Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հ1-Ը ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԻՆ ՉԻ ԳՈՀԱՑՆՈՒՄ

Ապրիլ 16,2004 00:00

Ֆրանսահայ
արվեստաբան Լեւոն Մոմջյանը արդեն տեւական ժամանակ է՝ համագործակցում է հայաստանցի
արվեստագետների հետ:
Ֆրանսիական մշակույթում ունեցած ներդրումների համար նա արժանացել է Ֆրանսիական Հանրապետության ասպետի շքանշանի, պետական պարգեւ, որով ժամանակին մեծարել են նաեւ Օհան Դուրյանին:

Բացի համերգներ կազմակերպելուց, Լ. Մոմջյանն աջակցում է Երեւանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի լավագույն ուսանողներին՝ կատարելագործվելու Ֆրանսիայում: Պատրաստվում է օրերս հանդիպել նաեւ մշակույթի նախարարի հետ, որպեսզի «լավ պայմաններու մեջ կապ հաստատենք մշակութային հողի վրա, դրանից հետո էլ հրավիրենք լավ ձայներ, որ Փարիզ կոնցերտ տան, հետո խտասալիկ (CD) շինենք»: Վերջին անգամ Լ. Մոմջյանի հրավերով Ֆրանսիա է մեկնել երգչուհի Աննա Մայիլյանը, որի համերգները տեղի հանդիսատեսի դրական արձագանքին են արժանացել:

Շուտով Ֆրանսիայում կնշվի Կարպիս Ափրիկյանի՝ «Սիփան-Կոմիտաս» երգչախումբը ղեկավարելու 60 տարին: Այս առիթով եւս Լ. Մոմջյանի նախաձեռնությամբ հայաստանցի արվեստագետներ կմեկնեն Փարիզ: Բանակցություններ են տարվում Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը Ֆրանսիա հրավիրելու ուղղությամբ, ինչը, սակայն, մեծ ծախսերի հետ է կապված:

Պրն Մոմջյանը հայաստանյան բոլոր իրադարձություններին Փարիզից հետեւում է Հանրային հեռուստաընկերության հաղորդումների միջոցով: «Շատ դժգոհ ենք,- ասում է նա,- ընդհանուր տպավորությունս այն է, որ Հանրային հեռատեսիլի ստեղծագործական պատասխանատվությունը պատահական մարդկանց է վստահված»: Նրան հատկապես վրդովեցրել էր Ամանորի առիթով ցուցադրված եւ ապրիլի 7-ին էլ կրկնված «Սիրո աստղ» տեսաֆիլմը (ռեժիսոր՝ Սուրեն Ռշտունի), որը պրն Մոմջյանը համարում է «անճաշակության եւ տեքնիկ սխալների կուտակում»: «Այս երգախառն հին ցուցադրությունը, որ նույնիսկ վոդեւիլի մակարդակի չէ, հիշեցնում է հիսունական թվականների «վարդի ջուրով» համեմված եւ համեմատաբար շատ ավելի ճոխ հնդկական ու միջին արեւելյան տկար շարժանկարների շարքը… Հեռատեսիլը իրականում ամբոխների առջեւ պիտի դուռ բանար դեպի մշակույթն ու նրա գագաթները, մինչդեռ մեզ մատուցած «Սիրո աստղը» հագեցած էր ամբոխային գռեհկություններով, որոնցից մեր զավակները ոչինչ չունին սովորելու»,- փաստեց արվեստաբանը: Նրա համոզմամբ, սա ցուցադրված միակ խոտանը չէ Հ1-ով:

Արվեստաբանը տեղեկացրեց, որ ամեն անգամ Հայաստան գալով՝ ինչ-ինչ դիտողություններ է անում հեռուստաընկերության ղեկավարությանը, եւ արդյունքում որոշ թերություններ արդեն շտկվել են: «Դեկորացիայի տկարություն ունեին, միշտ ֆոնը սեւ էր: Ճաշակ չկար: Հայաստանի մյուս ալիքները կնայինք հոս, դրանք ավելի լավն են, քան առաջին ալիքը: Ճիշտ է, հիմա Հ1-ի մռայլ գույները փոխվեցան, աղջիկները ավելի աղվոր հագնվեցան, բայց լեզուն մաքուր չէ, վատ հայերենով կխոսին»,- կարծում է Լ. Մոմջյանը: Նա տեղյակ է Ա1+-ի փակման պատճառներին, ափսոսում է, որ այդ հեռուստաընկերությունը այլեւս չի գործում:

Ըստ Լ. Մոմջյանի, վերջին տարիներին հայաստանցի կանայք այնքան են գեղեցկացել, որ կարող են մրցել անգամ եվրոպացիների հետ:

Ի դեպ, բացի մշակութային օջախներ հաճախելու մտադրությունից, արվեստաբանը որոշել էր հանրահավաքի էլ մասնակցել, որպեսզի ամեն ինչ ականատեսի աչքերով ներկայացներ Ֆրանսիայում, սակայն վերջին պահին հրաժարվել էր «վտանգավոր» մտադրությունից: Քանզի լսել էր, որ հանրահավաքի ժամանակ բռնություններ են տեղի ունեցել:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել