Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՕՏԱՐԻՑ ԷԼ ՎԱՏ»

Ապրիլ 14,2004 00:00

«ՕՏԱՐԻՑ ԷԼ ՎԱՏ» Այլ կերպ հնարավոր չէ բնորոշել այն դաժանությունը, որն իշխանության հրահանգով դրսեւորեցին զինյալ ուժերը ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը, եւ որը ոմանք բնորոշեցին իբրեւ «վճռական միջամտություն»: Դեպքի ականատեսներիս համար գլխիվայր շրջված էր այն ամենը, ինչ երեկ ներկայացվեց ոստիկանության հաղորդագրության մեջ, թե ցուցարարների շղթա՜ն էր շարժվել ոստիկանության ուղղությամբ… գործադրվեցին պարսատիկնե՜ր… ավելի ու ավելի ագրեսի՜վ էին դառնում… ուստի իրենք հարկադրվա՛ծ էին կիրառել ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ: Իրականում տեղի ունեցավ հետեւյալը: Ժամը 1:50-ի սահմաններում ցուցարարները նկատեցին, որ փշալարից այն կողմ տեղաշարժ կա: Սկզբում դա ընկալվեց իբրեւ հերթական զինվորական հերթափոխ, որը նստացուցարարները նախորդ ժամերին ձեւավորված ավանդույթի ուժով ուղեկցեցին «ո՜ւ-ո՜ւ» բացականչությամբ: Հետո նկատեցին, որ զինյալների շարքերն իրականում համալրվում են, ու նրանք հավաքում են ակադեմիայի մատույցներում փռած փշալարը: Հասկանալով, որ զորքը պատրաստվում է առաջ շարժվել՝ Ալբերտ Բազեյանը բարձրախոսով հրահանգեց, որ տղամարդիկ կանգնեն խիտ շարքերով, կանանց պատվիրեցին հետ անցնել: Շարքում առաջինը ձեռք-ձեռքի տված կանգնեցին ընդդիմության առաջնորդները՝ Ստեփան Դեմիրճյանը, Արտաշես Գեղամյանը, Վազգեն Մանուկյանը, Արամ Զավենի Սարգսյանը, Սմբատ Այվազյանը եւ այլք: Նստացույցին առաջինը մոտեցան ջրցան մեքենաները եւ ցուրտ գիշերով շուրջ 10 րոպեի չափ այնպիսի հուժկու շիթով էին ջրում նստացուցարարներին, որ նրանցից մեկի արտահայտությամբ՝ «ոտքերս պոկվեցին գետնից»: Սակայն մարդիկ չէին ցրվում, ու կանգնած վանկարկում էին՝ «Ռո-բերտ, հե-ռա-ցիր»: Այո, իրոք նրանք շշեր նետեցին՝ ինչպես եւ հաղորդեց ոստիկանությունը: Սակայն շշերը պլաստմասսայից էին: Զարհուրելի եւ միաժամանակ նույնիսկ ծիծաղելի տեսարան էր՝ երկաթյա մեքենայի վրա նետվող «Նոյի» եւ «Ջերմուկի» շշեր ու փայտի կտորներ: Ավելի ուշ ցուցարարներից ոմանք մահակների դեմ սկսեցին կռվել եռագույն դրոշների կոթերով, թեեւ եղան նաեւ այնպիսիք, որոնք փորձում էին պոկել մոտակա ցանկապատի երկաթե ձողերը: Ցուցարարները չէին կարող շարժվել առաջ, քանի որ դեռ մնում էր երկրորդ փշալարը, իսկ ետ շարժվել էլ չէին ցանկանում: Այդ ժամանակ ԱԺ ընդունարանից նրանց վրա հարձակվեցին կարմիր բերետավորներ, որոնք, ըստ միջադեպին ներկա ՀԿԿ քարտուղար Խորեն Սարգսյանի՝ խոսում էին ղարաբաղյան բարբառով: Սրանք առանձնակի կատաղած էին, եւ նստացույցի մեջ մխրճվելն ու ռետինե մահակները գործադրելը մեկ եղավ: Մի քանի հարված ստացան նաեւ Արտաշես Գեղամյանը, Վազգեն Մանուկյանը, Ալբերտ Բազեյանը եւ այլ պատգամավորներ: Հետո սկսեցին պայթյունները, որոնք տպավորություն էին ստեղծում, թե պատերազմի դաշտում ես: Պայթյունների հետեւանքով նաեւ ինչ-որ ծուխ էր առաջանում, որ չորացնում էր կոկորդը, ստիպում հազալ: Ներքին զորքերն այդ ընթացքում հասցրեցին հավաքել նաեւ երկրորդ փշալարը եւ ցուցարարներն արդեն հարձակման էին ենթարկվում ոչ միայն կողքից, այլեւ դիմացից: Ահա այստեղ սկսվեց խուճապը, որն առավել ուժգնացնում էր այն, որ վաղօրոք անջատել էին Բաղրամյան պողոտայի լույսերը: Մարդիկ սկսեցին փախչել, սակայն նրանց հետապնդող ոստիկանները խփում էին նաեւ փախչողներին: Ում հաջողեցնում՝ ձերբակալում էին ու մտցնում ԱԺ տարածք, ուր պատրաստ սպասում էին բազմաթիվ մեքենաներ: Ընդ որում՝ այս ամենի ընթացքում արյունլվիկ եղածներին, հակառակ ոստիկանության հաղորդագրության՝ բնավ չէին շտապում առաջին բուժօգնություն ցույց տալ: Այդ մասին է վկայում այն տեղեկությունը, որ «Ազատություն» ռ/կ-ին հասցրել էր հեռախոսով հայտնել ձերբակալված պատգամավոր Շավարշ Քոչարյանը, թե իր հետ ոստիկանական մեքենայում գտնվող արտաշատցի Աշոտ Կարապետյանը, որի գլխին խփել էին մահակով, արյունահոսում էր, սակայն ապարդյուն էին նրան օգնություն ցույց տալու խնդրանքները: Արյունլվիկ էին արել նաեւ ԿԸՀ-ում «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանին: Սա առաջին դեպքը չէր, երբ մեր իշխանությունը ջրցան մեքենաներ ու զորք է հանում ցուցարարների դեմ: Սակայն ի տարբերություն 1996-ի սեպտեմբերի 25-ի դեպքերի, որեւէ մեկը չէր հարձակվել խորհրդարանի վրա, չէին ջարդվել պաշտոնյաների գլուխներ: Այս անգամ նստացուցարարների մեղքն այն էր, որ ինչպես նշվեց ոստիկանության հաղորդագրության մեջ, գիշերային ժամերին «բարձրագոչ» երաժշտություն էին լսում, հավելեմ՝ նաեւ պարում էին, իսկ առանձնակի ագրեսիվները մինչ այդ կիթառ էլ էին նվագում ու երգում՝ «Իմ փոքրիկ նավակ»: Որպես նաեւ 8 տարվա վաղեմության դեպքերը լուսաբանող՝ նշեմ, որ այն ժամանակ ոստիկաններն իջնում էին դանդաղ, հնարավորություն տալով հեռանալ, իսկ այս անգամ զինվորներն ուղղակի վազում էին՝ փորձելով մահակներով անպայման հարվածել խուճապահար փախչողներին: …Այս ամենը տեսնելուց հետո առնվազն ծիծաղելի են թվում պնդումները, թե հարկ էր Մոսկվայից սադրիչներ վարձել՝ ցույցերում կրակելու եւ խուճապ առաջացնելու համար: Մեր հարազատ իշխանությունը այս ամենն ինքն էլ է հաջողությամբ գլուխ բերում, ընդ որում՝ բացարձակապես ձրի: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել