Պաշտոնական աղբյուրներն այդ մասին լռում են
Երեկ գիշեր խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժային կառույցների կողմից կիրառված բռնարարքներից հետո, ոստիկանության աշխատակիցները ներխուժել էին «Հանրապետություն» կուսակցության գրասենյակ եւ բերման ենթարկել այնտեղ եղած բոլոր մարդկանց, այդ թվում՝ ՀՀ ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին, նրա եղբորը՝ Արթուր Հարությունյանին, կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին:
Երեկ արդեն քրեական գործեր են հարուցվել ձերբակալված երկու պատգամավորների նկատմամբ՝ Շավարշ Քոչարյանի՝ զենք պահելու մեղադրանքով, ինչն ի դեպ, ձերբակալության պահին նրան ուղեկցածներից մեկի վկայությամբ, չի եղել, եւ Արշակ Սադոյանի՝ իշխանության յուրացմանն աջակցելու համար: Երկուսին էլ հարցաքննում էին ՀՀ գլխավոր դատախազությունում: Վերջիններիս պաշտպանությունը համապատասխանաբար ստանձնել են փաստաբաններ Տիգրան Ջանոյանն ու Վարդան Զուռնաչյանը: Միայն երեկ ուշ երեկոյան նրանց երկուսին էլ ազատ էին արձակել: Փոխվել էր նրանց խափանման միջոցը: Նույն գիշեր Կենտրոնի ոստիկանական բաժին բերման էր ենթարկվել նաեւ ՀԺԿ մամլո քարտուղար, լրագրող Ռուզան Խաչատրյանը: Երեկ նրա, նաեւ Արտակ Զեյնալյանի նկատմամբ քրգործ է հարուցվել «Արդարություն» դաշինքի անդամների նկատմամբ հարուցված՝ սահմանադրական կարգը տապալելու կոչեր անելու եւ իշխանություններին վիրավորելու անհեթեթ քրգործի շրջանակներում: Ռ. Խաչատրյանի պաշտպանությունն իրականացնում է փաստաբան Աշոտ Սարգսյանը: Ձերբակալված է եղել նաեւ ԱԺ «ԱՄ» խմբակցության պատգամավոր Ալեքսան Կարապետյանը:
Երեկ, բացի «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Հայկ Գեւորգյանից, ոստիկանական բաժին բերման էր ենթարկվել նաեւ «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Մհեր Ղալեչյանը, որին երեկոյան ազատ են արձակել:
Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանի ասելով, ընդհանուր առմամբ դատարաններում վարչական պատասխանատվության ենթարկվողներին պարզապես հնարավոր չէ փաստաբանական ծառայություն մատուցել, փաստաբանները զրկված են նման գործունեություն ծավալելու հնարավորությունից: Ի դեպ, «Առավոտը» երեկ փորձեց ոստիկանական բաժիններից ճշտել, թե իրենց մոտ քանի ձերբակալվածներ կան: Զարմանալին այն է, որ Երեւանի գրեթե բոլոր ոստիկանական բաժանմունքներում մեզ պատասխանում էին, որ կամ չեն կարող տալ, կամ՝ իրենց մոտ ձերբակալվածներ չկան: Մնում էր զարմանալ, թե նախորդ գիշեր ձերբակալվածներին այդ դեպքում ուր են տարել: Պարզվեց՝ թե ուր. իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով, ոստիկանության բաժիններում բերման ենթարկված քաղաքացիներն այնքան շատ են եղել, որ նրանց մի մասին ԵՐԱԶ եւ ՌԱՖ մակնիշի դեղին գույնի պետհամարանիշների ավտոմեքենաներով տեղափոխել են մարզերի ոստիկանական բաժիններ:
Իսկ ոչ պաշտոնական տվյալներով, երեկ վարչական կալանքի են ենթարկվել ընդհանուր թվով 39 հոգի. 3-ը՝ Նշանավան գյուղից, 4-ը՝ Ջրաշենից (այդ թվում 1-ը՝ ազատամարտիկ), 5-ը՝ Դիտակից, 3-ը՝ Այգեստանից (այդ թվում՝ 1-ը ազատամարտիկ), 2-ը՝ Դվինից, 9-ը՝ Էրեբունու համայնքից: Վստահ ենք, որ սա բերման ենթարկվածների եւ ձերբակալվածների ողջ ցանկը չէ: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունն էլ որեւէ պաշտոնական տվյալ չուներ բերման ենթարկվածների, ձերբակալվածների եւ կալանավորվածների մասին:
Երեկ իրավապահները ՀՀ գլխավոր դատախազության հետ համատեղ նաեւ խուզարկություններ են կատարել ոչ միայն ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում, այլեւ՝ ընդդիմադիր գործիչների տանը: Խուզարկություն է տեղի ունեցել մասնավորապես «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի, ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանի բնակարաններում: Իրավապահները փորձում էին խուզարկել նաեւ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի բնակարանը, բայց նրա կինը՝ Վարդուհի Իշխանյանը հրաժարվել էր դուռը բացել: Մենք այնտեղ եղանք այն ժամանակ, երբ իրավապահները հսկում էին շենքի շրջակայքը: Ավելի ուշ նրանք հեռացան, թերեւս, խուսափելով այնտեղ ժամանած լրագրողներից:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ