բոլորն են օգտվում. 1800 ընտանիքների հարցը մնում է օդի մեջ կախված: «Փարոս» համակարգում ցածր միավորներ հավաքածներն էլ օրումեջ դժգոհություններով ներկայանում են մարզպետարան: Միքայել Վարդանյանը բողոքները բնական է համարում՝ նկատի ունենալով, որ տարիներ շարունակ բնակիչներին հուսադրել են, թե այդ հարցերը պետությունն է լուծելու: Ըստ մեր տեղեկությունների, ամրացվող շենքերում անվճար գազի հաշվիչներ տեղադրելու հարցը, կառավարության եւ Գյումրիի քաղաքապետարանի միջեւ կայացած բանավոր պայմանավորվածության համաձայն, լուծելու էր քաղաքապետարանը՝ պետության կողմից հատկացվող դոտացիայի հաշվին: Ն. ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930