Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բաղրամյան պողոտան պարելու տեղ չի»

Ապրիլ 16,2004 00:00

«Բաղրամյան պողոտան պարելու տեղ չի» Երեկ այս նույն դիտարկումն արեցին ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանը երեկ հանդիպեց Միավորված կոմունիստական կուսակցության բյուրոյի անդամների հետ: Գուցե անտեղյակ լինելով, որ ՄԿԿ-ի ղեկավարները պաշտպանել են իր թեկնածությունը՝ նրանց անվանեց ընդդիմադիր: Այդ ընդդիմադիրները հանդիպման ընթացքում շեշտեցին. մեջբերում ենք նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրությունից. «Ոչ մի դեպքում ընդդիմության որեւէ գործողություն չպետք է ուղղված լինի երկրի կայունության դեմ»: Քոչարյանն էլ իր հերթին վերջին օրերի դեպքերի առնչությամբ հայտարարեց. «Կատարվածի պատասխանատվությունն առաջին հերթին ընկնում է քաղաքական ծայրահեղականություն քարոզող ուժերի վրա»: Նաեւ նշեց, թե ձեռնարկված միջոցառումները համարժեք էին, եւ ոստիկանությունը կարգ ու կանոն հաստատելու համար կիրառել է միմիայն թույլատրելի միջոցներ: Ծաղրեց այն փաստը, որ ընդդիմադիրները պարում էին, հեգնելով, թե ոստիկանությունը երեւի պիտի ներողություն խնդրի, որ հեղաշրջմանն ուղղված քայլերը շփոթել է երգի-պարի փառատոնի հետ: Ռոբերտ Քոչարյանը նաեւ ասաց. «Այսօր ընդդիմությունը բոլոր հնարավորություններն ունի վերադառնալու բնականոն աշխատանքի դաշտ, եթե դա չարվի եւ ընտրվի այլ ճանապարհ, ապա իշխանությունն ունի օրենքով սահմանված բավարար ներուժ` ժողովրդին պաշտպանելու եւ կանխելու համար անօրինականության ցանկացած դրսեւորում»: Իսկ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը երեկ Թալինում անդրադառնալով ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը տեղի ունեցած բռնություններին՝ ասաց. «Ոստիկանության գործողություններին իրավասու է գնահատական տալ դատախազությունը: Եվ այդ գնահատականը երեկ հնչել է»: Նշենք, որ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպման ժամանակ նշել էր, թե ոստիկանները պիտի խրախուսվեն այդ գործողության համար: «Չեմ կարծում, որ Բաղրամյան փողոցը պարելու համար նախատեսված տեղ է: Չեմ կարծում, որ նույնիսկ, եթե ինչ-որ մեկը ցանկանում էր այնտեղ պարել, ոստիկանի արդարացի պահանջին պետք է հետեւեր շշերով, քարերով հարձակում ոստիկանների վրա»,- ասաց Սերժ Սարգսյանը: Անդրադառնալով լրագրողների նկատմամբ գործված բռնություններին, ՊՆ նախարարն ասաց. «Ինքնին ձայնագրիչ կամ տեսախցիկ ունենալը չի նշանակում, որ մարդիկ ժուռնալիստ են: Կարծում եմ, որ մանավանդ այդպիսի միջոցառումների ժամանակ լրագրողները պարտավոր են ինչ-որ ձեւի ցույց տան, որ լրագրող են»: Առաջարկեց, որ զգեստների վրա դիմացից կամ ետեւից գրեն «մամուլ»: Սակայն նշենք, որ առանց որեւէ գրության էլ փոխոստիկանապետ Հովհաննես Վարյանը գիտեր, որ Հայկ Գեւորգյանը լրագրող է: «Ընդհանրապես ես կարծում եմ, որ ծեծը վատ բան է: Ինձ համար այնքան էլ տարօրինակ չի, թե ինչու լրագրողները, երբ որ դա իրենց նկատմամբ է լինում, շատ ավելի ցավոտ են ընդունում, քան եթե դա ուրիշների նկատմամբ է: Ինչ-որ տեղի է ունեցել Բաղրամյան պողոտայում «ծեծ» անվանելը նորից իմ գործառույթների մեջ չի մտնում, դա, կարծում եմ, իրավապահների գործառույթն է»,- ասաց Սերժ Սարգսյանը: «Ծեծելը վատ բան է» խոսքերից ընդամենը քիչ անց իրավապահները Թալինի հիվանդանոցում քաշքշելով եւ հարվածելով, բռնությամբ մեքենա նստեցրին եւ իրենց հետ տարան մոտ 70 տարեկան մի ընդդիմադիր ծերունու, որը ցանկանում էր իր դժգոհությունները հայտնել ՊՆ նախարարին կամ ԱՄՆ դեսպանին: Չանսացին անգամ նրա «մեծ մարդ եմ, մի՛ արեք» խոսքերին: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել