Բազեական ուսխուրհուրդն այլեւս եղանակ չի ստեղծում ԵՊՀ-ում
Երեկ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում նախատեսված էր Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի հանդիպումը՝ բուհի ավարտական կուրսի ուսանողների հետ: Հանդիպմանը մնացել էր 5 րոպե, սակայն դահլիճում միայն լրագրողներն էին եւ մի քանի դասախոսներ, որոնք արագ-արագ ինչ-որ տեղեր էին զանգում ու հայտնում, որ «դահլիճը դատարկ է, հիմա հյուրերը կգան», «իզուր կազմակերպումը թողեցինք ուսխորհրդի հույսին»: Եվ երբ ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը հյուրի հետ մտավ դահլիճ եւ շվարած կանգնեց՝ տեսնելով գրեթե դատարկ դահլիճը, դասախոսներին այլ բան չէր մնում, քան լսարաններից հավաքել-բերել տարբեր կուրսերի ուսանողների: Իսկ նրանք, ում ավելի մոտ էր քաղծառայության խորհրդի դուռը թակելու «սպառնալիքը», այդպես էլ չներկայացան: Իսկ Մանվել Բադալյանը խորհուրդ էր տալիս, որ պետք չէ ամեն ինչին թերահավատորեն նայել, թե ստեղծվել է հերթական կառույցը, որը ոչինչ էլ չի անի. «Եթե այդպես մտածենք, իսկապես ոչնչի չենք հասնի»:
ԵՊՀ դասախոսներից տիկին Առաքելյանը քաղծառայության խորհրդի նախագահին իր կյանքից մի օրինակ բերեց, երբ հարկային ծառայողի պաշտոնի հավակնորդներից ընտրվել էր մասնավոր բուհն ավարտած 25-ամյա մեկը, որին գերադասել էին 100 միավոր վաստակած, դատական համակարգում 10 տարվա աշխատանքային փորձ ունեցողից: Իսկ հարցազրույցի ժամանակ հարկային ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը վերջինիս միայն զարմացած հարցրել էր՝ չեմ հասկանում, ինչո՞ւ եք ձեր համակարգը թողած եկել այստեղ: «Ես կարող եմ ափսոսել միայն, քանի որ դա մեր բնագավառում չէ, եւ հարկային ծառայությունն ինքն է դրա կազմակերպողը»,- փաստի առնչությամբ ասաց Մ. Բադալյանը: Իսկ մեր հարցին, թե արդյոք քաղծառայության խորհուրդը վերահսկողություն չի՞ սահմանում նման անարդարացի դեպքերը բացառելու համար, պրն Բադալյանը պատասխանեց. «Հարկային ծառայության մասին» օրենքով իրենց թափուր պաշտոնների մրցույթը կազմակերպվում է մարմնում, չենք վերահսկում այսօր, բայց հետագայում միգուցե կգանք նաեւ դրան»:
Մ. Բադալյանը նաեւ փաստեց, որ կան օրինակներ, երբ գերատեսչական մարմնի ղեկավարները միջնորդություն են ներկայացրել խորհրդին՝ այս կամ այն քաղծառայողին աշխատանքից ազատելու մասին, եւ իրենք, ուսումնասիրելով հանգամանքները, մերժել են միջնորդությունը: Սակայն կան նաեւ դեպքեր, երբ ընդունել են միջնորդությունը. մասնավորապես՝ բնապահպանության նախարարության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների դեպքում: Ինչ վերաբերում է քաղծառայության մրցույթներում հանձնաժողովի դրսեւորած սուբյեկտիվության դրսեւորումներին, քաղծառայության խորհրդի նախագահը այդ դեպքերը ընդունեց եւ նշեց, որ նման փաստերը բացառելու համար պետք է հասնել նրան, որ մրցույթի արդյունքում հաղթի մեկը: Միաժամանակ պրն Բադալյանը նշեց, որ այդ հարցում չի շտապում. «Ես չեմ շտապում մրցույթի արդյունքում մեկ հաղթողի հասնելուն, որովհետեւ դա էլ ունի իր դժվարությունները: Մենք այսօր այդ քայլին պատրաստ չենք, անկեղծ ասած, որովհետեւ դա պահանջում է նաեւ հստակ չափորոշիչներ, կատարյալ մեխանիզմներ, որպեսզի կարողանանք բացահայտել լավերից լավին: Այսօր կարողանում ենք լավերին բացահայտել, բայց լավերից լավագույնին… մենք դեռ լուծելու խնդիրներ ունենք: Հիմա հստակեցվում են չափորոշիչները, կատարելագործվում են տեստային առաջադրանքները, հարցաշարերը»: Եվ մինչ այս հարցում Մանվել Բադալյանը սկսի շտապել, կլրանա իր պաշտոնավարման 6 տարին եւ նա էլ իրեն նշանակած ՀՀ նախագահի հետ հանգիստ կհեռանա իր պաշտոնից:
ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ