Ստեղծագործական միությունների ներկայացուցիչները չեն շտապում դատապարտել ոստիկանների բռնությունները:
Երեկ, ներկա գտնվելով Գրողների միությունում կազմակերպված «Ստեղծագործական միությունները եւ մշակութային քաղաքականությունը» թեմայով քննարկմանը, տպավորություն ստացանք, որ հայ հասարակության մշակութային հատվածն անտեղյակ է երկրում ծավալվող իրադարձություններին, վերջին օրերին կատարված բռնարարքներին: Հետաքրքիր է, որ լարված քաղաքական ֆոնի վրա ստեղծագործական միությունների ղեկավարներն ու անդամները անխռով քննարկում էին զուտ մշակութային խնդիրներ: Ուստի փորձեցինք ճշտել՝ որքանո՞վ է քննարկվող թեման համահունչ ներքաղաքական կյանքին եւ արդյո՞ք դատապարտում են նրանք արձանագրված բռնությունները:
ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյան. «Սա ամիսներ առաջ որոշված հերթական մեր հանդիպումն է: Եվ եթե երկիրը մտածում է իր բարեկեցության մասին, մեր հավաքն էլ դրան հասնելու հերթական քայլերից է: Սխալ կլիներ այն հետաձգել քաղաքական ոչ հանգիստ վիճակի պատճառով, որովհետեւ կստացվեր մենք կուլ ենք գնում»:
Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյան. «Եթե այսօր չքննարկեինք ստեղծագործական միություններին ու մշակութային քաղաքականությանը վերաբերող խնդիրները, պիտի դուրս գար, որ մենք էս ֆոնին կուլ ենք գնում: Լավ կլիներ, որ բոլորս ամեն ինչ տեղափոխեինք քննարկումների սեղանի շուրջ: Ինչ կարող ենք անել, կյանքը շարունակվում է, կեցցե կյանքը: Պիտի վերջին հաշվով անցնենք նաեւ այս բարիկադների վրայից ու անցնենք հնարավորինս առանց կորուստների: Արդեն հրավիրել ենք մեր նախագահության նիստը, ուր քննարկվել է ներքաղաքական իրավիճակը, ավելին՝ վաղը կամ մյուս օրը գրողներիս մտահոգությունները կարծարծենք նաեւ վեհափառի մոտ… Ցանկացած բռնարարք դատապարտելի է: Չլինի այնպես, որ հասնենք Սարոյան եղբայրների սինդրոմին: Որովհետեւ հենց որդեգրում ենք այդ ախտանիշը, կորուստներ ենք ունենում: Ոչ մեկը չի ների մեզ, եթե շարունակենք կորուստներ ունենալ, բոլորս ենք պատասխանատու կատարվածի համար»:
ՀԳՄ քարտուղար Հովիկ Հովեյան. «Ես ոչինչ չգիտեմ, որովհետեւ էդ դեպքերի ժամանակ բանաստեղծություն էի գրում: Բայց կարծում եմ, որ ընտրությունից ընտրություն՝ թե Ազգային ժողովի, թե նախագահի, բավական երկար ժամանակ է անցել, երկրի իշխանությունները, օրենսդիր ու գործադիր մարմինները պիտի վերլուծություններ արած լինեին եւ չհասցնեին քաղաքական իրադրությունը էն իրավիճակի, որ հետո ստեղծագործական միությունները, հայ առաքելական եկեղեցին, գիտնականն ու բժիշկը հաշտարար ատյանի դեր ստանձնեին: Մենք ուզում ենք զբաղվել մեր պրոֆեսիոնալ գործով, հետեւաբար չենք ուզում պատերազմ, հրահրումներ: Ինչ վերաբերում է բռնություններին, իհարկե՝ ցանկացած բռնարարք դատապարտում ենք:
Բայց մյուս կողմից՝ մեր ընդդիմությունն իրեն դրել է արտասահմանյան մակնիշի մեքենայի տեղ եւ հատում է քաղաքական երթեւեկության հոծ գիծը: Ընդդիմության կողմից էլ կան, չէ՞, ուլտիմատումներ, իսկ ինչո՞ւ ուլտիմատում, ինչո՞ւ են բացառում քաղաքակիրթ երկխոսության տարբերակը, թող գնան- նստեն, գուցե իշխանություններն էլ կոմպրոմիսի գնան: Ճիշտ է, ընդդիմության մեջ էլ լրջմիտ մարդիկ կան, բայց այսօր գործ ունենք ընդամենը ընդդիմության ստվերի հետ: Ընդդիմությունը չի երեւում բոլորաքանդակ իր կերպերով, այլ երեւում է ընդդիմության քսվածքը միայն»:
Բնականաբար, հետաքրքրվեցինք՝ ընդդիմադիր գործիչներից հատկապես ո՞ւմ է լրջմիտ համարում պրն Հովեյանը: «Ոչ մի դեպքում անուններ չեմ տա»,- իրեն հավաքեց ՀԳՄ քարտուղարը:
Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյան (զայրացած տոնով). «Ես ոչինչ չգիտեմ, որովհետեւ գիշերը երաժշտություն էի գրում: Եվ հետո ինձ ավանտյուրաների մեջ մի ներքաշեք.. . Այնպես մի արեք, որ ձեզ (լրագրողներին-Գ.Հ.) այլեւս չսիրեմ: Հենց որեւէ բան իմանամ, նոր կարծիք կհայտնեմ, հենց այնպես որեւէ բան չեմ ուզում ասել…»
Նիկա Բաբայան, պրոդյուսեր. «Ինձ լրիվ այլ բան էին ասել այս հավաքի մասին: Ասել էին, որ կոնկրետ հարցի քննարկում է լինելու, ոչ թե այս շոուն, որը տեղի ունեցավ: Ես եկել էի մշակութային քննարկումների, ինչ վերաբերում է վերջին դեպքերին, ես որեւէ բռնություն կյանքում չեմ կարող ողջունել»:
Փաստորեն, մտավորականության ներկայացուցիչները առայժմ նախընտրում են ընդհանրական արտահայտություններով ու ձեւակերպումներով խոսել՝ առանց իրերն իրենց անուններով կոչելու: Թերեւս սպասում են այն օրվան, երբ վերջնականապես պարզ կլինի, թե կշեռքի որ նժարն է ծանր:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ