Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ռազմական օպերացիա՝ խաղաղ ցուցարարների դեմ»

Ապրիլ 14,2004 00:00

«Ռազմական օպերացիա՝ խաղաղ ցուցարարների դեմ» Այդպիսին է Ստեփան Դեմիրճյանի գնահատականը Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը, ժամը 1-ից 2:30-ի սահմաններում ոստիկանությունը հարձակում է իրականացրել «Հանրապետություն», «Ազգային միաբանություն» եւ «Հայաստանի ժողովրդական կուսակցություն» գրասենյակների վրա։ Գիշերվա ժամը 2-ի սահմաններում ահազանգ ստացվեց ՀԺԿ լրատվական ծառայության ղեկավար Ռուզան Խաչատրյանից, որ ոստիկանները շրջապատել են կուսակցության շենքը, պահանջում են բացել դռները։ Երեսուն րոպեի ընթացքում, մինչեւ որեւէ լրագրող կհասներ կուսակցության գրասենյակ, ոստիկանության աշխատակիցները, Կենտրոնի ոստիկանապետ Հովիկ Թամամյանի եւ նրա տեղակալ Ադամյանի գլխավորությամբ հարձակվել են Կարեն Դեմիրճյանի թանգարանի եւ վերջինիս երկրորդ հարկում տեղավորված ՀԺԿ գրասենյակի վրա։ Կենտրոնի ոստիկանապետը չի թաքցրել իր ով լինելը եւ իր տեղակալի հետ հրահանգել է կոտրել մամուլի ծառայության ղեկավարի աշխատասենյակի դուռը։ Այնտեղ գտնվող անձինք՝ ԿԸՀ-ում «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը, ԱԺ պատգամավոր Վարդան Մկրտչյանի կինը եւ դուստրը դաժան ծեծի են ենթարկվել։ Ֆելիքս Խաչատրյանին՝ արյան մեջ կորած, Ռուզան Խաչատրյանին եւ Վարդան Մկրտչյանին ոստիկանները տարել են իրենց հետ։ Այս ամենը ուղեկցվել է ոստիկանապետի եւ իր ենթակաների գոռգոռոցներով եւ հայհոյանքներով։ Երեկ կեսօրին ՀԺԿ գրասենյակում գտնվող «Արդարություն» դաշինքի ղեկավար, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը եւ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը մամուլի ասուլիս էին հրավիրել։ Գրասենյակի մոտ առավոտից հավաքվել էր մարդկանց բազմություն, որոնք գիշերը ծեծված եւ բռնությունների ենթարկված մարդիկ էին կամ նրանց հարազատները։ Շատերը տեղեկություն չունեին իրենց հարազատների գտնվելու վայրի մասին։ Ասուլիսի ժամանակ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց, որ խաղաղ ցուցարարների դեմ իրականացված գործողությունները հանցագործություն էր հայ ժողովրդի նկատմամբ։ Հանցագործություն է կատարել այն անձնավորությունը, որ տվել է այդ հրամանը, հանցագործներ են նաեւ կատարողները։ Ոստիկանության տարածած բռնություններն արդարացնող հաղորդագրության մասին Ս. Դեմիրճյանն ասաց. «Այս ամենը բացարձակապես սուտ է։ Ցուցարարները խաղաղ էին, ովքեր ներկա են եղել, շատ լավ գիտեն՝ մարդիկ պարում էին, երգում էին, ընդ որում, իշխանամետ թերթերը եւս հաստատել էին, որ խաղաղ հանրահավաք էր, խաղաղ երթ։ Եվ այդ խաղաղ ցուցարարներին ջարդեցին։ Դա ստոր, դավադիր ռազմական օպերացիա էր ժողովրդի դեմ»։ Ստեփան Դեմիրճյանը պատմելով գիշերը կատարվածի մասին, ասաց, որ հատուկ զորամիավորումները խաղաղ ցուցարարների վրա թիկունքից հարձակվեցին՝ ԱԺ-ի կողմից. «Հանրահավաքի ժամանակ որոշվեց, որ պատգամավորները պետք է մտնեն ԱԺ եւ հանդիպեն ԱԺ նախագահին, սակայն պատգամավորներին արգելեցին մտնել ԱԺ, մտածված արգելեցին, որովհետեւ ԱԺ տարածքում էր գտնվում այդ «սպեցնազը»։ Երեկվա դեպքերի համար պատասխանատվություն է կրում նաեւ ԱԺ նախագահը։ Դա դավադրություն էր ժողովրդի դեմ։ Զորքերը դուրս եկան ԱԺ-ից»։ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը զուգահեռ անցկացնելով 1996թ. կատարվածի հետ, մասնավորապես նկատեց. «96-ին ժողովուրդը հարձակում կատարեց ԱԺ-ի վրա, ստացավ կրակոցներ, մենք ունեցանք շատ վիրավորներ եւ այլն։ Երեկվանը բացարձակապես խաղաղ ցույց էր, մի մասդ այնտեղ ներկա էիք եւ տեսաք, որ իսկապես ժողովուրդը պարելով եւ ուրախանալով սպասում էր Ռ. Քոչարյանի հրաժարականին։ Այն, ինչ կատարվեց ռազմական օպերացիա էր»։ Ե՛վ Ստեփան Դեմիրճյանը, ե՛ւ Վազգեն Մանուկյանը հավաստիացրին, որ ժողովուրդը կոտրված չէ եւ այս վիճակը չի կարող երկար տեւել։ Ընդդիմությունը վճռական է եւ հայտարարեց, թե պայքարը պետք է շարունակել։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել