Եվրամշակում
Այսօր, ըստ «Նոյյան տապան»-ի, Եվրամիության անդամ երկրների դեսպանները
պետք է այցելեն Ռոբերտ Քոչարյանին՝ վերջինիս հրավերով: Թե ինչի մասին կխոսեն
ԵՄ երկրների դեսպանները Քոչարյանի հետ, այդ մասին իհարկե հանրությունը բացարձակապես
ոչինչ չասող տեղեկատվություն կստանա ՀՀ նախագահի մամլո ծառայությունից: Էականը,
սակայն, այդ տեղեկատվությունը չէ:
Հանրությունը, ի հեճուկս փոքրաթիվ այդպես կարծողների, ապուշ չի, եւ հրաշալի գիտի այդօրինակ տեղեկատվության իրական արժեքը: Էականն այստեղ բուն փաստն է, որ Քոչարյանն իր մոտ է հրավիրել հատկապես Եվրամիության անդամ երկրների, այլ ոչ թե, ասենք՝ Բելառուսի կամ Ռուանդայի դեսպաններին: Վերջիններիս Քոչարյանը բացատրելու բան չունի. նրանք միմյանց կես խոսքից են հասկանում: Իսկ այ «օտար մենթալիտետի» կրող եվրոպացի դիվանագետների հետ խնդիր կա: Նրանց՝ այդ «ծանրամիտներին», հարկավոր է հնարավորինս մատչելի ձեւով բացատրել, որ այն, ինչ նախանցած գիշերը տեղի է ունեցել Բաղրամյան պողոտայի վրա, տեղով ժողովրդավարության հաղթանակ է որ կա, եւ ամբողջությամբ բխում է բաց հասարակության ու եվրաինտեգրման շահերից: Իսկ դա, պատկերացրեք, այնքան էլ հեշտ գործ չէ: Ճիշտ է, ԵՄ դեսպանները «օբյեկտիվ» հանգամանքների բերումով ռուսական «ՆՏՎ» կամ հայկական «Ա1+» չեն նայել, «CNN»-ն ու «Euronews»-ն էլ, «բարեբախտաբար», Հայաստանի ներքաղաքական կյանքին գրեթե չեն անդրադառնում: Բայց այս ամենով հանդերձ, այդ «դմբոները» դժվար թե ընկալեն, թե ինչու իրենց երկրներում հակագլոբալիստների սադրած խայտառակ անկարգությունների ժամանակ սովորաբար ավելի շատ տուժում են հենց ոստիկանները, քան իսկապես ագրեսիվ ցուցարարները, մինչդեռ այստեղ՝ քաղաքակրթության բնօրրան Հայաստանում, ոստիկանության՝ մինչեւ ատամները զինված փաղանգները զենքի բոլոր հնարավոր տեսակները դաժանաբար «փորձարկում են» ասֆալտի վրա պառկած խաղաղ ցուցարարների վրա: ԵՄ դեսպաններին թերեւս հարկ կլինի համոզել, որ հայ ցուցարարներն ամենեւին էլ խաղաղ չեն եղել եւ սադրիչ երգերի քողածածկույթի տակ իրականում ռադիոակտիվ ուրան են հարստացրել՝ ՀՀ սահմանադրական կարգը միջուկային ոչնչացման ենթարկելու նպատակով: Նրանց գուցե թե կհավատացնեն, որ աչալուրջ ոստիկանները ռուսական «1-ին ալիք»-ի օպերատորի տեսախցիկը նմանեցրել են ականանետի եւ խոհեմաբար փշրել են այն, իսկ իրեն՝ օպերատորին, շփոթելով միջազգային հայտնի ահաբեկիչ Մուլլա Օմարի հետ, օպերատիվորեն էլեկտրաշոկի են ենթարկել: Դեսպաններին անհրաժեշտ կլինի հավատացնել նաեւ, որ ընդդիմության ակտիվիստները, նստացույցը լուսաբանող լրագրողներն ու առհասարակ այդ խաղաղ միջոցառման բոլոր մասնակիցները լրջորեն սպառնացել են Եվրոպայի երկաթուղիների անվտանգությանը, դրա համար էլ ծեծվել են: Կհավատան թե ոչ Եվրամիության դեսպանները Քոչարյանի այսօրինակ փաստարկներին, դժվար է ասել: Բայց վերջինս մի կարեւոր կռվան էլ ունի: Համոզիչ չգտնվելու դեպքում նա միշտ էլ կարող է ասել. «եթե ինձ չեք հավատում, հարցրեք կոալիցիայի անդամներին, իսկ եթե նրանց էլ չեք հավատում, դիտեք հանրային հեռուստաընկերության նկարահանած կադրերը»: Դրանից հետո ԵՄ-ն երեւի կհավատա նրան:
ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ