Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՄՈՒՄ ԵՆ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾՆԵՐԸ

Ապրիլ 15,2004 00:00

Ազատ
արձակված «Արդարության» գործիչներ Արշակ Սադոյանը, Շավարշ Քոչարյանը եւ Ռուզան
Խաչատրյանը դեռ շարունակում են մնալ վկաներ դաշինքի դեմ հարուցված քրգործով:

Արշակ Սադոյանը նաեւ կասկածվում էր «պետական իշխանությունը յուրացնելու մեջ» (10-15 տարի ազատազրկում), իսկ Շավարշ Քոչարյանը՝ զինված ցույցի գալու համար: Վերջինս ոստիկանության հաղորդագրության կապակցությամբ, թե ինքը «խաղաղ ցույցին մասնակցում էր հրազենով»՝ ասաց. «Դա բացահայտ սուտ է, ինձ մոտ ո՛չ որեւէ զենք է եղել, ո՛չ էլ հայտնաբերվել է: Ինձ բանավոր ասել են, որ իբր ինչ-որ մի տեղ զենք է գցած եղել, մտածել են, թե իմն է, հետո պարզել են, որ իմը չի»: Երկու պատգամավորներն էլ, քանի որ ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը եղել են առաջին շարքերում՝ ե՛ւ ջրվել էին, ե՛ւ ստացել մահակի հարվածներ: Արշակ Սադոյանը նշեց, թե նույնիսկ ջրցան մեքենայի մոտենալուց մի քանի րոպե առաջ էին բարձրախոսներով դիմել ներքին զորքերին՝ հորդորելով բռնարարքներ չգործել ժողովրդի դեմ. «Բայց ոնց որ զինվորական օպերացիա՝ հատուկ նախատեսել էին «ֆլանգներից» հարձակումներ: Եվ բավական դաժանաբար հարվածում էին ե՛ւ ԱԺ-ի կողմից, ե՛ւ ԳԱԱ-ի մերձակա բակերից, ե՛ւ թիկունքից: Դարձել էր կարծես մարտի դաշտ»: Շավարշ Քոչարյանը պատմեց. «Ինձ ուժով տարան դեպի ԱԺ ընդունարան, ներս շպրտեցին, իսկ այնտեղ արդեն բոլորին դիմավորում էին մահակներով»: Նրան նախ տարել էին ոստիկանության Խորհրդային շրջանի բաժանմունք, հետո 6-րդ վարչությունում հարցաքննել էր դատախազության քննիչը, հետո տարել էին Էրեբունու մեկուսարան, ու երեկոյան ազատ արձակել: Ընդ որում՝ հարցաքննությունների ընթացքում «զենքի անուն ընդհանրապես չեն տվել»:

Իսկ Արշակ Սադոյանը կատարվածից հետո վերադարձել էր տուն. «Մտածեցի, թե իշխանությունները երեւի կբավարարվեն այդքանով»: Սակայն առավոտյան ձերբակալվել էր 8-9 հոգանոց խմբի կողմից: Տարել էին ոստիկանություն, որտեղ շուրջ 6 ժամ հարցաքննել էին դատախազության քննիչները. «Հարցեր էին տալիս ապրիլի 12-ի հանրահավաքի եւ երթի վերաբերյալ: Դրանք ներկայացվում էին իբրեւ իշխանությունը բռնությամբ տապալելու փորձ»: Նշենք, որ Սադոյանին ձերբակալելուց հետո նրա տնից խուզարկությամբ առգրավել էին պատգամավորի օրինական զենքը, որը հետո վերադարձրել էին: «Ինչո՞վ էր պայմանավորված իմ ազատ արձակումը եւ զենքս վերադարձնելը, ի՞նչն էր պատճառն այսպիսի արմատական փոփոխությունների՝ այդպես էլ չհասկացա,- ասաց պրն Սադոյանը:- Ամենահավանականը թերեւս հզոր երկրների ճնշումն էր, որոնք փորձում են հասկացնել մեր իշխանավորներին, թե պիտի հաշվի նստեն նաեւ միջազգային հանրության հետ եւ չդիմեն կոպիտ գործողությունների»:

Ի դեպ, ոստիկանության հաղորդագրության մեջ որպես իրենց գործողությունների հիմնավորում, նշված էր, թե ցուցարարները կաթվածահար էին արել «կառավարական ու դիվանագիտական որոշ հաստատությունների բնականոն աշխատանքը»: Որպես բազմափորձ քաղաքական գործչի՝ Արշակ Սադոյանին պիտի հայտնի լիներ՝ արդյոք ԱԺ-ում, նախագահի նստավայրում կամ Բաղրամյան պողոտայում գտնվող դեսպանատներում շարունակո՞ւմ են աշխատել գիշերը՝ ժամը 1-2-ից հետո էլ: Ի պատասխան պրն Սադոյանը ծիծաղեց. «Կարելի է իբրեւ ուշացումով արված ապրիլմեկյան կատակ ընկալել այդ հաղորդագրությունը: Եթե դեռ առավոտյան 12-ին էր կոալիցիան հայտարարել, թե բոյկոտելու են ԱԺ աշխատանքները, եւ խորհրդարանում քվորում չլինելու պատճառով նիստ չէր գումարվում, ապա ինչպե՞ս էինք գիշերը ժամը 2-ին խանգարել նրանց աշխատանքները»:

Սակայն դառնանք երեկ կեսօրից հետո ազատ արձակված ՀԺԿ լրատվության պատասխանատու Ռուզան Խաչատրյանի հետ կատարվածին: Հրապարակում եղավ, թե նրան գրասենյակից տարել են մազերից քաշելով: «Ո՛չ, ինձ տարել են կոռեկտ,- պարզաբանեց Ռուզան Խաչատրյանը:- Բերման ենթարկեցին որպես վկա «Արդարություն» դաշինքի նկատմամբ հարուցված գործով: Սակայն ապրիլի 13-ի առավոտյան փոխվեց կարգավիճակս՝ ինձ արդեն ձերբակալեցին որպես կասկածյալ այդ նույն գործով եւ տեղափոխեցին մեկուսարան»: Մեր հարցին՝ որեւէ կերպ հիմնավորե՞լ են, թե, ասենք, ինքն էլ է վիրավորել իշխանությանը, պատասխանեց. «Բնականաբար, որեւէ հիմնավորում չէին բերում: Պահանջեցի, որ ինձ փաստերով ապացուցեն, թե հրապարակային ելույթներով վիրավորել եմ պաշտոնյայի կամ բռնի իշխանափոխության կոչեր արել: Այդպիսի փաստեր չներկայացվեցին. «դեմ» էին տալիս գործի ընդհանուր հիմնավորումը՝ բռնի ուժով իշխանության տապալում, եւ ասում, թե ես էլ ելույթներովս եւ այլն… Երբ որպես վկա էի հարցաքննվում՝ պատասխանեցի հարցերին, իսկ արդեն որպես կասկածյալ հրաժարվեցի հարցաքննությունից, եւ պահանջեցի փաստաբան: Միայն նշեցի, թե մեղադրանքն անհիմն է, չի համապատասխանում իրականությանը, եւ այն գնահատում եմ իբրեւ քաղաքական հետապնդում»: Ի դեպ, Ռուզան Խաչատրյանի դեմ երկրորդ մեղադրանքն էլ կա: Գործ հարուցելու դիմումով դատախազություն էր դիմել Առաջադիմական կուսակցության նախագահը: «Ինձ ասացին, որ անցնում եմ 2 գործով,- ասաց նա:- Եվ երբ ինձ դարձյալ առանց որեւէ հիմնավորման ազատ էին արձակում՝ կասկածյալից նորից դարձնելով վկա, ասացին, թե հնարավոր է, որ մի քանի օր հետո հրավիրեն այդ 2-րդ գործով, թե ես իբր վիրավորել եմ Առաջադիմական կուսակցությանը: Ուղղակի զարմանալի զուգադիպություն է այս 2 գործերի, եւ կարծում եմ, որ դա պատահականություն չէ»:

Այս ամենի առնչությամբ Ռուզան Խաչատրյանն ասաց. «Իշխանավորները բռնությամբ փորձում են պահել իրենց աթոռները, եւ շինծու գործեր սարքում: Էլ չեմ ասում նրանց կազմակերպած ծեծուջարդի մասին, որ արեցին հանցագործի նման՝ մութ գիշերով: Հանցագործները սովորաբար նաեւ փորձում են վերացնել հանցագործության հետքերն ու ապացույցները, ինչը եւս տեղի ունեցավ՝ լրագրողների ծեծի եւ տեսախցիկների ջարդի միջոցով»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել