ՈՒԶՈՒՄ ԵՍ ԱՄՆ ԳՆԱԼ՝ ԹՈ՛Ղ ՄԱՏՆԱՀԵՏՔԴ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժինը հյուպատոս Լիլի Քոժիերի գլխավորությամբ երեկ հանդիպում էր կազմակերպել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ՝ կապված դիմորդների մատնահետքերի հանձնման գործընթացի հետ։ Այս տարվա մարտի 31-ից ԱՄՆ մուտքի ոչ ներգաղթային արտոնագրի դիմորդների գերակշիռ մասը հարցազրույցի ժամանակ սկսել է հանձնել մատնահետքեր։ «Լուսանկարը եւ մատնահետքը ընտրվել է այն պատճառով, որ «առավել արդյունավետ եւ կիրառելի չափորոշիչ է»,- գտնում է ամերիկյան կողմը։ Մատնահետքերը վերցնում են առանց թանաքի օգնության։ ԱՄՆ մեկնել ցանկացողները իրենց երկու ցուցամատը հպում են հյուպատոսի դիմաց դրված թվային պատճենահանող սարքին՝ մինչ հարցազրույցը սկսելը։ «Առավոտի» այն հարցին, թե որքանով է տրամաբանական, որ դիմորդների լուսանկարները եւ մատնահետքերը վերցվում են մինչ հարցազրույցը, երբ դրանից հետո շատերը կարող են եւ մերժվել, տիկին հյուպատոսը պատասխանեց, որ այն վերցվում է սահմանված կարգով եւ նպատակն է հայտնաբերել ահաբեկիչներին, քրեածին տարրերին։ Ի դեպ, միայն մարտին Ամերիկայի դեսպանատուն է դիմել 774 դիմորդ եւ վիզա է տրվել միայն 363-ին։ Տեղեկացանք նաեւ, որ 2003թ. 11873 դիմորդներից վիզա է տրվել 5029-ին։ Հաջորդ հարցին, թե բոլո՞ր դիմորդների մատնահետքերն ու լուսանկարները պետք է վերցվի հարցազրույցից առաջ, պարզվեց՝ որ ոչ։ «Արտոնություն ունեն մինչեւ 14 տարեկանները, 79-ից բարձր անձինք, դիվանագիտական վիզա ունեցողները եւ նրանք, ովքեր մեկնում են աշխատելու միջազգային կազմակերպություններում։ Մի «մարդասիրական» վերապահում էլ կա նրանց նկատմամբ, ովքեր «մեկնում են շտապ բժշկական օգնության»։ ԱՄՆ մեկնող հայ քաղաքացիները մինչեւ 2004թ. հոկտեմբերի 26-ը պետք է հանձնեն «կենսաբանական չափորոշիչները»։ Այն հարցին՝ եթե քաղաքացին ցուցամատ չունի եւ կամ ծանր այրվածքներ ունի, ինչպե՞ս պետք է վարվի, տեղեկացրին, որ ըստ հրահանգի սահմանված է, թե որ մատը կդնի պատճենահանող սարքի վրա։ Եվ կամ կսպասի այնքան, մինչ լավանա այրված ցուցամատը։ Ռ. Մ.