Լրահոս
Օրվա լրահոսը

Էժան կտամ, լավը կտամ

Ապրիլ 13,2004 00:00

Էժան կտամ, լավը կտամ 2001-03թթ. բուժհաստատությունները մասնավորեցվել են շուկայականից անհամեմատ ցածր գներով։ Այս եզրակացությանն է հանգել ԱԺ վերահսկիչ պալատն իր ուսումնասիրություններից հետո։ Ըստ դրանց, վերոհիշյալ ժամանակահատվածում մասնավորեցված 31 պետական բուժհիմնարկների բաժնեմասը գնահատվել է 1660,3 մլն դրամ, սակայն ուղղակի վաճառքի ձեւով կատարված գործարքի ժամանակ ընդհանուր արժեքը կազմել է 592,7 մլն դրամ կամ գնահատվածի 35,7%-ը։ Ընդ որում, այդ բուժհաստատությունների մեծ մասը խոշորագույն առողջապահական ընկերություններ են՝ «Էրեբունի», «Մալաթիա» բժշկական կենտրոնները, Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտը, «Նաիրի» բուժառողջարարական միավորումը եւ այլն։ Քանի որ պետությունն այդ հաստատությունների հանդեպ կուտակել էր աշխատավարձի եւ այլ պարտքեր, ուստի հնարավորություն է տրվել մասնավորեցնել դրանք աշխատավորական կոլեկտիվներին՝ գնահատված արժեքի 25%-ով։ Իսկ եթե մասնավորեցնողը մեկ անձ է, ապա նա վճարել է արժեքը՝ առանց պետության ունեցած պարտքի։ Մեր տվյալներով, պարտքը միջին հաշվով կազմել է գնահատված արժեքի շուրջ 70%-ը, իսկ բուժհիմնարկները գնվել են $80-120 հազարով։ Պետական բաժնետոմսերի միանձնյա սեփականատեր դառնալու ցանկություն 31-ից հայտնել է միայն «Մալաթիա» ՊՓԲԸ տնօրեն Արմեն Մելիքյանը։ Մնացած տեղերում արժեքի 25%-ով մասնավորեցրել են աշխատողները։ Սակայն դրանից որոշ ժամանակ անց իրենց բաժնետոմսերը վաճառել են տնօրինությանը։ Մի պարզ պատճառով՝ պետությունը թեեւ մարում է աշխատավարձի պարտքերը, բայց՝ դանդաղությամբ։ Հենց դա էլ պատճառ է հանդիսացել, որ բուժաշխատողները ստիպված լինեն փոխել իրենց «ապառիկով» աշխատավարձն ու անորոշ «դեվիդենդները» թեկուզեւ քիչ, բայց կանխիկ գումարի հետ։ Արդյունքում, որոշ հիմնարկներում միանձնյա սեփականատերեր են դարձել տնօրենները, իսկ, օրինակ, «Էրեբունի» բժշկական կենտրոնում բաժնետերերը մի քանիսն են։ Ընդ որում, մասնավորեցման սկզբից եւեթ պետությանը վճարելով իրենց աշխատանքային կոլեկտիվի 25%-ի դիմաց, տնօրենները հետո ստիպված են եղել կրկին գնել նույն 25%-ը, այժմ էլ՝ կոլեկտիվից։ Ստացվում է՝ մասնավորեցում գնահատված արժեքի 50 %-ով։ ԱԺ վերահսկիչ պալատում կարծում են, որ այսպես շարունակվել չի կարող եւ պետք է վերանայել առողջապահական ոլորտում մասնավորեցման գործընթացը, վաճառքի համար սահմանելով անհամեմատ բարձր գին։ Իսկ առողջապահական համակարգում ռազմավարական հետազոտությունների գիտական կենտրոնի տնօրեն Տիգրան Ներսիսյանը գտնում է, որ այդ բուժհիմնարկներում կադրերից զատ արժեքավոր ոչինչ չէր մնացել եւ ավելի բարձր գին տվող ուղղակի չէր գտնվի։ Սակայն խոսքը գնում է շենքի իրական արժեքի կեսը վճարելով սեփականատեր դառնալու «տրյուկի» մասին։ Ճիշտ է, օրենքը չի խախտվում կոլեկտիվին 25%-ով մասնավորեցնելով։ Սակայն ով կկասկածի, որ մասնավորեցման ժամանակ բուժհիմնարկների տնօրենները տեղյակ չէին թե՛ պետության՝ պարտքեր վճարելու հնարավորությունից եւ թե՛ նման դեպքերի համար մասնավորեցման օրենքում սահմանված արտոնությունից։ Ավելին, աշխատանքային կոլեկտիվի ո՞ր անդամն է «առյուծի սիրտ կերել», որ ընդդիմանա տնօրենի ցանկությանը եւ նրա պահանջի դեպքում չվաճառի իր բաժնետոմսը։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել