Նա
կհամալրի՞ վերահսկելի գործարարների բանակը
Երեկ ռադիոտանը տեղի ունեցած ասուլիսում ռուսական էստրադայի աստղ Ավրաամ Ռուսոն հայտարարեց, որ այսուհետեւ համագործակցելու է Հ1-ի հետ, Հայաստանում էլ հիմնվելու է «Rousso Production» ընկերություն: Արդյունքում՝ մայիսի 2-ին երգիչը հանդես կգա մենահամերգով, 16-ին՝ Վալերիան, իսկ կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը Երեւանում համերգ կունենա:
Լրագրողների հետաքրքրությանը, թե ինչու է հատկապես Հայաստանն ընտրել իբրեւ գործարար ունակությունների փորձադաշտ, Ռուսոն պատասխանեց. «Այստեղ կան կոնկրետ առաջարկներ եւ ազդեցիկ մարդիկ, որոնց հետ հաճելի կլինի աշխատել: Ի դեպ, այս համագործակցությունը կարող էր ավելի վաղ լինել կամ չլինել…»: Երգիչը տեղեկացրեց, որ այստեղ կհամագործակցի «Հայրապետյան եղբայրների» եւ ամերիկյան մի ընկերության հետ:
Նախ Հայաստանում կկազմակերպվեն համերգներ՝ ռուս աստղերի մասնակցությամբ, ապա «ռասկրուտկա» կարվեն հայ երգիչ-երգչուհիները: Բայց Ռուսոյի բառերով, միայն նրանք, որոնցից «դեռ նավթալինի հոտ չի գալիս»: «Rousso Production»-ի շրջանակներում կգործի նաեւ վարսավիրանոց, սրճարան, հանգստի եւ զվարճանքի համալիր, հագուստի սրահ եւ այլն:
Ռուսոն համակրանքով խոսեց հատկապես Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի մասին՝ նրան համարելով իր մտերիմ ընկերը, ասաց, որ լիովին վստահում է նրան, թեեւ տեղյակ է, որ շատերը Հայաստանում երգիչների հետ վատ են վարվում, հրավիրում՝ չեն վճարում եւ այլն: Ռուսոն պայմանագրեր ունի հունգարացի, անգլիացի ու գերմանացի կոմպոզիտորների հետ, առաջիկայում համերգներով հանդես կգա Արեւելյան Եվրոպայում: Օրերս երաժշտասերների դատին անգլերենով կներկայացվի ռուսական երգերի նոր ալբոմ, ուր զետեղված կլինի նաեւ հայտնի «Մերձմոսկովյան գիշերները»:
Իր հայկական ծագման մասին հարցը Ռուսոն դիվանագիտորեն շրջանցեց: «Ում պետք է, գիտի՝ գիտի որ հայ եմ, ում պետք չէ, ինձ հայ չի համարում»,- ասաց նա: Խնդրեցինք մեկնաբանել ռուսաստանյան եւ հայաստանյան մամուլում հրապարակված իրեն ծեծելու վերաբերյալ լուրերը. արդյո՞ք դրանք որեւէ կապ ունեին այս սկսվելիք համագործակցության հետ: «Ես նույնիսկ չգիտեի, որ երբեէ կաշխատեմ Հայաստանում: Այդպես ստացվեց նաեւ Մոսկվայում աշխատելս, ուր մտադիր չէի մնալ եւ ռուսերեն բառ անգամ չգիտեի, բայց մնացի… Մի բան կասեմ՝ ես անկախ եւ ազատ մարդ եմ, ոչ մամուլը, ոչ էլ որեւէ մեկը չի կարող պարտադրել, որ անեմ այն, ինչ չեմ ուզում»,- պատասխանեց երգիչը:
Ռուսոն տեղեկացրեց, որ երգում է մի շարք լեզուներով, այդ թվում՝ պարսկերեն, հունարեն, ֆրանսերեն, մտադիր է երգել նաեւ հայերեն: Գտնում է՝ բոլոր լեզուներն էլ գեղեցիկ են յուրովի, բայց ավելի մոդայիկ է անգլերենը: «Ռուսերենը, օրինակ, կարծես ստեղծված լինի ռոմանսներ երգելու համար: Հայերենով գեղեցիկ են հնչում հին հայկական ազգային երգերը, որոնք այսօր աղավաղվել են՝ իբր նոր շունչ են տվել: Երեկ նման մի ձայներիզ լսեցի ու մտածեցի, որ երգերն այդկերպ աղավաղողներին հրապարակում կախելն էլ քիչ է»,- ասաց նա:
Սիրում է կանանց, իրեն համարում է կանանց գիտակ եւ պրոֆեսիոնալ՝ քնքուշ սեռի հարցում: Քրիստինա Օրբակայտեի հետ դուետը, ըստ Ռուսոյի, ճիշտ քայլ էր ժամանակին, այժմ այն անցած փուլ է եւ նոր, համատեղ երգեր այլեւս չեն լինի: Փոխարենը հնարավոր է առաջիկայում տղամարդ երգչի՝ Իոսիֆ Պրիխոժինի հետ զուգերգով հանդես գա:
«Ես միշտ բաց եմ բոլորի առջեւ, կարեւորը՝ երբեք չեմ խաբում, ինչը հիմա հաճախ է հանդիպում շոու-բիզնեսում»,- հանդիպման վերջում հավաստիացրեց Ավրաամ Ռուսոն ու խոստացավ հայերին հուսախաբ չանել:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ