Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՀԻՄՆԱԴՐՎԻ՞ ՊԵՏԱԿԱՆ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԱՆՍԱՄԲԼ

Ապրիլ 15,2004 00:00

ԿՀԻՄՆԱԴՐՎԻ՞ ՊԵՏԱԿԱՆ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԱՆՍԱՄԲԼ Պարարվեստի վերաբերյալ մասնագետի մտահոգությունները «Հայաստանում պետական ազգագրական անսամբլի ստեղծումո՛վ միայն մեր ազգի բնույթն ու նկարագիրը արտահայտող բացառիկ պարանմուշներն ու ծիսական պարերը կփրկվեն կորստից»,- վստահեցնում է Հայաստանի պարարվեստի միության նախագահ, մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոնի վարիչ Կարեն Գեւորգյանը։ Ըստ մեր զրուցակցի, դեռեւս 1926թ. հայ պարարվեստի երախտավոր Վ. Արիստակեսյանի ստեղծած ազգագրական պետական առաջին անսամբլը գործեց կարճ՝ մինչեւ 1937թ., ղեկավարին աքսորելուց հետո անսամբլը կազմալուծվեց։ Միայն տարիներ անց՝ 60-ականներին, մտահոգված մեր ազգային արժեքները կորստից փրկելու հարցով, կրկին առաջ եկավ այդօրինակ անսամբլ հիմնադրելու պահանջ. «Սակայն այդպես էլ նման ազգային անսամբլի հիմնադրումը չկարեւորվեց»։ Պարոն Գեւորգյանը հաստատեց «Առավոտին» հասած այն լուրը, որ վերջերս իր ղեկավարած միության վարչական կազմին (հայտնի պարուսույցներ Ս. Գյանջումյան, Բ. Գեւորգյան, Ֆ. Ելանյան, Ա. Կարապետյան, Խ. Մարգարյան եւ ուրիշներ) ընդունել է ՀՀ մշակույթի նախարարը ու «խոստացել դրական լուծում տալ կարեւոր այս խնդրին»։ «Առավոտի» հարցին՝ տասնամյակների ընթացքում ինչո՞վ էին զբաղված մեր պարային պետական անսամբլները (Երգի-պարի, Պարի պետական եւ այլն), Կ. Գեւորգյանը պատասխանեց. «Մեր էթնոգրաֆիկ պարարվեստը՝ իր ողջ հարստությամբ ու առանձնահատկություններով, այդ կոլեկտիվները չէին կարող ներկայացնել, քանի որ այլ են եղել նրանց ստեղծագործական ուղղվածությունները կոմունիստական իշխանության տարիներին։ Թերեւս այդ տարիների լավագույն ժառանգությունը միայն «Կինտոների պարն» է»։ Ըստ Կ. Գեւորգյանի, այսօր մշակույթի ոլորտում մարտավարական կարեւոր խնդիրներից է ազգային արժեքների պահպանման ու գնահատման հարցը, որը դարձել է առավել հրատապ, քանզի գլոբալացման ճանապարհին ազգային էթնոգրաֆիկ պարանմուշները (տարբեր գավառների) անխառն ու ավելորդություններից զերծ պահելու համար անհրաժեշտ է պետական լուրջ վերաբերմունք։ Միությունը նամակ է պատրաստել՝ ուղղված ՀՀ կրթության եւ գիտության նախարարին։ «Կարեւորելով այն տխուր փաստը, որ հարյուրավոր պարուսույցներ, որոնք գործ ունեն դպրոցահասակ երեխաների հետ, չունեն պարուսույց-մանկավարժի համապատասխան կրթություն եւ փորձառություն, պարզապես չեն տիրապետում մեր ազգային պարանմուշների առանձնահատկություններին, առաջարկում ենք պարը՝ որպես առարկա (այնպես՝ ինչպես նկարչությունը, երգ-երաժշտությունը), ընդգրկել հանրակրթական դպրոցներում»,- տեղեկացրեց Կ. Գեւորգյանը։ Կ. Գեւորգյանը մտահոգություն հայտնեց, որ որոշ հեռուստաընկերություններ եթեր են հեռարձակում անորակ, անճաշակ ու մեր ազգային պարերի հետ կապ չունեցող համարներ։ «Ի՞նչ ելք եք տեսնում» հարցին ի պատասխան՝ պարոն Գեւորգյանն ասաց. «Առաջարկում ենք հեռուստաընկերությունների գեղարվեստական խորհուրդներում ընդգրկել Պարարվեստի միության պարուսույցներից մեկին»։ Մեր հանդիպման ավարտին պարոն Գեւորգյանը հիշեցրեց, որ ապրիլի 29-ը պարի միջազգային օրն է։ Թեպետ նա ողջունում է թատերարվեստի, երգարվեստի ոլորտներում պետության վերաբերմունքը (նկատի ունի կոչումների շնորհումը), սակայն գտնում է, որ պարարվեստի նկատմամբ անտարբերությունը դարձել է օրինաչափություն։ «Կարո՞ղ եք մտաբերել, թե վերջին տարիներին պարարվեստի քանի գործիչների է կոչում շնորհվել։ Մի փորձեք փորփրել ձեր հիշողությունը՝ ոչ մի»,- նկատեց Կ. Գեւորգյանը։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930