ԳՆԱՀԱՏՈՒՄ Է ԿՈԱԼԻՑԻԱՆ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանին «Առավոտը» հարցրեց՝ կոալիցիայի պահվածքից հասկացվում է, որ երկրում կատարվածի հանդեպ կոալիցիան ձեռքերը լվացել է. «Չէ, ես այդպես չեմ կարծում»։ Իսկ կատարվածի գնահատականը սա էր. «ինքնին շատ վատ երեւույթ է տեղի ունեցել, շատ վատ բան է տեղի ունեցել։ Ես շատ լուրջ մտահոգված եմ դրանով, բայց ես չեմ կարող հիմա գնահատել դրա դրդապատճառները։ Այսինքն՝ ո՞վ է սկսել եւ ինչի արդյունքում է դա տեղի ունեցել»։ Լրագրողների հավաստիացմանը, թե դեպքի վայրում եղել են լրագրողներ, որոնք փաստում են, որ սկսել են փշալարերի այն կողմից, պրն Հովհաննիսյանը կրկնեց. «Երեւույթի պատճառները եւ սկիզբը դեռ հայտնի չեն»։ Պրն Հովհաննիսյանն ասաց, որ ինքը կատարվածի մասին բավարար ինֆորմացիա չունի եւ որ այդ ինֆորմացիան ակնկալում է ստանալ «տարբեր աղբյուրներից, այդ թվում նաեւ ՀՀ նախագահից»։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւս ապշեցրեց, երբ ասաց, թե ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Բաղրամյան պողոտայում կատարվածի մասին ինքը ինֆորմացիա չունի. «Բնականաբար, ինֆորմացիայի պակաս ե՛ւ ես պիտի ունենամ, ե՛ւ դուք, որովհետեւ իշխանությունը իր լիազորությունների սահմաններում ե՛ւ պատասխան կտա, ե՛ւ ինֆորմացիա կտա»։ Այսինքն՝ Գալուստ Սահակյանը արդարացնո՞ւմ է խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու, ծեծելու եւ բռնի ուժ կիրառելու իշխանությունների քայլերը. «Ես չեմ կարծում խաղաղ ցուցարարներին ծեծում-ջարդում են, առավել եւս՝ ոչ մեկդ չեք ասում, որ գործողությունը արտոնված չէր»։ Ավելորդ է որեւէ մեկնաբանություն անել, պարզապես պրն Սահակյանը եթե այդ ամբողջ ընթացքում ԱԺ-ի տարածքից խաղաղ ցուցարարներին հետեւելու փոխարեն իջներ Բաղրամյան փողոց, երեւի մի երկու «չարտոնված» մահակ էլ իրեն կհասներ ու կհասկանար որոշ բաներ։ ՕԵԿ անդամ, ԱԺ պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանի գնահատականը կատարվածին համարժեք էր իր կոալիցիոն գործընկերների գնահատականին. «մի քիչ մեզ ժամանակ է պետք՝ տվյալները ավելի շատ իմանալու համար»։ ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը կատարվածը գնահատեց. «ցավալի, ցավալի միջադեպ է տեղի ունեցել, մանրամասներին ինքս դեռեւս լիարժեք տեղյակ չեմ։ Հուսով եմ, օրվա մեջ կպարզվի ամբողջական պատկերը»։ Մ. ԵՍԱՅԱՆ