Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԲԱՑՎԵՑ

Ապրիլ 16,2004 00:00

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԲԱՑՎԵՑ Ոստիկանները հեռացան՝ թողնելով ավերածություններ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդներն ու քաղխորհրդի անդամները երեկ եկան հարազատ կուսակցության գրասենյակ, ինչպես եւ նախորդ օրը խոստացել էր Ալբերտ Բազեյանը։ Կուսակցության լիդերներին որեւէ մեկը չխանգարեց մտնել գրասենյակ։ Դուռը փակ էր եւ մի կերպ բացվեց ուժի գործադրմամբ։ Կուսակցության գրասենյակում իսկական սոդոմ-գոմոր էր։ Տպավորությունն այնիսին էր, թե ռումբ են նետել եւ ավերել։ Որեւէ անձեռնմխելի անկյուն չէր մնացել. կոտրելով բացել էին նաեւ կուսակցության չհրկիզվող պահարանը, բոլոր դարակներն ու պահարանները տակնուվրա էին արված: Առաջին հայացքից նկատելի էր, որ տարել են համակարգիչները (թողնելով միայն էկրանային տուփերը)։ Կոտրված էր Արտակ Զեյնալյանի աշխատասենյակի պատուհանը, որտեղից ոստիկանները ներխուժել էին ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը եւ ձերբակալել էին նրան։ Կուսակցության քաղխորհրդի անդամներ Ալբերտ Բազեյանը, Արամ Սարգսյանը, Արտակ Զեյնալյանը եւ Սմբատ Եղիազարյանը կուսակցության մյուս ակտիվիստների հետ փորձում էին նորմալ աշխատանքային պայմաններ ստեղծել։ Գրասենյակի մոտ հավաքվել էին բազմաթիվ կուսակցականներ եւ համակիրներ։ Կուսակցություն այցելեց նաեւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, որին մարդիկ դիմավորեցին ու ճանապարհեցին վանկարկելով՝ «Դե-միրճ-յան»։ Դատապարտելով «Հանրապետություն» կուսակցության եւ ընդդիմության մյուս կուսակցությունների (ՀԺԿ եւ «ԱՄ») գրասենյակների վրա իրավապահների կողմից կատարված ապօրինի հարձակումները, Ս. Դեմիրճյանն ասաց, որ կատարվածի համար մեղավորները պետք է պատասխան տան։ Նախորդ օրը Ալբերտ Բազեյանը հայտարարել էր, որ գրանցված քաղաքական կուսակցությունը զրկված է աշխատելու եւ գործելու հնարավորությունից։ Ակնհայտորեն, միջազգային գնահատականից զգուշանալով, նույն երեկոյան իշխանությունները հայտարարեցին, թե «Հանրապետության» գրասենյակը փակ չէ։ Երեկ ոստիկանները (որոնք մի քանի օր շարունակ «կալանավորել» էին գրասենյակը) արդեն հեռացել էին եւ հեռվից՝ Օպերայի տարածքից էին հետեւում իրավիճակին։ Նախորդ օրը երեկոյան կուսակցության գրասենյակի մոտից արդեն տարել էին Սմբատ Այվազյանի, Ալբերտ Բազեյանի եւ այլոց ավտոմեքենաները։ Սմբատ Այվազյանին խնդրեցինք մեկնաբանել իր եւ իր ավտոմեքենայի հետ կատարվածը. «Օրենքի կոպիտ խախտում է տեղի ունեցել։ Որեւէ մեկը ինձ տեղյակ չի պահել, թե ինչո՞ւ եւ ո՞ւր են տանում իմ մեքենան։ Մեքենայի վարորդը հիվանդ է եւ այդ պատճառով է մեքենան մնացել գրասենյակի մոտ։ Ես կխորհրդակցեմ փաստաբանների հետ եւ օրենքին համապատասխան՝ դատի կտամ այդ դեպքի կապակցությամբ։ Կարծում եմ, մեքենային լուրջ վնաս հասցրած կլինեն եւ չգիտեմ՝ ով է դրա համար պատասխան տալու»։ Իր անվան շուրջ հրապարակված լուրի կապակցությամբ (որ իբր Սմբատ Այվազյանը վարձել է ահաբեկիչներ), ասաց. «Ես պահանջելու եմ, որ այդ հերյուրանքների համար ինձնից ներողություն խնդրեն։ Իսկ տարածված տեղեկատվությամբ, ըստ երեւույթին, փորձում էին մի փոքր մեղմել ապրիլի 12-ի լարված իրավիճակը։ Թե չէ ի՞նչն էր պատճառը, թող մի քանի օր առաջ փորձեին պարզաբանել, հարցաքննել, ճշտել, հետո միայն տարածել այդ լուրը։ Հիմա շատ մարդ շատ մարդու մասին կարող է ինչ-որ բան ասել, ուրեմն հեռուստատեսությամբ պետք է այդ մասին խոսե՞լ»։ Արամ Սարգսյանը նկատեց, որ հանրապետության բնակչության 90%-ը դեմ է Ռ. Քոչարյանին. «Մարդիկ հավաքվել էին, ապրիլի 12-ի երեկոյան ժամը 20-21-ի սահմաններում միանշանակ հսկայական բազմություն էր հավաքվել Բաղրամյան պողոտայում, այսինքն՝ կրիտիկական այն մասսան, որն ուզում էին տեսնել միջազգային մի շարք կառույցներ։ Բայց մենք հասկանալով, որ մարդիկ հոգնած են ու սոված, խորհուրդ տվեցինք գնալ հաց ուտել, հետո էլ հարեւաններին վերցնել-գալ։ Կապ չունի՝ քանակությունը մեծաթիվ կլինի, թե փոքրաթիվ, կարեւորը՝ կա որակ։ Եթե Վրաստանի հետ այդքան սիրում են զուգահեռներ տանել, ապա Վրաստանի դեպքերը սկսվեցին 300-500 մարդով»։ Ընդդիմադիր պատգամավորների հնարավոր ձերբակալման մասին խոսելով, Արամ Սարգսյանը նկատեց. «Քաղաքականության մեջ մտնելով, ես հաշվարկել եմ, որ հնարավոր է ամեն ինչ։ Ասենք՝ ձերբակալեն։ Թող ձերբակալեն, դրանից ի՞նչ է փոխվելու։ Երեխեքը կելնեն, հեղաշրջում կանեն։ Էս երկիրը չի ընդունում իրեն։ Ինքն էլ գիտի, որ չեն ընդունում» (խոսքը Ռ. Քոչարյանի մասին է -Մ. Ե.)։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930