Ինչու են «Լինսի» շենքերը թերբնակեցված
Գյումրիում «Լինսի» հիմնադրամի միջոցներով կառուցված շենքերից ոչ բոլորն են հարյուր տոկոսով բնակեցված: Հատկապես ձմռան ամիսներին բնակիչները կտրականապես հրաժարվում էին նոր բնակարաններ տեղափոխվելուց՝ դժգոհելով կոմունալ հարմարությունների՝ ջրի, գազի, էլեկտրաէներգիայի եւ այլնի բացակայությունից:
«Առավոտին» հասած տեղեկությունների համաձայն, մարզպետարանում կայացած քննարկումներից մեկի ժամանակ որոշվել է խիստ միջոցներ կիրառել այն բնակիչների նկատմամբ, որոնք երկար ժամանակ կհրաժարվեն նորակառույցներ տեղափոխվելուց: Մասնավորապես, ստեղծված հանձնաժողովի երեք այցելությունից հետո դռները փակ գտնելու դեպքում, սպառնում են հատկացումը չեղյալ համարել: Այս եւ մյուս հարցերը ճշտելու նպատակով «Առավոտը» դիմեց կարգավորող հանձնաժողովի նախագահ, փոխմարզպետ Միքայել Վարդանյանին: «Որոշումն իհարկե չի ընդունվել, բայց եթե բնակիչները շարունակեն դռները փակ պահել, հանձնաժողովը ստիպված կլինի համապատասխան սանկցիաներ կիրառել»,- տեղեկացրեց փոխմարզպետը: Թե քանի տոկոսով են «Lինսիի» նորակառույցները բնակեցված, պաշտոնյան խուսափեց պատասխանելուց՝ նշելով, որ դա «լողացող» թիվ է: Փոխարենը վստահեցրեց, որ իրենց երեկոյան այցերի ժամանակ նորակառույց բնակարանների մեծ մասի լույսերը վառվում են:
Ի դեպ, մեծ դժգոհություններ են սկսվել «Լինսի» հիմնադրամի միջոցներով ամրացվող շենքերին գազի անվճար հաշվիչներ չտրամադրելու պատճառով: Ինչպես հայտնի է, կառավարությունը այս նպատակով փոխանցել էր 35 մլն դրամ, որը, ըստ փոխմարզպետի, չի բավարարում բոլոր շենքերին: Բանն այն է, որ հատկացվող գումարը հիմնականում նախատեսված է նորակառույցների համար, իսկ ամրացվող շենքերից անվճար հաշվիչներ կստանան միայն աղքատության ամենաբարձր միավորներ ունեցող ընտանիքները: Փաստորեն, կառավարության «նվերից» ոչ բոլորն են օգտվում. 1800 ընտանիքների հարցը մնում է օդի մեջ կախված:
«Փարոս» համակարգում ցածր միավորներ հավաքածներն էլ օրումեջ դժգոհություններով ներկայանում են մարզպետարան: Միքայել Վարդանյանը բողոքները բնական է համարում՝ նկատի ունենալով, որ տարիներ շարունակ բնակիչներին հուսադրել են, թե այդ հարցերը պետությունն է լուծելու: Ըստ մեր տեղեկությունների, ամրացվող շենքերում անվճար գազի հաշվիչներ տեղադրելու հարցը, կառավարության եւ Գյումրիի քաղաքապետարանի միջեւ կայացած բանավոր պայմանավորվածության համաձայն, լուծելու էր քաղաքապետարանը՝ պետության կողմից հատկացվող դոտացիայի հաշվին:
Ն. ԱՐԵՎՇԱՏՅԱՆ