Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՅՍՕՐ ԴՈՒՐՍ ԿԳԱՆՔ ՄԻԱՍՆԱԲԱՐ»

Ապրիլ 15,2004 00:00

«Հանրապետության»
գործունեությունը կասեցվա՞ծ է
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդները գտնվում են քաղաքական հետապնդման մեջ։ Երեկ այս մասին հայտարարեց կուսակցության քաղխորհրդի ղեկավար Ալբերտ Բազեյանը։ Նա դուրս էր եկել եւ հրավիրել իր երեկվա մամուլի ասուլիսը, ամեն րոպե ակնկալելով, որ կարող է ձերբակալվել։ Սակայն, քանի որ ասելիքը խիստ կարեւոր էր, պրն Բազեյանը երեկ գնաց այդ քայլին եւ ասուլիսի ժամանակ հայտարարեց. «Հանրապետություն» կուսակցության գրասենյակը փակ է եւ, փաստորեն, այն չի գործում։ Հայաստանում չի գործում քաղաքական կուսակցություն։ Մենք հնարավորություն չունենք իրականացնել քաղաքական գործունեություն։ Մեր կուսակցության ղեկավար մարմինների մի շարք անդամներ ձերբակալված են, մնացածի հանդեպ հարուցված է քրեական գործ, իրականացվում է քրեական հետապնդում, բերման ենթարկելու որոշում է կայացված»։ Պրն Բազեյանը հայտարարեց, որ որեւէ քաղաքական ուժ դադարեցնում է իր գործունեությունը օրենքով սահմանված կարգով, սակայն «Հանրապետություն» կուսակցության նկատմամբ իրականացվում է ապօրինի գործողություն եւ դադարեցված է քաղաքական կուսակցության գործունեությունը։

Ալբերտ Բազեյանը հայտարարեց, որ այսօր, ժամը 13-ին, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար մարմնի բոլոր անդամները, կուսակցության տարածքային կազմակերպությունների ղեկավարները, շարքային անդամները, համակիրներն ու համախոհները, որոնց հանդեպ իրականացվում է քրեական հետապնդում, պետք է հավաքվեն «Հանրապետություն» կուսակցության գրասենյակի մոտ. «մենք պահանջում ենք, որպեսզի բացեն մեր գրասենյակը եւ մենք կարողանանք աշխատել»։

Ապրիլի 12-ի գիշերվանից հետո կուսակցության շենքի մուտքի մոտ եւ դիմացի «Կազերոկ» սրճարանում հերթապահում են ոստիկանները, մուտքին մոտեցող կամ մուտքի մոտ կանգ առնող ցանկացած քաղաքացու նրանք փորձում են հեռացնել, զգուշացնում են, որ այդտեղ չկանգնեն։ Երկու օր առաջ, երբ մեր թղթակիցը փորձում էր լուսանկարել մուտքը (ինչը արվեց), ոստիկաններից մի քանիսին ակնհայտորեն այդ բանը դուր չեկավ։ Ու եթե մեր թղթակիցը շարունակեր խոսակցությունը, վստահաբար, մեր հերթական լուսանկարչական սարքը կկոտրվեր։ Իսկ ասուլիսի ժամանակ Ալբերտ Բազեյանն ասաց նաեւ, որ տեղեկություն չունեն իրենց շատ եւ շատ կուսակիցների մասին. «մենք պարտավոր ենք բոլորս միասին լինել։ Եթե գտնում են, որ պետք է մեզ բոլորիս կալանավորել, թող գան՝ կալանավորեն բոլորիս։ Մենք միասին ենք գործել, ես անձամբ պատասխանատու եմ կուսակցության բոլոր անդամների, համակիրների, համախոհների ճակատագրի համար։ Եթե նրանց դատելու եւ կալանավորելու են, ուրեմն ես եւս պետք է լինեմ նրանց կողքին»։ Ալբերտ Բազեյանն ասաց նաեւ, թե որոշ լրատվամիջոցներ բավականին աղավաղված ներկայացրին ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը կատարված իրադարձությունները։ Պրն Բազեյանը հստակ շեշտեց, որ խաղաղ ցույցի եւ երթի ժամանակ հնչած հայտարարություններում որեւէ խոսք չի եղել այն մասին, թե իբր հավաքվածների մեջ կան զինված մարդիկ, ինչպես փորձում է ներկայացնել ոստիկանությունը. «զինված մարդկանց մասին խոսք չի եղել։ Ես եմ հայտարարել, որ տարբեր ջոկատների անդամ ազատամարտիկներ ներկա են հանրահավաքին, միացել են մեր շարժմանը եւ նույն պահանջն են ներկայացնում, ինչ-որ ներկայացնում են քաղաքական ուժերը։ Հայտարարվեց, որ իբր ժողովուրդն է նախահարձակ եղել։ Նման բան տեղի չի ունեցել։ Մեր որոշումը հետեւյալն էր՝ ոչ մի դեպքում ետքայլ չանել, տարածքը չզիջել, ես եմ կոչ արել տղամարդկանց կուռ շարքերով կանգնել, անկախ նրանից՝ կբերեն ջրի մեքենաներ, թե մահակներով զինվորներ, ինչ ուժեր էլ բերեն, ես հրահանգել եմ կանգնել եւ փորձել դիմակայել։ Բայց, բնականաբար, հնարավոր չէր, ուժերն անհավասար էին»։ Ալբերտ Բազեյանն ասաց, որ իրենք ինքնապաշտպանվել են ձեռքերով. «դա էլ իրավունք է, եթե քեզ ծեծում են մահակով, էլեկտրաշոկ են օգտագործում, հզոր պայթուցիկներ են օգտագործում, ծուխ են առաջացնում, բնականաբար, մարդկային սովորական բնազդը գործում է եւ մարդը պետք է պաշտպանվի։ Ես էլ եմ պաշտպանվել։ Ինձ էլ են հարվածներ հասցրել։ Տվյալ իրավիճակում այլ կերպ հնարավոր չէր»։

«Հանրապետություն» կուսակցության ղեկավարը հայտարարեց, որ իր մասով եւս քրեական հետապնդում է իրականացվել եւ քրեական հետապնդում է իրականացվում, խուզարկել են նաեւ Ալբերտ Բազեյանի բնակարանը եւ ոստիկանությանը հետաքրքրող ոչինչ չի հայտնաբերվել. «այս պահին մենք որոշում ենք կայացրել, որ դուրս ենք գալիս, եւ անկախ նրանից, թե ինչ քայլեր կիրականացվեն մեր հանդեպ, մենք օգտվելու ենք մեր քաղաքական եւ քաղաքացիական իրավունքից»։

Ասուլիսի ժամանակ Ալբերտ Բազեյանին միացավ նաեւ Շավարշ Քոչարյանը, որը ներկայացրեց «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանության» համատեղ որոշման մասին, այն է՝ ապրիլի 16-ին, ժամը 18-ին հանրահավաք Ազատության հրապարակում։ Ասուլիսից հետո Ալբերտ Բազեյանին եւ Շավարշ Քոչարյանին լրագրողները (մի քանիսը) ուղեկցեցին, քանի որ մտավախություն կար, որ ԱԺ տարածքում խոտերի վրա պառկած երկու հարյուրից ավելի ոստիկաններին հրահանգ կտրվի ձերբակալել Ալբերտ Բազեյանին։ Այդ բանը երեկ տեղի չունեցավ։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել