Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹՈՂ ՄԵԶ ԲՌՆԵՆ»

Ապրիլ 15,2004 00:00

«ԹՈՂ ՄԵԶ ԲՌՆԵՆ» Իրավապաշտպանները բողոքում են ոստիկանապետության դեմ «Սա իմ քաղաքն է, իմ երկիրը, եւ ես պիտի դուրս գամ ցույցի՝ երբ ուզում եմ, երթի՝ երբ ուզում եմ, հանրահավաքի՝ երբ ուզում եմ: Եվ ոչ ոք իրավունք չունի դա արգելել, որովհետեւ չկա իմ այդ իրավունքն արգելող ոչ մի օրենք»,- վերջին օրերի իրադարձությունների ֆոնի վրա Աշոտ Բլեյանի այս մտքերը գրեթե սյուրռեալիստական էին թվում: Սակայն բոլոր նրանք, ովքեր երեկ հավաքվել էին քննարկելու ստեղծված իրավիճակը, նույն տրամադրությունն ունեին: Հավաքի կազմակերպիչներն էին մի քանի իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ Ավետիք Իշխանյան, Գայանե Մարկոսյան, Աշոտ Բլեյան, Վարդան Հարությունյան, Գեորգի Վանյան, Լեւոն Բարսեղյան, որոնք հասցրել էին ստեղծել «Մարդու իրավունքների պաշտպանության արագ արձագանքման խումբը»: Ներկա էր նաեւ «փառապանծ» ոստիկանության ներկայացուցիչ Հովհաննես Քոչարյանը: Վերջինս, ճիշտ է, ցավում էր, որ քաղաքացիներ, եւ հատկապես լրագրողներ են տուժել, բայց պատրաստ էր ապացուցել, որ ոստիկանները ոչ մի ապօրինություն չեն կատարել. «Ոստիկանությունը գործել է օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում: Եթե որեւէ մեկը վիճարկում է, որ խախտվել է հասարակական կարգը, մենք կարող ենք բերել բավարար փաստարկներ: Եթե որեւէ մեկը վիճարկում է, որ խախտվել են այլոց իրավունքները, հատկապես գիշերվա ժամերին, մենք կարող ենք բերել բավարար փաստարկներ: Եթե ուզում եք, ես ավելի կմանրամասնեմ, եթե իհարկե, խոսքիցս հետո չեն լինելու դատափետող ելույթներ»: Ոչ ոք այնքան անխոհեմ չգտնվեց, որ խոստանար, թե չեն լինի «դատափետող ելույթներ», այդ իսկ պատճառով չլսեցինք մանրամասներ, թե ինչպես խախտվեցին «այլոց», ասենք, Բաղրամյան պողոտայի շրջակայքի բնակիչների գիշերվա ժամերի համար նախատեսված իրավունքները՝ քնելու, հանգստանալու, կամ այլ գիշերային զբաղմունքերով զբաղվելու: Ավետիք Իշխանյանը նկատեց, որ եթե առաջ Հայաստանում քաղաքական հայացքների համար մարդկանց ձերբակալում էին՝ քրեական գործ սարքելով, ապա հիմա նույնիսկ դա չեն անում, ուղղակի ձերբակալում են այլախոհության համար. «Սա իսկական 37 թիվն է: Հայաստանը դարձել է ոստիկանապետություն: Ձերբակալվում են մարդիկ, որոնց գտնվելու վայրն անհայտ է, գիշերով մարդկանց հավաքում-տանում են տներից անհայտ ուղղությամբ»: Կարինե Դանիելյանը ավելացրեց. «Այդ պայթյունների ձայնից ամբողջ քաղաքի քունը խանգարվեց, եւ նրանք դեռ խոսում են ցուցարարների բարձրացրած «աղմուկի» մասի՞ն: Մարդիկ ասում են՝ ինչո՞ւ չեք ասում, որ Երեւանի կենտրոնում Սումգայիթ են արել: Մենք ՀՅԴ-ի եւ Հանրապետականի հետ ցույցեր ենք արել, միտինգներ ենք արել, պիկետներ ենք արել՝ դաշնակցական կալանավորներին ազատելու համար: Ի՞նչ է՝ այն ժամանակ դա կարելի էր, իսկ հիմա, երբ իրենք իշխանության մեջ են՝ չի՞ կարելի»: Էլեանորա Մանանդյանը ստեղծված իրավիճակի համար դատապարտեց նաեւ հասարակական կազմակերպություններին. «Ես չեմ մեղադրում ոստիկանությանը, ես մեղադրում եմ մեզ բոլորիս: Ի~նչ քաղաքացիական հասարակություն, դուք հարմարվող հասարակություն եք: Ես չեմ մոռանա, թե ինչպես այդ կազմակերպություններն ընտրությունների ժամանակ փրփուրը բերանին պաշտպանում էին Ռոբերտ Քոչարյանին: Երբ ինձ ձերբակալեցին, քանի որ ես Դեմիրճյանի վաստահված անձն էի, ինձ մեղադրեցին չորս տղամարդու վրա հարձակվելու համար՝ հարբած վիճակում, եւ ոչ ոք ձայն չհանեց՝ հարմարվեց: Ես առաջարկում եմ երթ անել առանց որեւէ տեքստի եւ հայտարարության: Ես Հակոբ Մանանանդյանի ծոռն եմ, եւ իմ մեծ պապը համալսարանը հիմնեց, որպեսզի բոլորը կարողանան կրթություն ստանալ եւ արժանի քաղաք կերտել, եւ ոչ թե նրա համար, որ ինչ-որ գյուղից գան ու ղեկավարեն այս պետությունը, ապականեն իմ քաղաքը»: Լեւոն Բարսեղյանը առաջարկեց սկսել չընդհատվող երթերի եւ հանրահավաքների շարք. «Թող մեզ բռնեն, տանեն նստացնեն: Կգան ուրիշները, նրանց էլ կտանեն կնստացնեն, հետո մյուսներին, հետո մյուսներին, ամբողջ հանրապետությանը, մինչեւ բանտերում տեղ չի մնա: Նման փորձ կիրառվել է Հնդկաստանում՝ անգլիական գաղութարարների դեմ: Մենք էլ կանենք՝ ի՞նչ է եղել»: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել