Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ղարաբաղից տղա՞ են բերում Հայաստանի վրա»

Ապրիլ 14,2004 00:00

«Ղարաբաղից տղա՞ են բերում Հայաստանի վրա» Կոմունիստները զգուշացնում են, որ իշխանությունների նման միջամտությունները բումերանգի էֆեկտ կարող են ստանալ: Երեկ մեզ հետ զրույցում ՀԿԿ բյուրոյի անդամ Խորեն Սարգսյանը ցավով արձանագրեց, որ նախորդ գիշեր խաղաղ ցուցարարների վրա հարձակում գործած անձինք խոսում էին ղարաբաղյան բարբառով՝ «Հայաստանի ժողովրդի վրա ճնշում գործադրվեց ԼՂՀ-ից բերված ուժերով»։ Սրանով իսկ, ըստ Խորեն Թռչունիչի, հանրապետության ղեկավարությունը վերջնականապես հասավ նրան, որ Հայաստանի եւ ԼՂՀ բնակչության միջեւ թշնամության սեպ խրվի։ «Այդ մեղքի տակից ո՞նց են դուրս գալու… ու այդ մի փոքր աթոռի համար»,- ասում է Խ. Սարգսյանը։ Պարոն Սարգսյանին վրդովմունք է պատճառում նաեւ հանրապետական Գալուստ Սահակյանի կողմից բարձրաձայնվող այն միտքը, որ ցուցարարներն ընդամենը սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներն էին։ «Բա անապահով խավի վրա զո՞րք են հանում, ծեծում-ջարդո՞ւմ են»,- վրդովմունքը մեզ փոխանցեց պրն Սարգսյանը, ապա հավելեց, որ ՀԿԿ-ն ժողովրդին գլխավորելու է եւ՝ «այս անգամ խոստանում եմ հարուստ խավի ունեցվածքը բաշխել այդ անապահովների միջեւ»։ Պարոն Սարգսյանը համոզված է, որ արդար ընտրություններ մեր երկրում լինելու են, ընդամենը ժամանակի խնդիր է՝ «թող չկարծեն, որ հայ ժողովրդի ոգին ջարդեցին»։ Նաեւ՝ «ցավալին այն է, որ մեր հեռուստաընկերությունները ամենքը մի հարուստ տեր ունի ու ծառայում են իշխանություններին։ Ես ամաչեցի նրանց տարածած լրատվությունից»,- ասաց մեր զրուցակիցը։ Կոմունիստ Նորիկ Պետրոսյանի որակմամբ՝ «իշխանությունը զավթած անձերի սրտին նույնիսկ խանդավառությունը չեկավ, որպեսզի թույլ տային, որ այն շարունակվի»։ Նորիկ Պետրոսյանի կարծիքով, նախորդ օրվա հանրահավաք-նստացույցը խանդավառության, ճշմարտության համար պայքարի տոնակատարության էր վերածվել։ «Եվ այդ անամոթությունները (նկատի ունի գիշերվա ծեծուջարդը- Ն. Գ.) դեսպանատների, եվրոպաների ու ամերիկաների աչքի առջեւ կատարվեց։ Այդ անամոթությունն ազգովի պիտի հաղթենք ու հարթենք։ Ժողովուրդն այլեւս չպիտի մտածի, որ ինքը ծնկներ ունի, որոնք կարող են ծալվել։ Նույնիսկ ոտքերի մասին պետք չէ մտածել, այլ թեւերի։ Բոլորս պետք է թեւերով օժտվենք եւ այս վիճակից վեր բարձրանանք։ Ամեն ինչի ճանապարհը կարելի է փակել, բայց արդարության եւ հեղափոխության ճանապարհը՝ ոչ»,- կարծում է Նորիկ Պետրոսյանը։ ՀԿԿ Գավառի շրջկոմի առաջին քարտուղար Վանիկ Հարությունյանի կարծիքով, կամ միակամ պետք է մերժենք այս ռեժիմը, կամ, որպես գնչուական ազգ, դեգերենք աշխարհում՝ երանի տալով Ավետյաց երկրին։ Ըստ այդմ՝ «ՀԿԿ-ն վճռականորեն կանգնած է բարիկադներում եւ գնալու է ժողովրդի առջեւից՝ հանուն խեղված ճշմարտության, շղթայված արդարության, հանուն նրա, որ իշխանությունը մեկ անգամ եւս չփորձի բռնաբարել ժողովրդի իրական կամքը»։ Իսկ իշխանություններին կոմունիստ Վանիկ Հարությունյանը զգուշացնում է. «Եթե այս խաղաղ պայքարը եւս մեկ անգամ փորձ արվի խեղդամահ անել, այն կվերածվի դասակարգային պայքարի եւ բումերանգի նման շուռ կգա իրենց դեմ»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել