ԳՈՐԾՆԱԿԱՆ ԵՎ ԱՆՏԵՂՅԱԿ Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերվա արյունալի միջադեպից, բազմաթիվ քաղաքացիների եւ լրագրողների ծեծելուց հետո, երեկ ՀՀ կառավարությունը առաջին անգամ էր նիստի հավաքվել։ Նախագահել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Ըստ ֆինանսների եւ էկոնոմիկայի առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանի, կառավարության անդամների տրամադրությունը եղել է գործնական։ Գործնականն այս դեպքում, թերեւս, բազմիմաստ է հնչում։ Իսկ նիստից հետո լրագրողներին ներկայացան կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը, Պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանը եւ Պավել Սաֆարյանը։ Մենք էլ փորձեցինք ճշտել նրանց անձնական կարծիքն ու զգացողությունները հիշատակված արյունոտ գիշերվա մասին։ Ըստ Ս. Երիցյանի. «Ցանկացած երկրում պետք է կարողանալ գործել սահմանադրորեն, պահպանել Սահմանադրության տառն ու դրույթը»։ Կարինե Կիրակոսյանն էլ կարծում է, որ «ցանկացած նորմալ մարդու համար բռնությունն անընդունելի է։ Սակայն նաեւ պետությունը պետք է կարողանա պետական կարգն ու կանոնը պահպանել»։ Պավել Սաֆարյանը համամիտ էր արդեն ասվածին ու նաեւ հավելեց. «Պրոբլեմ է ստեղծվել։ Ինքս դրա մասնագետը չեմ, արբիտր չեմ, որ որոշեմ, թե որ կողմն է ճիշտ կամ որ կողմն է սխալ։ Բռնության փաստի վերաբերյալ. ես որպես անձ, քաղաքացի, չեմ մասնակցել, որպեսզի ականատես լինեմ։ Այսինքն, իմ կողմից չիմացած փաստի վերաբերյալ ես ի՞նչ հետեւություններ կամ պարզաբանումներ պետք է տամ ձեզ»։ Հարցրինք, թե թերթերից է՞լ չի տեղեկացել կատարվածին։ «Ես չասացի, որ տեղյակ չեմ։ Ես հավաստիության մասին ասացի։ Ես թերթեր կարդում եմ, տեղյակ եմ։ Բայց դրանց հավաստիությունը շեղվում է զրոյից մինչեւ 100 տոկոսով»,- կարծում էր Պավել Սաֆարյանը։ Ա. Զ.