«ՀԺ»
թղթակից Հայկ Գեւորգյանի ծեծը ղեկավարում էր անձամբ գեներալ Հովհաննես Վարյանը
Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը լրագրողներն իրենց մասնագիտական պարտքը կատարելու ժամանակ հերթական անգամ բռնությունների ենթարկվեցին: Այս անգամ ամեն ինչ ավելի բացահայտ էր. իշխանությունները կարիք չունեին դիմելու սափրած գլուխների օգնությանը: Արդեն՝ առանց թաքնվելու տարբեր հաստ վզերի ետեւում, ուժայիններն ուղղակի ջարդ կազմակերպեցին: «Օրենքի որեւէ խախտում ոստիկանների կողմից չի արվել: Մենք ազատում էինք տարածքը ագրեսիվ փոքրամասնությունից: Բաղրամյան պողոտայի շրջակա շենքերի բնակիչներին խանգարում էին բարձր երաժշտությունը, աղմուկ-աղաղակը»,- երեկ հայտարարեց «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» ծրագրի հյուրը՝ ոստիկանության փոխգնդապետ Լեւոն Չիբուխչյանը: Եթե այդպես է, ապա նման օրինական եւ ազգանվեր գործողությունները ոչ թե թաքցնել, այլ գովազդել էր պետք: Այնինչ, ամեն ինչ արվում էր «օրինական» գործողությունների լուսաբանումն արգելելու համար: Երեք ծեծված լրագրողներից առնվազն երկուսին ոստիկանները բռնությունների էին ենթարկել՝ հստակ իմանալով նրանց լրագրող լինելը: Մասնավորապես, Ռուսաստանի Առաջին ալիքի հեռուստատեսության օպերատոր Լեւոն Գրիգորյանին ծեծելուց առաջ, նախ խլել են տեսախցիկը, ջարդել, ապա էլեկտրաշոկի ենթարկել: Լեւոն Գրիգորյանը պատմել է, որ սկզբում իրեն ծեծել են քաղաքացիական հագուստով օրգանի աշխատողները, ապա՝ ոստիկանության հատուկ ջոկատը: Ըստ «Ինտերնյուզի» սայթի, Լեւոն Գրիգորյանի հանդեպ կիրառվել է արցունքաբեր գազ: Էլեկտրաշոկի ազդեցության տակ կիսաշունչ եղած օպերատորին գցել են ծառի տակ ու գնացել: Պարոն Գրիգորյանի կինը «Առավոտին» պատմեց, որ նա տուն վերադարձավ ամբողջովին արնաշաղախ վիճակում. «Ամբողջ մարմինն արյուն էր, շորերը լրիվ արյունոտվել էին, հարվածել էին ոչ միայն մարմնին, այլեւ՝ գլխին, դեմքին, քիթն ուռած էր, կապտած: Ակնհայտորեն պրոֆեսիոնալներն էին ծեծել, որ հնարավորինս քիչ հետքեր մնան, բայց առավոտյան արդեն դեմքը լրիվ ուռել էր»:
Անմարդկային ծեծի էր ենթարկվել նաեւ «Հայկական ժամանակ» թերթի թղթակից եւ լուսանկարիչ Հայկ Գեւորգյանը: «Ինձ խփել են լուսանկարելու համար: Խփելը ո՞րն է՝ տշելով մի քանի մետր տարան: Ոստիկանապետի տեղակալ Վարյանն անձամբ խփեց՝ կարող եմ էդպես ասել: Վարյանը՝ 12 հոգու հետ եկավ ուղիղ իմ վրա, լուսանկարչական ապարատը ձեռքիցս խլեց, ես ասեցի՝ պարոն Վարյա՞ն, ինքն էլ ասեց՝ հեսա կտենաս, ու միանգամից իր հետ եկածները առանց մի խոսքի հարձակվեցին վրաս, ու հենց Վարյանի աչքի առաջ, իր հովանավորությամբ սկսեցին խփել դուբինկաներով: Մեջքիս էին խփում, գլխիս, ոտքերիս: Հետո հենց այդտեղից արնաշաղախ գցեցին իրենց «Վիլիսը», կալանավորեցին, տարան Նորքի ոստիկանություն: 1,5 ժամ հետո, երբ տեսան, որ շատ վատ եմ, զանգեցին «Շտապ օգնություն», տարան Նորքի հիվանդանոց»:
Ծեծի ենթարկված մյուս երկու լրագրողները՝ «Հայկական ժամանակի» թղթակից Ավետիս Բաբաջանյանը եւ «Չորրորդ իշխանություն» թերթի թղթակից Մհեր Ղալեչյանը կարծում են, որ իրենց ծեծել են՝ չիմանալով, որ լրագրողներ են: Ա. Բաբաջանյանը մեզ պատմեց, որ իրեն այնքան դաժան չեն ծեծել, որքան Հայկ Գեւորգյանին. «Դուբինկաներով, ոտքով մեջքիս են խփել: Ինձ ու Հայկին նույն մեքենայով տարան ոստիկանություն, հետո թողեցին: Հիվանդանոցում կարճ մնացի: Դատաբժշկական փորձաքննության երեւի չեմ գնա, որովհետեւ չեմ կարծում, թե դա ինչ-որ բան կտա»: Մհեր Ղալեչյանին ծեծել են Բաղրամյան պողոտայում կատարված դեպքերից հետո: Արդեն գիշերվա 3-ի մոտ, ահազանգ ստանալով, որ ձերբակալություններ են ընթանում «Հանրապետություն» կուսակցության շենքում, Մհերը ֆոտոապարատով գնացել է այնտեղ: Նկարահանումներն ավարտելուց հետո ցանկացել է հեռանալ, բայց հանկարծ նրա վրա են հարձակվել «սպեցնազի» չորս ներկայացուցիչ, եւ սկսել մահակներով ծեծել, ապա տարել են Էրեբունու ոստիկանություն: Երեկ օրվա ընթացքում, երբ փորձում էինք տեղեկություններ ստանալ Մհերի մասին, նա դեռ Էրեբունու քաղմասում էր: «Չորրորդ Իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանի խոսքերով, Մհերը մեկուսարանում հացադուլ էր հայտարարել: Օրվա վերջում Մհերին ազատ էին արձակել: Նա կարծում է, որ իր արձակումն արագացրել են, երբ իմացել են, որ լրագրող է:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ