Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒՍԸ՝ ՄԵԿԻ ՄԵՋ

Ապրիլ 13,2004 00:00

Ընդդիմության հանրահավաքը՝ «Գայանե» բալետի հանդիսատեսի աչքերով

Շաբաթ օրը Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում «Գայանեի» պրեմիերան էր: Երեկոյան ժամը 7-ին: Իսկ 6-ին Օպերայի հրապարակում սկսվել էր ընդդիմության հանրահավաքը: Հակառակ նախագահ Քոչարյանի պնդման, թե անկայուն վիճակում տրամադրություն չի լինի թատրոն այցելելու, մարդիկ շատ բարձր տրամադրությամբ գնում էին բալետ նայելու: Ճիշտ է, ծառայողական մուտքից:

Դահլիճը լեփ-լեցուն էր, ճիշտ այնպես, ինչպես թատրոնի վերաբացումից հետո՝ բոլոր ներկայացումների ժամանակ: Շաբաթ օրվա ներկայացումն էլ շատ լավ տպավորություն թողեց: Հատկապես հաճելիորեն զարմացրեց նվագախումբը՝ Կարեն Դուրգարյանի գլխավորությամբ: Ընդհանրապես, մեր օպերային նվագախումբը, դեռեւս խորհրդային շրջանից, թատրոնի ամենախոցելի օղակներից էր: Եվ ուրախալի է, որ գլխավոր դիրիժորի եւ նորացված, երիտասարդ երաժիշտների ջանքերով այստեղ զգալի առաջընթաց է նկատվում:

«Գայանեի» սյուժեն հայտնի է. սիրային եռանկյունի՝ Գայանե-Արմեն-Գիքո: Գայանեն սիրում է Արմենին եւ պարբերաբար մերժում է Գիքոյին: Վերջինս այդ հանգամանքից խիստ զայրացած՝ մերթընդմերթ հանում է դաշույնը՝ ակնհայտորեն ապօրինի գործողությունների մտադրությամբ: Դաշույնի սպառնալիքով էլ ավարտվեց բալետի առաջին գործողությունը:

Ընդմիջմանը քաղաքացիական հագուստով մարդիկ չէին թողնում, որ հանդիսատեսները երկրորդ հարկից հետեւեն հանրահավաքին՝ «եթե ուզում եք նայել, գնացեք առաջին հարկ»: Հավանաբար մտավախություն ունեին, որ բալետի առավել «պետականամետ» սիրահարները վերեւից ձու են նետելու: Իսկ առաջին հարկում կարելի էր մոտենալ փակ դռներին եւ տեսնել ընդդիմության լիդերներին (մեջքից): «Նայենք՝ հաշիվը քանիս է ու գնանք ներկայացում նայելու»,- ասաց մի երիտասարդ: Հաճելի արտաքինով տարեց մի կին այդքան ցինիկ չէր. «Չեք պատկերացնում, թե որքան երջանիկ եմ: Վերջապես հնարավորություն ունեցա իմ արքայազնին (կինն ասաց՝ «ցարեւիչին») մոտիկից տեսնել»: Խոսքը, բնականաբար, Ստեփան Դեմիրճյանի մասին էր: Սակայն նրա սիրո արտահայտություններին դռնից այն կողմ արձագանքեց միայն Ալբերտ Բազեյանը:

Սկսվեց երկրորդ գործողությունը, որի վերջում Գիքոն, ստանալով Գայանեից հերթական մերժումը, մի հուզական մռնչոց արձակեց եւ փախավ բեմից: «Երեւի գնաց միտինգի»,- ենթադրեցին հանդիսատեսները: Բայց Գիքոն շատ արագ վերադարձավ եւ՝ ոչ մենակ, այլ իր թիկնապահներով, որոնց սափրած գլուխներին փափախներ կային: Գայանեին առեւանգելու փորձ արվեց։ Այդ հերթական ապօրինի գործողությունները շատ օպերատիվ կերպով կանխվեցին կոլխոզի աշխատավորների կողմից։ Նրանք խլեցին դաշույնը Գիքոյի ձեռքից, որով եւ ավարտվեց երկրորդ գործողությունը:

Ընդմիջմանը տեսանք, որ ելույթներ այլեւս չկան եւ հրապարակում մարդիկ պարում էին զուռնայի նվագի տակ: Շատ լավ պարում էին: Ոմանք ենթադրեցին նույնիսկ, որ դա նույն կորդեբալետն է՝ միայն թե քաղաքացիական հագուստով: Իսկ երրորդ գործուղությունն անցավ առանց արկածների՝ «Լեզգինկա», «Ուզունդարա», «Սուսերով պարը», մի խոսքով՝ այն ամենը, ինչի համար մենք, ինչպես նաեւ ամբողջ աշխարհը, սիրում ենք Արամ Խաչատրյանին:

Երեկոյան ժամը 10-ին դուրս եկանք Թատերական հրապարակ՝ գլխավոր մուտքից: Հանրահավաքն ու համերգն ավարտվել էին: Աստիճաններին նստած էր մի քանի տասնյակ մարդ: Մոտենում էր Զատիկը: Դե, գիտեք այդ պատմությունը: Երուսաղեմի ոստիկանապետ Պիղատոսը կանչել էր Վարդապետին պրոֆիլակտիկ զրույցի, որից հետո որոշել էր Նրա հարցը դնել համաժողովրդական հանրաքվեի: Իսկ ժողովուրդը, ինչպես հայտնի է, երբեք չի սխալվում: Բայց դա ուրիշ պատմություն է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել