Լրահոս
Օրվա լրահոսը

«ԷՔՍՏՐԵՄԻՍՏՆԵՐԻ» ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ

Ապրիլ 15,2004 00:00

«ԷՔՍՏՐԵՄԻՍՏՆԵՐԻ» ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ

Երեկ Ռոբերտ Քոչարյանը խաղաղ ցուցարարների դեմ ուժի կիրառման առնչությամբ
հայտարարեց. «Այն, ինչ կատարվեց՝ պիտի դաս լինի քաղաքական էքստրեմիզմը քարոզող
ուժերի համար»: ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովից, եւ 1988-ի
«Պրավդայից» հետո հայ ցուցարարներին որեւէ մեկը չէր մեղադրել «էքստրեմիզմի»
մեջ: «Սահմանափակ կարողությունների տեր մարդկանց զինանոցը միշտ աղքատիկ է
լինում, ուստի հաճախ կրկնում են միմյանց,- այս առնչությամբ ասաց ԱԺ պատգամավոր
Արշակ Սադոյանը:- Սակայն ինձ առավել դառնացնում է միտումնավոր այն ապատեղեկացումը,
երբ փորձում են հզոր ցույցերը ներկայացնել իբրեւ «ագրեսիվ փոքրամասնության»
դրսեւորումներ՝ աղավաղելով անգամ տեսանյութերը, ցուցադրելով այլ ժամերի արված
նկարահանումներ, որ ապացուցեն, թե իբր ընդամենը մի քանի հազար մարդ է մասնակցել»:

Սադոյանը վստահ էր, որ ջարդարարությունը չի ընկճել ժողովրդին. «Եվ այս օրերին կատարվողը մեկը մեկին համընկնում է Գորբաչովի օրոք սկսված շարժմանը: Կարող եմ զուգահեռներ տանել 1988-89-ի հետ. այն ժամանակ էլ անընդհատ փորձեցին տարբեր ճանապարհներով ջարդել ժողովրդին՝ պարետային ժամ, տանկեր, Ազատության հրապարակի շրջափակում… Բայց մեկ է, եթե ժողովուրդը տեր է կանգնում իր իրավունքներին՝ հնարավոր չէ վախեցնել նրան: Առավել եւս, որ այն ժամանակ կար Սովետական Միությունը՝ իր հզոր մեխանիզմներով, իսկ հիմա ժողովրդի դեմ կանգնած է ընդամենը մարդկանց մի փոքր խումբ: Եվ զարմանում եմ, թե ինչպես 1-2 իշխանավոր պիտի փորձեն կանգնել ամբողջ ժողովրդի դեմ: Ես ուղղակի չեմ ուզում, որ այս պայքարն ունենա արյունոտ շարունակություն: Այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ուղղակի մեր ժողովրդին պատիվ չբերող, եւ առավել եւս՝ մեր իշխանության այլանդակ դեմքը ցույց տվող երեւույթ էր: Գոնե մի քիչ օրինակ վերցնեին Վրաստանի նախկին նախագահ Շեւարդնաձեից, որը ժողովրդի մասին մտածելով՝ չփորձեց գնալ առճակատման»:

Իսկ Շավարշ Քոչարյանի գնահատականն էր. «Ռոբերտ Քոչարյանին հաջողվեց հերթական անգամ ժողովրդի երկու հատվածներին հանել իրար դեմ: Իրեն թվում է, թե դա հաղթանակ է: Բայց ես գտնում եմ, որ դա պյուռոսյան հաղթանակ է, որն էլ ավելի է արագացնելու իր հեռացումը»:

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել