ԼԱՎ ԵՆ ԱՆՈՒՄ
Ինձ պարբերաբար (սովորաբար երկուշաբթի օրերը) ընթերցողներ են զանգում եւ
պատմում, թե ինչ է կիրակնօրյա «Հայլուրը» մեջբերում «Առավոտից»: Ճիշտն ասած,
այդ հաղորդումը չեմ նայում, որովհետեւ քարոզչությունը (որեւէ մեկի կողմ կամ
դեմ) ինձ բացարձակապես չի հետաքրքրում: Բայց ինձ ասում են, որ «Հայլուրը»
«Առավոտից» վերցնում է միայն Քոչարյանին ձեռնտու արտահայտություններ եւ շրջանցում
ոչ ձեռնտուները: Լավ են անում՝ ազատ երկիր չե՞նք: Կրկնեմ, որ մեր գործը ընթերցողին
տեղեկատվություն տրամադրելն է՝ մնացածը (մեկին՝ ճիշտ, մյուսին՝ սխալ հանելը)
թողնում ենք գործընկերներին: Օրինակ, եթե մենք գրում ենք՝ «Կոտայք»-«Դինամո-Զենիթ»
հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1», ապա շատ բնական է, որ «Կոտայքի» երկրպագուները
դա մեջբերելու են հետեւյալ կերպ՝ «ըստ «Առավոտի», «Կոտայքը» գոլ խփեց «Դինամո-Զենիթի»
դարպասը»: Այնպես որ, «Հայլուրի» հարցով խնդրում եմ ինձ չզանգել:Իսկ, ընդհանրապես,
ես հավանում եմ «Հ1»-ի մի շարք հաղորդումներ: Օրինակ, Իսպանիայի ֆուտբոլի
առաջնությունը: Այ, այստեղ իսկապես հուզիչ իրադարձություններ են:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ