ԿՈԱԼԻՑԻԱՆ ԵՎՍ «ԲՈՅԿՈՏԵՑ» ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ «Արհեստական լարումներից խուսափելու համար» «Քաղաքական արհեստական լարումներից խուսափելու նպատակով ՀՀԿ, ՕԵԿ եւ ՀՅԴ պատգամավորական խմբակցությունները նպատակահարմար չեն համարում իրենց մասնակցությունը ապրիլի 12-14-ի եռօրյայի աշխատանքներին։ Միաժամանակ կոալիցիան վճռականորեն վերահաստատում է նախապես արտահայտված իր քաղաքական դիրքորոշումները»,- այս հայտարարությունը երեկ հրապարակեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը։ Ըստ էության, կոալիցիան եւս բոյկոտեց խորհրդարանի աշխատանքները, թեպետ իրենց՝ կոալիցիոն գործիչների գնահատմամբ սա ամենեւին էլ բոյկոտ չէ, այլ՝ տվյալ պահի համար ըստ իրենց՝ ճիշտ որոշում։ «Ժողպատգամավոր» խումբը եւ ՄԱԿ խմբակցությունը երեկ մասամբ գրանցվել էին եւ կոալիցիայի կատարած քայլի մասին իրենց սեփական տեսակետն ունեին։ ՄԱԿ պատգամավորական խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանն ասաց, թե իրենք աշխատավարձ են ստանում եւ եկել են աշխատանքի։ «Առավոտը» կոալիցիայի քայլի մասին փորձեց ստանալ Գուրգեն Արսենյանի գնահատականը. «Կոալիցիայի պահվածքի նկատմամբ գնահատականները ստացեք կոալիցիայից»։ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը կոալիցիայի որոշումը գնահատելու մտադրություն չուներ, պարզապես հիշեցրեց, որ ընդդիմության բոյկոտից հետո իրենց խումբն առաջինն էր, որ հանդես եկավ երկխոսության առաջարկով. «ցանկացած քաղաքական առումով կոշտացում, մեզ համար միշտ էլ անընկալելի է եղել եւ անընդունելի։ Եվ այսօր նույնպես անընկալելի է։ Քանզի մենք ունենք մի փոքր երկիր եւ բազմաթիվ փորձությունների շրջանում գտնվելով եւ տնտեսական ամուր բազա չունենալու պայմաններում մենք բավականին խոցելի եւ թափանցիկ կարող ենք լինել»։ Կարեն Կարապետյանն այս իրավիճակում տեսնում է մեղքի նաեւ իրենց բաժինը եւ առաջարկում է, որ իշխանության կուսակցությունները եւս ընդունեն իրենց մեղքի բաժինը. «որովհետեւ եթե խորհրդարանից օտարվում է մի մարմին՝ իբրեւ ընդդիմություն, մտածելու բան ունենք, ուրեմն ճիշտ չենք աշխատել»։ Կարծիքներ են հնչում, որ ՀՀ գլխավոր դատախազն առաջիկայում խորհրդարան կգա՝ առաջարկելով ընդդիմադիր մի շարք պատգամավորների զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից։ Եթե նման բան տեղի ունենա, ինչպիսի՞ դիրքորոշում կունենա «Ժողպատգամավոր» խումբը։ Խմբի ղեկավարը գտնում է, որ նման հարց կարելի է քննարկել միայն քրգործի շրջանակներում, իսկ քաղաքական հարթությունում նման առաջարկները միանշանակ մերժելի են. «մարդիկ իրենց ելույթների եւ կարծիքի համար չպետք է կալանավորվեն։ Մենք այլընտրանք չունենք, պետք է գործենք ժողովրդավարության շրջանակներում»։ Մենք տեղեկություններ ունենք, որ կոալիցիայի՝ խորհրդարանի աշխատանքները տապալելու մասին որոշմանը նաեւ նախնական քննարկման ժամանակ ՄԱԿ-ը եւ «Ժողպատգամավորը» դեմ են արտահայտվել։ Խորհրդարանի աշխատանքի իրենց երեկվա բոյկոտը ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը հետեւյալ կերպ մեկնաբանեց. «Կոալիցիան վճռականորեն վերահաստատում է իր քաղաքական դիրքորոշումները, որոնք արտահայտել է նախապես, այդ թվում նաեւ հայտարարությունների մեջ։ Սա նշանակում է, որ մենք վերահաստատում ենք նաեւ մեր մեկնած ձեռքը՝ բանակցություններ կազմակերպել, կլոր սեղաններ եւ քննարկումներ բոլոր հարցերի շուրջ»։ Վահան Հովհաննիսյանը համաձայն չէր իրենց քայլը որպես բոյկոտ գնահատելու լրագրողների հարցին։ Իսկ եթե գլխավոր դատախազը որոշ պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու առաջարկով մտնի խորհդարան, իսկ խորհրդարանը փաստորեն նիստեր չի անելու. «դա կարող է առաջանալ ցանկացած պահի, եւ եթե նման անհրաժեշտություն առաջանա, դժվար չէ։ Ընդամենն ասված է, որ նպատակահարմար չենք գտնում նիստերին մասնակցել»։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը գնահատելով իրենց կատարած քայլը, ասաց, թե մի քանի օր շարունակ քննարկվում էին մի շարք տարբերակներ եւ երեկ ընտրվել է այս տարբերակը։ Իրենց այս քայլից հետո Գալուստ Սահակյանը բացառում է որեւէ այլ լարվածություն. «Այսօր մենք չենք մտածում մեթոդների մասին, այլ մտածում ենք մեր հայրենակիցների եւ ժողովրդի մասին։ Կարծում եմ, սա մեթոդներից մեկն է, որ ավելորդ լարվածությունը պետության ներսից ի չիք կդառնա»։ Գալուստ Սահակյանն ասաց, թե իրենք ԱԺ շենքից չեն հեռանա այնքան, որքան հարկավոր կլինի։ Սակայն երբ հանրահավաքի մասնակիցները խաղաղ երթով հասնելով ԱԺ-ի մոտ պահանջեցին, որ պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանին, Սմբատ Այվազյանին, Գրիգոր Հարությունյանին եւ Գագիկ Կոստանդյանին թույլատրվի մտնել ԱԺ՝ հանրահավաքի պահանջները ներկայացնելու ԱԺ նախագահին, ուժային կառույցները մի կողմից, ԱԺ աշխատակազմը՝ մյուս կողմից, խոչընդոտեցին պատգամավորների մուտքը ԱԺ։ Այդ ամբողջ ընթացքում ԱԺ-ում էին մի քանի հանրապետականներ՝ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ, նաեւ՝ «Ժողպատգամավորը» եւ ՄԱԿ-ը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Հ. Գ. Ուշ երեկոյան պարզվեց, որ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը համաձայնվեց այսօր առավոտյան հանդիպել ընդդիմության ներկայացուցիչների հետ: