Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՈՉԱՐՅԱՆԸ ԲԵՐԴ Է ԳՆԱԼՈՒ

Ապրիլ 15,2004 00:00

«ՔՈՉԱՐՅԱՆԸ ԲԵՐԴ Է ԳՆԱԼՈՒ Երեկ Մամուլի ազգային ակումբում արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներն ու Ազգային ժողովի պատգամավորները քննարկեցին ներքաղաքական ճգնաժամը եւ դրա հաղթահարման ուղիները: Ավելի ուշ նրանց միացան «Արդարություն» խմբակցության պատգամավորներ Շավարշ Քոչարյանն ու Արշակ Սադոյանը: ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը ոստիկանների ծեծուջարդը որակելով որպես հանցագործություն, նկատեց. «Նույնիսկ ռազմաճակատում հակառակորդին միջանցքներ են տալիս, որպեսզի խաղաղ բնակչությունը դուրս գա, այս դեպքում ժողովրդին շրջափակել են հատուկ նպատակով՝ դաս տալու, ծեծելու: Սա իրեն թույլ կտար միայն ժողովրդին ատող մարդը: Նրա կարծիքով, ընդդիմությունը երբեք չպետք է հույսը դնի օտարի վրա. «Ես համոզված եմ, իշխանափոխություն սկսելու համար մեր ընդդիմությունը Մոսկվայից «դաբրո» էր ստացել»: Աժ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի համոզմամբ, կատարվածի համար պետք է պատասխանատվության ենթարկել կոալիցիան ներկայացնող քաղաքական ուժերին. «Նման դեպքերում խորհրդարանը պարտավոր է արտահերթ նիստ գումարել, մինչդեռ Աժ-ն հրաժարվեց հերթական նիստից»: «Քրիստոնեադեմոկրատների» կուսակցության ղեկավար Խոսրով Հարությունյանի կարծիքով «Աժ-ն դրսեւորեց իր քաղաքական իմպոտենցիան, եւ մինչեւ չլինեն նոր ԱԺ ընտրություններ՝ իրավիճակը չի շտկվելու»: ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանն էլ «Երեւանում ծնված172մեծացած վարչապետ Անդրանիկ Մարգարյանին» խորհուրդ տվեց հրաժարական տալ եւ իր կուսակցությունով ժողովրդի կողմն անցնել: Մ. Գասպարյանի կանխատեսումների համաձայն, Քոչարյանը դեռեւս 2-3 ամիս հրաժարական չի տալու. «մի անգամ էլ է արյուն հանելու, բայց դրանից հետո հանձնվելու է եւ անպայման բերդ է գնալու՝ ի տարբերություն նախորդ իշխանությունների»: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել