Լրահոս
Օրվա լրահոսը

Տարել են Գեղամյանի «բրոնիժիլետները»

Ապրիլ 15,2004 00:00

Փոխարենն՝
իշխանությունը նրան «բուժել է» էլեկտրոշոկով
Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերվանից հետո ընդդիմության առաջնորդներից միայն Ստեփան Դեմիրճյանն ու Վազգեն Մանուկյանն էին հրապարակավ մամուլի ասուլիս հրավիրել, գնահատել իրավիճակը։ Ստեփան Դեմիրճյանը տնից ոտքով էր իջել ՀԺԿ գրասենյակ եւ ճանապարհին նրան ողջունել էին անցորդները։ Մենք գրել էինք, որ ընդդիմության մյուս առաջնորդները կամ կալանավորված են, կամ՝ թաքնված։ Երեկվա ընթացքում պարզվեց, որ կալանավորված ԱԺ պատգամավորներ Ալեքսան Կարապետյանը, Շավարշ Քոչարյանը եւ Արշակ Սադոյանը նախորդ գիշեր ազատ էին արձակվել։ Իսկ «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանը առանձին-առանձին մամուլի ասուլիս էին հրավիրել, որպեսզի ապացուցեն, որ իրենք թաքնված չեն եղել եւ որ ընդդիմությունը չի կոտրվել։

Արտաշես Գեղամյանը ասուլիսի էր եկել իր կուսակիցների հետ։ Նրանց շարքերում էր նաեւ գիշերը կալանքից ազատված ԱԺ պատգամավոր Ալեքսան Կարապետյանը։ Արտաշես Գեղամյանը հավաստիացրեց, որ իշխանափոխություն իրականացնելու ընդդիմության «ընտրած ճանապարհը եզակի ճշմարիտ ճանապարհ է»։ «ԱՄ»-ի նախագահի գնահատմամբ, եթե իշխանություններին թվում է, թե մահակով լռեցրել են մի ամբողջ ազգ, չարաչար սխալվում են։

Արտաշես Գեղամյանը հայտարարեց, թե ինքը որեւէ տեղ չէր թաքնվել, որ իր բոլոր հեռախոսները միացված էին ու երբ ոստիկանները խուզարկել են իր տունը եւ առգրավել երկու «բրոնիժիլետները», ինքը տանն է եղել։ Ի դեպ, պրն Գեղամյանը շեշտեց, որ այդ «բրոնիժիլետներից» մեկը ռուսական, մյուսը՝ ամերիկյան արտադրության էր։ Ապրիլի 13-ի առավոտյան ոստիկանները ջարդել էին «ԱՄ» կուսակցության դռները, առգրավել են բոլոր փաստաթղթերը, երեկ հայտարարեց Արտաշես Գեղամյանը։ Կուսակցության գրասենյակի ավերածությունները նկարագրելուց հետո պրն Գեղամյանն անցավ ապրիլի 12-ի գիշերը կատարվածին։ Պարզվում է, որ ամեն վատ բանի մեջ մի լավ բան լինում է։ Սա ընդունեց նաեւ «ԱՄ» ղեկավարը, քանի որ հայտարարեց. «Ինձ էլեկտրաշոկի ենթարկեցին, տոկը ճիշտ մեջքիս ուղղությամբ պահեցին։ Ես ռադիկուլիտ ունեի՝ բուժվեցի։ Չկա չարիք՝ առանց բարիքի։ Ու երբ բժիշկը նայեց, ասաց՝ ռադիկուլիտի հետքն անգամ չի մնացել»։ Ըստ «Ազգային միաբանության» առաջնորդի, իշխանությունները ուզում էին «Գեղամյանի գլուխը կոտրել, որովհետեւ գիտեն՝ այդ գլուխը վտանգ է ներկայացնում իրենց համար», ասվեց նաեւ, թե իշխանությունները մտադրվել էին Գեղամյանին հաշմանդամ դարձնել։ Պրն Գեղամյանը պատմեց նաեւ զոհված ազատամարտիկի մոր մասին, որը իր կոտրած ոտքը մոռացած, այդ գիշեր աղաչում էր. «Գեղամյանին փրկեք»։

Գագիկ Կոստանդյանը իր հերթին հայտարարեց. «Վախենալու ոչինչ չունենք, որովհետեւ մեր գործողությունները եղել են օրենքի շրջանակներում եւ ոչ մի անօրինական կոչ մենք չենք արել։ Եվ այն քաղաքական ուժերին, որոնք ինչ-որ անօրինականություններից են խոսում, ես խորհուրդ կտայի ձեռքերի արյունը մաքրեին եւ իրենց վրայի դատվածությունից ազատվեին»։

Ալեքսան Կարապետյանը մանրամասն պատմեց, թե ինչպես են իրեն ձերբակալել ու տեղափոխել ԱԺ անցագրային մուտքի սենյակներից մեկը։ Այստեղ նա հանդիպել է ՄԱԿ-ի նախագահ Գուրգեն Արսենյանին, որը հարցրել է՝ «ո՞նց ես»։ Ապրիլի 13-ին խուզարկվել է նաեւ Ալեքսան Կարապետյանի բնակարանը։ Երեւանի ոստիկանության քաղաքային վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանը, պրն Կարապետյանի վկայությամբ, ցույցի ժամանակ անձամբ է մոտեցել ԱԺ պատգամավորին եւ «էլեկտրաշոկի ապարատով սրտի կողմից երկու անգամ հարվածել»։ Ալեքսան Կարապետյանը երեք տարի առաջ ինֆարկտ է տարել եւ այդ հարվածը նրա համար ճակատագրական կարող էր լինել։ «Քաղաքի ոստիկանության պետի տեղակալ Աֆյանը քրեական հանցագործ է»,- հայտարարեց Արտաշես Գեղամյանը։

Ասուլիսի ժամանակ պրն Գեղամյանը հայտարարեց նաեւ, թե մոտ 200 հոգուց կազմված «սադրիչների խումբ» է ձեւավորված իշխանության կողմից, որն ուղարկվում է հանրահավաքի մասնակիցների մեջ պրովոկացիոն հայտարարություններ անելու եւ իրավիճակը լարելու։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել