Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿՈԱԼԻՑԻԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿՆ ԱՐԵՑ

Ապրիլ 16,2004 00:00

Կոալիցիոն երեք քաղաքական ուժերը վերջին շրջանում հաճախ են հանդես գալիս երկխոսության հայտարարություններով։

Երեկ հրապարակվեց դրանցից վերջինը։ Մինչ հայտարարության որոշ երանգների անդրադառնալը, նշենք, որ երեք քաղաքական ուժերի հայտարարության մեջ որեւէ բառ չկա ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը տեղի ունեցած բռնությունները դադապարտելու եւ մեղավորներին պատժելու մասին։ Իսկ այդ գիշեր կատարվածը հայտարարության մեջ որակվել է որպես «ընդհարում» եւ ոչ որպես հարձակում խաղաղ ցուցարարների վրա։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «քաղաքական կոալիցիայի անդամ կուսակցություններն իրենց հայտարարություններով, երկխոսության առաջարկներով բազմիցս նախազգուշացրել են նման զարգացումների անցանկալի հետեւանքների մասին։ Ապրիլի 12-13-ի ցավալի ընդհարումը եւ դրան հաջորդած իրադարձությունները մեկ անգամ եւս ապացուցում են, որ ողջ հասարակությունն է տուժում առճակատման եւ բախումների կործանարար հետեւանքներից։ Երկխոսությունը բացառող գործելաոճը ավելի է նվազեցնելու իրադարձությունների հանգուցալուծման մեջ քաղաքական ուժերի ազդեցությունը եւ քաղաքական լուծումների հնարավորությունը, գործընթացները մնալու են իրավական հարթությունում, որտեղ արդեն գործում է սոսկ օրենքի տառն ու ոգին։ Քաղաքական կոալիցիան, ելնելով այն համոզմունքից, որ երկխոսությունն այլընտրանք չունի եւ երբեք ժամանակավրեպ լինել չի կարող, վեր կանգնելով իր հասցեին հնչած մեղադրանքներից, եւս մեկ անգամ առաջարկում եւ ներկայացնում է այն խնդիրները, որոնց լուծումը ընդդիմության հետ միասնաբար, երկրում կերաշխավորի իրական առաջընթաց եւ ժողովրդավարական բարեփոխումների խորացում, հասարակությանը չտարանջատելով հաղթողների եւ պարտվողների»։

Հայտարարության մեջ մատնանշված երկխոսության չոր խնդիրներից բացի, կոալիցիան հետաքրքրական առաջարկ է անում՝ «կոալիցիան պատրաստ է ընդդիմության առաջարկությամբ քննարկել հանդիպման օրակարգը երկրի առջեւ կանգնած այլ հիմնախնդիրներով լրացնելու հնարավորությունը։ Համաձայնության կայացումը երկրում կստեղծի նոր իրավիճակ եւ հնարավորություն կտա լուծելու կուտակված խնդիրները»։ Իսկ իբրեւ երկխոսության թեմաներ կոալիցիան առաջարկում է հետեւյալը. սահմանադրական բարեփոխումներ, ԸՕ-ի փոփոխություններ, հակակոռուպցիոն պայքարում ընդդիմության գործուն մասնակցության ձեւերի մշակում, ԵԽ-ի առջեւ ստանձնած պարտավորությունների հստակ ժամանակացույցով կատարում։ Կոալիցիայի հայտարարությունը երեկ ընթերցեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը՝ ժամը 16-ին ԱԺ-ում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Նոյյան տապանի» լրագրողը այս մասին հարց ուղղեց կոալիցիայի ներկայացուցիչներին, փորձելով ճշտել՝ ընդունվո՞ւմ է նման պայմանը։ Հարցին պատասխանեց Գալուստ Սահակյանը, որը նկատեց, թե նման գործերը հետաքննության պրոցեսում են. «եւ եթե նման գործողություններ են կատարվել, որոնք քրեորեն պատժելի են, կարծում եմ, երկխոսությունը կնպաստի»։ Գալուստ Սահակյանը հնարավոր համարեց երկխոսությունը կոնկրետ առաջարկված կետերի եւ ոչ միայն այդ կետերի շուրջ, այլ՝ բոլոր հնարավոր քննարկելիք խնդիրների շուրջ։ Լեւոն Մկրտչյանը նկատեց, որ կոալիցիայի հայտարարությունը վկայում է, որ «կոալիցիան իբրեւ պատասխանատու քաղաքական ուժ պատրաստ է այս թեմաների շուրջ սկսել երկխոսություն, հակառակ պարագայում՝ գործընթացները տեղափոխվում են իրավական հարթություն, քաղաքական լուծումների հնարավորությունը հնարավորինս պակասում է»։

«Իրավունքի» հարցին՝ ի վերջո, կոալիցիան քաղաքական եւ բարոյական պատասխանատվություն զգո՞ւմ է ապրիլի լույս 13-ի գիշերը կատարվածի համար, Գալուստ Սահակյանն ասաց. «Նայած կատարվածի մեկնաբանությունը ինչպե՞ս եք ներկայացնում։ Մի քանի անգամ ես ինքս կրկնել եմ, որ մենք պատասխանատու ենք երկրում կատարվող բոլոր երեւույթների համար, միեւնույն է, դա կլինի ընդդիմության թե դիմության կողմից։ Այո, մենք այսօր իշխանություն ենք եւ այդ պատասխանատվությամբ էլ խնդիրը ուզում ենք տեղափոխել քաղաքական դաշտ եւ համոզված ենք, որ լուծումներ կգտնենք»։ «Առավոտի» հարցը. արդյո՞ք հայտարարությունը կոալիցիան համաձայնեցրել է Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի հետ, եւ այս իրավիճակում հնարավո՞ր է վարչապետի փոփոխությունը։ Մեր հարցերը Գալուստ Սահակյանը որակեց «խայթոցներ պարունակող» եւ ասաց, որ երկրում տեղի ունեցող ամեն ինչի «պատասխանատուն եւ երաշխավորը ՀՀ նախագահն է, եւ մենք ոչ թե համաձայնեցնում ենք, այլ քննարկում ենք ընդամենը, որի արդյունքում կարողանում ենք նաեւ գործողություններ կատարել»։ Իսկ վարչապետի փոփոխության մասին խոսելով, Գալուստ Սահակյանն ասաց. «երեք-չորս տարի է կրկնվում է՝ վարչապետը փոխվելո՞ւ է, թե՞ ոչ, մի՞թե էս երկրում ուրիշ գործընթացներ չկան եւ մենք չենք տեսնում, թե ի՞նչ քայլեր պիտի արվի, որպեսզի հնարավոր լինի երկիրը առաջ տանել»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
Կոալիցիայի ներկայացուցիչները լրագրողների հարցերին պատասխանում
էին «ջղաձգված» եւ բավականին անմեղ հարցերին՝ «ոչ համարժեք» ագրեսիվ ինտոնացիայով։
Ուզում ենք հավատալ, որ նրանք մարդկայնորեն ընկճվում էին, որ իրենց հնարավորություն
չի տրվել դատապարտել խաղաղ ցուցարարների եւ լրագրողների հանդեպ բռնությունները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել