«Վարդային» զուգահեռներ
Ռուսաստանյան եւ արեւմտյան վերլուծաբանների կողմից Հայաստանում
ծավալվող իրադարձություններին տրվող գնահատականներն առնվազն մի կետում համընկնում
են. ՀՀ-ում վրացական «վարդերի հեղափոխության» սցենարը կիրառելի չէ, իսկ ավելի
ճիշտ՝ այն կիրառելի չէ գոնե այսօր:
Մնացյալ մեկնությունները տրամագծորեն տարբերվում են: Օրինակ, ռուսները, որոնք ոչ առանց հիմքի ընկալվում են իբրեւ Քոչարյանի աջակիցներ, առանձնապես խորամուխ չլինելով վերջինիս գործողությունների օրինականության մեջ, շեշտում են ՀՀ փաստացի իշխանությունների կազմակերպվածությունն ու ընդգծված կենտրոնաձիգ բնույթը: Այս որակները մատուցվում են իբրեւ ինքնին դրական ձեռքբերումներ, քանզի դրանց շնորհիվ հաջողվում է խուսափել անիշխանությունից եւ համատարած քաոսից: Մի բան, ինչն առկա էր Վրաստանի պարագայում: Սակայն, թե որքանով է իշխանության կազմակերպվածության այդ՝ ըստ էության բռնապետական կերպը նպաստում բնակչության սոցիալ-տնտեսական հիմնարար հարցերի կարգավորմանն ու, որ պակաս կարեւոր չէ՝ քաղաքացիական-ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը, ռուսական քաղաքագիտական միտքն այս մասին հիմնականում լռում է: Արեւմտյան վերլուծաբանները խնդրին մոտենում են ճիշտ հակառակ դիրքերից: Չժխտելով, որ Քոչարյանն, ի տարբերություն Շեւարդնաձեի, իսկապես հաջողությամբ իր ձեռքում է պահում երկրի վարչա-իշխանական լծակները, Արեւմուտքում ավելի հակված են կարծել, որ հայկական «վարդերի» անհաջողության գաղտնիքն ամփոփված է ոչ թե առկա բիրտ ավտորիտարիզմի, այլ հենց հասարակության քաղաքացիական իներտության մեջ: «Դա իհարկե չի նշանակում, որ հայերն ավելի քիչ են գնահատում ժողովրդավարական արժեքները: Պարզապես Հայաստանում չափազանց զգալի է ինչ որ բան փոխելու նմատմամբ վստահության ռեսուրսի բացակայությունն ու ընդհանուր անպաշտպանվածության զգացումը»,- գրում է գերմանական պարբերականներից մեկը, հավելելով, որ այդ վիճակը ոչ մի դեպքում չի կարող մեկնաբանվել, իբրեւ գործող իշխանության արժանիք: Այս մոտեցումը, փոքր-ինչ այլ երանգավորմամբ, զարգացրել է ամերիկյան «Ուոլդ սթրիթ Ջոռնլ»-ը, գրեթե բացեիբաց ակնարկելով, որ անհրաժեշտ է օգնել Հայաստանին՝ ժողովրդավարության հաստատման գործում: Իսկ թե ամերիկյան այս պարբերականի կարծիքով հայ հասարակայնությունն ինչպես է վերաբերվում երկրում տիրող վարչակազմին, այդ մասին արդեն նշել ենք «Առավոտի» երեկվա համարում: Հիշեցնենք. «մեծ թվով հայեր դեմ են Ռ. Քոչարյանի կոռումպացված եւ անգործունյա վարչակազմին»: Այսպիսով, «Ուոլդ սթրիթ Ջոռնլ»-ը, փաստորեն, հասկացրել է, որ վրացական հեղափոխության հաջողությունը զգալիորեն պայմանավորված էր նաեւ Ամերիկայի օգնությամբ. մի բան, որ տեղի չի ունեցել ՀՀ-ի պարագայում: Քաղաքականությունն ամենամեծ, ամենաեկամտաբեր, միեւնույն ժամանակ՝ ամենառիսկային բիզնեսի տեսակներից է: Քաղաքագիտական այս հայտնի աֆորիզմի տրամաբանությամբ, Արեւմուտքն ու, մասնավորաբար, ԱՄՆ-ը դեռեւս չեն վճռել լուրջ ջանքեր, հետեւաբար նաեւ՝ լուրջ փողեր ներդնել Հայաստանի քաղաքականության մեջ: Սակայն, այդ վճռի կայացումն ընդամենը ժամանակի հարց է: Այլ խնդիր, որ իրական ժողովրդավարացման ճանապարհին շատ ավելի գնահատելի եւ օգտակար է հասարակության ներքին՝ սեփական ջանքը:
Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ