Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՐԱՄԱՆ ԿԱՏԱՐՈՂՆԵՐՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ԵՆ

Ապրիլ 16,2004 00:00

ՀՐԱՄԱՆ ԿԱՏԱՐՈՂՆԵՐՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ԵՆ Երբ լրագրողների դեմ հերթական հարձակումից հետո բոլորը դարձյալ սկսեցին հայտարարել, թե անպայմա՛ն պիտի պատժվեն բռնարարքներ կատարողներն ու կազմակերպիչները՝ վերհիշեցի ոստիկանության աշխատակիցների հետ զրույցներս, որոնք խիստ շահագրգիռ հետաքրքրվում էին, թե իշխանափոխություն կլինի՞, ընդդիմությունը կկարողանա՞ ինչ-որ բանի հասնել: Խնդիրն անգամ իսկ այն չէր, որ ակնհայտ էր ցանկությունը՝ ճիշտ կողմնորոշվել, ու հանկարծ չնյարդայնացնել ուժեղներին: Լրագրողների դեմ արդեն իսկ մեկշաբաթյա վաղեմության բռնության (թեեւ ինձ բացատրել են, որ 1-2 անգամ խփելը դեռ ծեծ չի) գործի ընթացքն էլ է պայմանավորված այդ ամենով: Կփոխվի՞ իշխանությունը՝ գուցե պատասխանատվության ենթարկվեն մեր հայկական «սքինհեդները»: Իսկ մինչ այդ ո՞վ պիտի ձեռք տա նրանց. չէ՞ որ սեփական ցանկությամբ չէին նրանք հայտնվել «Ազգային միաբանության» հանրահավաքում եւ նետում իրենց ձվերը: Չէ՞ որ դրանից դեռ մեկ շաբաթ առաջ՝ գործարարների հայտարարության կապակցությամբ էր ե՛ւ մեր թերթը, ե՛ւ այլ պարբերականներ հրապարակել տեղեկություններ, որ ընդդիմության դեմ պայքարի շրջանակներում ծրագիր է մշակվել, ըստ որի՝ հանրահավաքի օրերին ժողովրդի դեմ պետք է հանվեն օլիգարխների թիկնապահները, որոնք պիտի սադրանքներ կազմակերպեն, հրահրեն բախումներ ու կռիվներ: Այդ թիկնապահների պատկերները կան, առանձին դեպքերում հայտնի են անգամ այլ տվյալներ՝ անունները, բնակության վայրերը, մեքենաների կամ բջջայինների համարները եւ ամենակարեւորը՝ ում են ծառայում նրանք: Սակայն իրավապահներին առավել հետաքրքրում է, թե որտեղից ենք ստացել այդ տեղեկությունները: Իսկ «սքինհեդներն» առայժմ ապահովագրված են, քանի որ ընդամենը հրահանգ են կատարել: Այնպես որ՝ ո՛չ նրանք, ո՛չ էլ տեսախցիկ ջարդող կամ հափշտակող ոստիկանները չեն ենթարկվի պատասխանատվության, ինչպես պահանջում է ե՛ւ մեր, ե՛ւ միջազգային հանրությունը: Եվ լրագրողներն էլ, ինչպես եւ Հայաստանի այլ քաղաքացիներ, ապահովագրված չեն լինելու բռնություններից եւ «հատուկ միջոցներից»՝ ուզում է, յուղաներկով բոլոր շորերի վրա գրեն մամուլ, ինչպես երեւի պատկերացնում է ՊՆ նախարարը, ուզում է՝ հակագազերով գնան լուսաբանելու հանրահավաքները, որ չխեղդվեն արցունքաբեր գազից՝ ինչը հետեւում է Երեւանի ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի պետի պարզաբանումներից: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել